ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանն Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական իրադարձություններին՝ մասնավորապես նշելով այն հանգամանքը, որ մենք շատ հաճախ զբաղվում ենք տասներորդական հարցերով՝ կարծելով, թե այդ աշխատանքների միջոցով կարող ենք ինչ-որ բան փոխել, կամ բարձրացնում ենք հարցեր, որոնք մեզ համար կարևոր բնույթ են կրում, բայց քամահրանքով ենք մոտենում այն հարցին՝ որի անունն է «հիմնական օրենք»։
Անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններին՝ մասնավորապես նախագահի ինստիտուտին և վերջինիս հրաժարականին, ասաց, որ մենք ունենք «խուժան» Սահմանադրություն, և կարևոր ինստիտուտ է համարվում նախագահի ինստիտուտը մեզանում, այսինքն` նրա հանկարծակի հրաժարականի կամ մահվան դեպքում պետք է փոխարինող ունենար, որ մարդիկ այլ բաների մասին չմտածեին՝ որոշակի կանխավարկածներ առաջ քաշելով։
Հայրիկյանը նշեց, որ ողջ հանրությունը գիտի, որ Սահմանադրությունն ընդունվել է կեղծիքներով, և դրա պատճառով ընդունված է եղել «Հանրաքվեի մասին» օրենքի և «Սահմանադրական բարեփոխումներ կատարելու մասին» օրենքի կարգի խախտումով, եղել է այլընտրանքային տարբերակ, որը բոլորի համար է ակնհայտ, մամուլը դրան վաղուց է անդրադարձել՝ այդ թվում և պետական մամուլը՝ պետական վերահսկողության ներքո։ «Եվ բոլորը՝ ովքեր այժմ օգտագործում են «հեղափոխություն» բառը՝ անպարկեշտ մարդիկ են, և փոխանակ առաջին գործը նրանց հանձնարարվեր այդ խախտման վերացումը կամ չեղարկումը այսօրվա Սահմանադրության՝ նորը փոխարինելով հնի, փոխարենը սկսեցին խոսել ապուշությունների մասին, և դրա փոխարեն որևէ խոստում չի կատարվել։ Հակառակը՝ մի բան էլ քաղաքացիների բեռն ավելացել է այնքան, որ հիմա անշարժ գույքի շուկայում են ծանր փոփոխություններ սկսվում, որոնք եկող տարի դառնալու են կրկնակի ծանր, որովհետև հարկային այնպիսի բեռ ավելացրին առանց այն էլ չունևոր մարդկանց վրա, որ միջին շերտը իրեն լրիվ ստորացված զգաց»։
Հայրիկյանի խոսքերով, որևէ ոլորտում այդպես էլ կարևոր քայլ չկատարվեց այս իշխանությունների կողմից, քանի որ մեզ համար շատ կարևոր է անվտանգային հարցը, իսկ, օրինակ, դեռևս ութ տարի առաջ որոշվեց, որ պետք է ստեղծվեր կայուն պահեստազոր, բայց դրա վերաբերյալ նախագծեր ինքը տարիներ առաջ ներկայացրել է Սերժ Սարգսյանին, Օհանյանին, որը ժամանակին քննարկվել է, որովհետև, լինելով տարիներ առաջ Գորիսի պարեկը, շատ լավ պատկերացրել է ամեն բան։ Նշում է, որ չի թաքցրել ուրախությունը, երբ վերջապես պահեստազոր է ստեղծվում, աշխատանքներն այնքան բարդ չեն իրականում, և մարզպետների ու փոխմարզպետներին կից այդ կառույցը ստեղծվեց, և հանձնարարվեց լուրջ աշխատանքներ իրականացնել, իսկ ստեղծումից մեկ տարի անց, կարելի է ասել, որ զրոյացված է ամեն ինչ։
Հայրիկյանը նշում է, որ իշխանության մասին խոսելիս ամենավատ հայհոյանքն է ուզում ասել, բայց կօգտագործի իրենց բնորոշ անշնորհք բառը, որը ճիշտ նկարագիրն է այս իշխանության։ «Խոսենք այն մասին, որ այս Սահմանադրությունն ի վերջո գրված է Սերժ Սարգսյանի հագով, իսկ մենք դեռ այն ժամանակ ասում էինք, որ այս Սահմանադրությունը բոլորին տանելու է կործանման։ Իսկ ես՝ որպես փորձառու քաղաքական գործիչ, ասում էի, որ 1920 թվականի ձախողությունների պատճառներից մեկն այն է եղել, որ մենք ունեցել ենք ապուշ համակարգ, որ դա սովետական համակարգ է, ես գտել էի մի այնպիսի ժողովրդավարության համակարգ, բանաձև։ Դրա հիման վրա գրված նախագիծ կար։ Սահմանադրական բարեփոխում կատարում են այն դեպքում, երբ հայեցակարգային