Ներքին 4 տարի առաջ - 11:43 04-02-2022

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջն այսուհետ կկրի Շառլ Ազնավուրի անունը

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջն այսուհետ կրելու է աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը: Այս մասին տեղեկանում ենք քոլեջի տարածած հաղորդագրությունից:

«2018 թվականին Երևանի մշակույթի պետական քոլեջը դիմել էր «Ազնավուր» հիմնադրամին և Ազնավուր ընտանիքի անդամներին` քոլեջը Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու խնդրանքով։ Տևական գործընթացի արդյունքում անվանափոխության մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության կողմից: Քոլեջի զարգացման և արդիականացման նպատակով կնքվեց նաև հուշագիր ՀՀ ԿԳՄՍՆ-ի և «Ազնավուր» հիմնադրամի միջև»,- նշված է հաղորդագրության մեջ:

Քոլեջի ղեկավարությունը հավատացած է, որ այսուհետ քոլեջը միայն վերելք է ապրելու ոչ միայն գիտական, կրթական, այլև մշակութային ու ստեղծագործական ոլորտում:

«Որպես այս ուսումնական հաստատության ղեկավար՝ իմ գործունեությամբ հնարավորինս կնպաստեմ, որ ուսումնական հաստատությունն ունենա առաջընթաց և ավելի ներկայանալի դառնա։ Բնականաբար, շատ անելիքներ ունենք, որոնք մենք բազմիցս քննարկել ենք և՛ նախարարության, և՛ հիմնադրամի հետ, բայց չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել։ Միայն կարող եմ ասել՝ այդ անելիքների կծիկն արդեն մեր ձեռքում է, որի թելի ծայրից բռնել ենք միասին։ Ոգևորիչ է այն փաստը, որ «Ազնավուր» հիմնադրամն իր ողջ ներուժով և հնարավորություններով պատրաստակամ է աջակից լինելու այս ուսումնական հաստատության վերակազմակերպման և նոր ակադեմիական հարթակ ստեղծելու գործին։ Շնորհավորում եմ բոլորին»,- նշել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։

«Շառլ Ազնավուրի կյանքն ու կարիերան բազում երիտասարդների են ոգեշնչել ողջ աշխարհում: Նրա անցած ուղին բարդ էր և լի փորձություններով, որոնք նա կարողացավ հաղթահարել իր աշխատասիրության շնորհիվ: Մենք լիահույս ենք, որ Շառլ Ազնավուրի անունը կրող քոլեջում իրենց մասնագիտական ուղին կսկսեն ապագա աշխարհահռչակ արտիստներ, ռեժիսորներ, դերասաններ: Շնորհավորում ենք բոլորիս այս անվանակոչության առթիվ և մաղթում քոլեջին բարգավաճում»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը:

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը ստեղծվել է Երևանի մշակույթի պետական քոլեջի և ջազային արվեստի պետական քոլեջի միավորման արդյունքում: Քոլեջում միջին մասնագիտական կրթություն է ստանում շուրջ 650 ուսանող` տասից ավելի մասնագիտական ուղղություններով:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie