Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 31-ին Ա. Հ.-ն ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ․ մարտից մինչև 2021թ․ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ-ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս: Ըստ նույն աղբյուրի՝ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով, երկաթյա տաք խաղալիքով՝ այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:
Այս լուրի հրապարակումից հետո սոցցանցերում տարբեր օգտատերեր թերահավատորեն են մոտենում նյութում շարադրված իրադարձությունների իրական լինելուն, քանի որ Պակիստանը աշխարհում միակ երկիրն է, որը Հայաստանը որպես պետություն չի ճանաչում, և ենթադրվում է, որ այդ երկրի քաղաքացիները ազատ ելումուտ չէին կարող ունենալ Հայաստան, դա շատ դժվար մի բան պետք է որ լինի։
Թեմայի առնչությամբ Oragir.news-ը զրուցել է Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի հետ՝ հարցնելով, թե ինչպե՞ս կարող են Պակիստանի քաղաքացիները գալ Հայաստան․
«Պետություններ կան, որոնց քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն են ուզում մուտք գործել, այսինքն՝ եթե այդ պետության համար սահմանված է մուտքի վիզայի ռեժիմ, ապա 2 տարբերակ կա․ մեկն այն է, որ գալիս, սահմանին են ստանում վիզա, մյուսն այն է, որ չեն կարող սահմանին վիզա ստանալ, այդ պետությունների քաղաքացիներին պետք է այստեղից հրավեր ուղարկեն, իրենք մտնեն որևէ երկրի դեսպանատուն, հաշվի առնելով, որ Պակիստանը ՀՀ-ում չունի դեսպանատուն, ինչ-որ մի երկրում մտնեն Հայաստանի դեսպանատուն, մուտքի վիզա ստանան և գան Հայաստան։ Պակիստանը այդ պետությունների ցանկի մեջ է։
Այսինքն՝ Հայաստան կարելի է մուտք գործել վիզայով և առանց վիզա․ առանց վիզա Հայաստան կարող են մտնել Ռուսաստանի, եվրապական մի շարք երկրների քաղաքացիներ և այլն, իսկ այն պետությունները, որոնց համար սահմանված է մուտքի վիզա, ապա մուտքի վիզա պահանջվող երկրներն էլ բաժանվում են 2 մասի․ սահմանին վիզա ստանալու հնարավորություն ունեցող, օրինակ՝ Բրազիլիան, իսկ այն պետությունները, որոնց ցանկը սահմանված է կառավարության որոշմամբ, ապա այդ պետությունների քաղաքացիները մինչև Հայաստանից հրավեր չլինի, մինչև ԱԱԾ-ն չստուգի, չհաստատի հրավերը, իրենք չեն կարող մտնել այլ պետությունում ՀՀ դեսպանատուն, ստանալ մուտքի վիզա և գալ Հայաստան։ Պակիստանը այդ պետությունների ցանկի մեջ է»,- պատասխանեց Բիչախչյանը։
Նրան հարցրինք նաև, թե եղե՞լ է դեպք, որ Պակիստանցին կամ նրա երեխան ՀՀ քաղաքացիություն ստանան․
«Իմ պրակտիկայում նման դեպք չկա, չգիտեմ՝ հիմա կա՞, թե՞ ոչ։ Դա նախագահի հրամանագրով է որոշվում, շնորհվո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե ազգությամբ ոչ հայը 3 տարի ապրի Հայաստանում և ունենա կացության քարտ, ապա 3 տարի անց անձը կարող է դիմել քաղաքացիություն ստանալու համար, հանձնի հայոց լեզվի քննություն, Սահմանադրության իմացության քննություն, կշնորհվի՞, թե՞ ոչ, դա կորոշվի Հանրապետության նախագահի հրամանագրով։ Ինչ վերաբերում է երեխաներին, ապա «Քաղաքացիության մասին» օրենքի ուժով՝ եթե, օրինակ, ՀՀ-ում ծնվում է երեխա, և այդ երկիրը ծնողների քաղաքացիությունը չի տալիս այդ երեխային, ապա ծնողը իրավունք ունի դիմել՝ երեխային քաղաքացիություն տալու համար, որպեսզի նա չմնա քաղաքացիություն չունեցող անձ, դա «Ապաքաղաքացիության կրճատման կոնվենցիայի» պահանջ է, որպեսզի անձը չմնա առանց փաստաթղթի, առանց պահանջի»,- պատասխանեց Բիչախչյանը։