գնահատական է տալիս, այսինքն` դու ունես հայեցակարգ, որը պետք է։ Դա հիմական օրենքն է, որի համար ապիկարն ուզեց ժամանակ և նախագիծ, իսկ բարեփոխումների հանձնաժողովում առհասարակ ընդգրկել են բազմաթիվ ապուշների ու անշնորհքների, բայց ոչ ինձ, որովհետև ես եղել էի նախկինում Սահմանադրական բարեփոխումները գլխավորած անձ, ես կրթությամբ սահմանադրագետ եմ և ունեմ ներդրում, բացի դրանից՝ հիմա տեսեք, թե ինչ ստոր քայլ կատարեց, և առհասարակ արժի՞ նրանցից ակնկալիք ունենալ, և նշանակում են Կարեն Անդրեասյան կոչված մի մանկամիտ ստրուկի, որը համաձայնվել է Նիկոլի կամավոր ստրուկը դառնալ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ աստիճանի ցածր արժեքներ մարդ կարող է ունենալ։ Եվ այս ստրուկը հայտարարում է, որ անցյալի ժառանգություն հանձնաժողովը կօգտագործենք, իսկ դա եղել է հետևյալ կերպ. նրանք իրենց նշված ժամկետների մեջ չտեղավորվեցին, և Նիկոլ Փաշինյանը կառավարության որոշման մեջ 2020 թվականին փոփոխություն կատարեց։ Այդ փոփոխության համաձայն՝ ժամկետները տեղափոխվեցին, դարձյալ ընդունած որոշումը չկատարվեց։ Իսկ այդ հանձնաժողովը ստեղծվում է, որ կարողանանք նախորդը օրինական ճանապարհով թաղել, որովհետև նրա վրա ժամկետների հարց կար, և հիմա ասում են, որ նախ պետք է ստեղծենք խորհուրդ, այն հավաքում են, հետո պետք է խորհուրդը մասնագիտական հանձնաժողովի բաներ տա, բայց դրանից հետո էլ գերագույն անշնորհքը հայտարարում է․ «Բա ո՞վ ասաց, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են մեզ, մենք դեռ պետք է քննարկենք»։ Հասկանո՞ւմ եք, թե այն մարդկանց, ում հավաքել է, ինչի տեղ է դրել։ Ես ձեզ հավաքում եմ սահմանադրական բարեփոխումների համար, և մարդիկ գնում են աշխատելու մի լածիրակի հետ, որը չունի արժանապատվություն, եթե դու դեռ չգիտես, որ սահմանադրական բարեփոխումներ լինելու են, թե ոչ, ապա ինչո՞ւ ես ստեղծում այդ հանձնաժողովը։
Հայրիկյանը, անդրադառնալով դիվանագիտական արտաքին հարաբերություններին, նշեց, որ այժմ մենք չունենք արտաքին քաղաքականություն. «Այս խառնաշփոթը ստեղծած գերագույն անշնորհքին ամենավատ բաները կարող եմ ասել, այդ տականքը համարձակվում է մեր կյանքը տնօրինել և անգամ արտաքին քաղաքականության մասին է խոսում, հայ-թուրքական հարաբերությունների։ Դրա առանցքում մեկ հիմնական հարց կա, քանի որ հայերս ոչ մի բան ինքնուրույն չենք արել, ապա դա մեր փոխարեն պետք է անեն թուրքերը։ Թուրքիան հիմա ունի մի նպատակ, որ Ցեղասպանության հարցը մոռանանք, և մեր ապիկարները փոխանակ ասեն, որ մեզ վախեցրիք, զրկեցիք առողջ բանականությունից, հակառակը՝ այնպես են անում, որ մոռանանք դրա մասին, բայց չէ՞ որ ԵՄ-ն է առաջինը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ աշխարհի տարբեր պետություններ են ճանաչել Ցեղասպանության հարցը՝ ՌԴ-ն է ճանաչել, ԱՄՆ-ն։ Մերոնք բոլորը խոսում են Վիլսոնի իրավարար վճռի մասին, դրանից վեց տարի առաջ՝ միջազգային հանրության ճնշմամբ, Հոլանդիայից և Բելգիայից երկու գուբերնատորներ էին եկել, ես էլ չեմ խոսում այն մասին, որ պարտված պատերազմի համար Նիկոլը պետք է գնդակահարվի, պետք է կանգնի դատարանի առաջ՝ լինելով հրամանատար, առանց քննարկելու տվյալ ոլորտի պատասխանատուների հետ ու տասը հազար զոհ տալով ՝ այդ զոհերին արժեզրկե՞ս, սա էլ մյուս հանցագործությունը։ Մի խոսքով, եղած իրավիճակներից ՀՀ-ի վիճակն ամենավատթարագույնն է։
Անդրադառնալով պատերազմից հետո միջազգային ատյանների արձագանքին՝ ասաց․ «Ես եմ պայքարել ժամանակին ու կազմակերպել միջազգային իրավունքի հարցերով 1968 թվականից սկսած պայքարը, միջազգային իրավունքները պետք է պաշտպանված լինեն, որը հիմա մենք չենք տեսնում, և պատերազմից հետո էլ, առաջ էլ, չօգտագործեցին միջազգային իրավունքի որևէ բան՝ Մինսկի խմբից սկսած։ Բայց ամեն դեպքում հուսահատվելը մեղք է»։
Թե ինչո՞վ է այժմ զբաղվում և ինչքանո՞վ է հետևում ներքաղաքական անցուդարձին՝ ասաց․ «Ես հիմա քաղաքական կյանքին նույն ձևով եմ վերաբերվում այս հեռավորությունից, ինչ առաջ ։ Նեղացած չեմ, հայերի հեռացումը հայրենիքից մեծագույն մեղք է՝ մանավան այն մարդկանց դեպքում, որոնք իրենք իրենց երբևէ ազգային գործիչ են համարել, եթե ՀՀ-ում չլինեին Վանոյի նման այլանդակներ, ամեն բան գուցե այսպես չլիներ, ու վատ է, որ նրան դեռ մտավորական համարողներ կան, ու նա Լևոնի կուսակցության ղեկավարն էր»։
Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ նշեց, որ Ալիևն անընդհատ վիրավորական հայտարարություններ է անում, որովհետև գիտի, թե ում հետ գործ ունի, ստորաքարշ ու ողորմելի արարածի հետ։ «Եթե Նիկոլը, օրինակ, արժանապատվություն ունենար, ապա Ալիևին կասեր, որ, Իլհամ, քեզ մարդու նման պահիր, այդ ինչպե՞ս ես վարվում, չի ասել դա, որովհետև արժանապատվություն չունի, ու նվաստացրեց հայ ժողովրդին»։
Խոսելով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի այժմյան գործունեության մասին՝ ասաց, որ Սերժ Սարգսյանը մի՞թե չգիտի, որ այս ամենում իր մեղավորությունը կա, ոչ միայն Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար և այդ նախապայմանները ստեղծելու համար, ինքն ամեն բան արժեզրկեց, թույլ չտվեց, որ քաղաքացիները հարց որոշող դառնան, և այդ հիվանդությունն այսօր բոլոր քաղաքական գործիչների մոտ տարածված հիվանդություն է։ «Սերժ Սարգսյանն, իհարկե, լավ բաներ արել է, բայց նա էլ է անշնորհք հակումներ ունեցող մարդ»։
Անդրադառնալով ընդդիմության և իշխանության ներկայացուցիչներին, խորհրդարանական ուժերին՝ ասաց, որ այնպիսի խորհրդարանական համակարգ է երկրում, որը, կարծես, լրիվ ապօրինություն լինի, որովհետև իշխանությունների տարանջատման սկզբունքն այս համակարգում չի գործում, բայց խորհրդարանական կառավարման մեջ այն, ինչը Սերժ Սարգսյանն ու իր կողմնակիցները պարտադրեցին, որ երկրում մենիշխանություն լինի, անընդունելի է. « Գիտե՞ք՝ ով է այդպիսի բան անում, ով ոչինչ է, միայն մեծությունն է ուզում իր կողքիններին բարձրացնել, բայց երբ զգում ես՝ ոչինչ ես, այդ դեպքում ուզում ես մի համակարգ ունենալ, որի միջոցով մի կերպ այդ համակարգով կերևաս, հիմա ինքնին այդ համակարգը բացասական է, և մեզ պարտադրվածի մեջ արհեստական մի քանի տոկոսանոց արգելանք է սահմանված, ու ժողովրդավարությունը այս դեպքում չի կարևորը , եթե պետք է լինեն համամասնական ընտրություններ, ուրեմն պետք է պարտադիր իշխանությունը մեծամասնությո՞ւն լինի խորհրդարանում։ Իսկապես սա հանցագործ մոտեցում է խորհրդարանում, և այդ մեծամասնությունն էլ արհեստական բնույթ է կրում, ու ոչ թե ժողովրդի կամքով է, իսկ ընդդիմադիրները իրարից տարբերվում են մի հարցի շուրջ տարբեր ռազմավարական կարծիքներով, իհարկե, եթե իսկապես քաղաքական ուժեր են։ Որևէ ընդդիմադիր կապիտուլյացիայից հետո Նիկոլին չի մեղադրել միջազգային հարթակներում, որպեսզի այդ չարաբաստիկ փաստաթուղթը չեղարկվի, ես տեսել եմ իրենց պապաների ու պապիկների աշխատանքը, ու նրանք վախկոտներ են, գիտեմ, որ նրանք բոլորը մի թիմում են, այդ որսի շները ծառայում են իրեն, 2013 թվականի իմ մահափորձից հետո մի հատ էլ փորձեցին ինձ բարոյապես ոչնչացնել, բայց այն, ինչ ինձանից կախված է, ես ամեն բան կանեմ»։
Քնարիկ Պետրոսյան