Այս օրերին ակտիվորեն քննարկվում է ազոտական պարարտանյութի թանկացման հարցը, որը հավակնում է լուրջ հետևանքներ ունենալ սննդամթերքի արտադրության ծավալների ու վերջնարդյունքում՝ պարենային անվտանգության առումով։ Օրերս թեմային անդրադարձավ նաև էկոնոմիկայի նախարար՝ ընդունելով, որ «շեշտակի թանկացել են թե՛ պարարտանյութը, թե՛ սերմնացուն, թե՛ դիզվառելիքը»։ Նա «պարզաբանեց», որ ինտենսիվ բանակցում են մի շարք երկրների արտադրողների հետ՝ հասկանալու, թե ինչպես աջակցեն գյուղացիներին այս խնդիրների լուծման հարցում։
Նախկինում՝ «նախկինների» օրոք, ամանորյա տոներից անմիջապես հետո գյուղերում հստակեցնում էին անհրաժեշտ պարարտանյութերի, դիզվառելիքի և սերմացուի քանակները և հունվարի վերջերին արդեն դա ներկրված էր լինում Հայաստան, երբեմն նույնիսկ բաժանված՝ գյուղացիներին, քանի որ արդեն փետրվարին՝ ձյան հալոցքի հետ, հացահատիկ մշակողները կատարում էին առաջին պարարտացումը՝ հալչող ձյան վրա սելիտրա շաղ տալով։
Հասկանալի է, որ այս տարի հանրապետությունում ցորենի պարարտացումը, մասամբ, գուցեև ընդհանրապես, չի կատարվի։
Մինչև 2018 թվականը հանրապետությունում հացահատիկի ցանքատարածությունների ընդհանուր մակերեսը հասնում էր 100-120 հազար հա-ի։ Գյուղացուն սուբսիդավորված գներով տրվում էր պարատանյութ (պարկը միջինում 5-6 հազար դրամ), սերմացու և դիզվառելիք։ Ու քանի որ ցորենի մշակությունը եկամտաբեր չէ, լեռնային-նախալեռնային գոտիներում յուրաքանչյուր հա մշակվող ցորենի դիմաց պետությունը տիրոջը տալիս էր ևս 65 հազար դրամ՝ որպես խրախուսում։
2017թ․-ին հանրապետությունում մշակվել է ավելի քան 82 հազար հա աշնանացան ցորեն։ Հավաքվել է ավելի քան 176 հազար տոննա բերք։ Եվս 307 հազար տոննա ներկրվել է։ Հավելենք, որ մինչև 2020թ․-ը տարեկան միջին հաշվով 150-200 հազար տոննա ցորեն էր ներկրվում Արցախից։ Վերջին տարիներին վերացվել են պարարտանյութերի ու վառելիքի համար տրվող պետական սուբսիդիաները, վերացվել է 65 հազար դրամի խրախուսանքը, իսկ սերմացուն սուբսիդավորվում է ընդամենը 15-16 հազար հա-ի համար։
Տրամաբանական է, որ նման մոտեցման դեպքում ցորենի ցանքատարածությունները պետք է նվազեին։ Հիմա շուրջ 25-30 հազար հա-ով (2019թ․-ին՝ 67 հազար հա, 2021թ․-ին՝ 57 հազար հա-ի, 21-ի աշնանացանի տվյալները դեռ չկան) պակաս է մշակվում։ Հասկանալիորեն Արցախից էլ այլևս հացահատիկ չի ներկրվում։ Վերջին երեք-չորս տարիներին գյուղատնտեսությունում ամեն ինչ հասցվել է հնարավոր նվազագույնի։ Մնացել էր միայն պարարտացումը, սրա հարցն էլ լուծվեց ու եթե հինգ-տաս տարի առաջ անհրաժեշտ հացի համար 450-500 հազար տոննայից պակաս, քան 100 հազար տոննան էր ներկրվում (ընդհանուր առմամբ շատ ավելի հացահատիկ էր ներկրվում, բայց դրա մեծ մասն օգտագործվում էր գարեջրի և այլ արտադրություններում), ապա հիմա իրավիճակը գլխիվայր փոխվել է և տեղում 100 հազարն է արտադրվում, մնացածն ամբողջությամբ պետք է ներկրվի։ Մինչդեռ աշխարհի պետությունները, հատկապես ՀՀ-ի նման փոքր ու շրջափակման մեջ գտնվողներն, ամեն ինչ անում են առաջին անհրաժեշտության սննդամթերքի ինքնաբավության հարցերը լուծելու, որքան էլ այն թանկ արժենա պետության համար։
Վերադառնանք սակայն ազոտական պարատանյութին․ ՌԴ-ում, իրոք, սրանց գների որոշակի բարձրացում կա։ Ու այդ բարձրացումն այնքան չէ, որ այստեղ մեկ պարկն արժենա 40-50 դոլար ու նախարարն էլ պնդի, «թե ներկրողները գերշահույթ չեն հետապնդում»։ ՌԴ-ում սելիտրայի գներն այս պահին տատանվում են 7 հազարից մինչև 30 հազար ռուբլի/տոննա սահմաններում։
Միանգամից 20-30 հազար տոննայի գնման կամ պայմանագրի դեպքում հասկանալիորեն գնային բոլորովին այլ սանդղակ է գործում։ Հետևաբար իմաստ ունի, որ նախարարը մի անգամ էլ գերշահույթին վերաբերող հաշվարկներ անի։ Բացի ՌԴ-ից՝ կան Վրաստան, Ուկրաինա, առավել ևս Իրան, որոնցից նույնպես տարիներ ի վեր պարարտանյութ է ներկրվել։
Սրա հետ կապված՝ վերևում խոսվեց միայն հացահատիկի մասին, մինչդեռ առանց ազոտական պարարտանյութի, հատկապես բանջարաբուծության, ոչ պակաս նաև պտղաբուծության ոլորտում բերքի, բերքատվության շեշտակի անկում ենք ունենալու։ Շատերը հրաժարվելու են բանջար մշակելուց, քանի որ բերքի անկման դեպքում շահույթ չեն ունենալու և բոլորովին չի բացառվում պարենային լուրջ ճգնաժամը, եթե իշխանությունները թուրքական գյուղմթերքը հայկական շուկա լցնելով «հարցերը չկարգավորեն»։ Իհարկե, իշխանությունները այլ գործիք էլ են օգտագործում․ գյուղատնտեսական ուղղվածության տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչների շուրթերով բացատրելով, թե ինչքան վտանգավոր են քիմիական պարարտանյութերը և ժամանակն է անցնելու օրգանական գյուղատնտեսության։
Բայց դա արդեն գյուղացու խնդիրն է, թող ինքը մտածի՝ որ ուղղությամբ է գնում։ Հատկապես, որ բացառել պետք չէ, որ պարարտանյութի սուբսիդավորման առումով ոչինչ էլ չարվի, քանի որ ոչ ոք ստույգ չգիտի գյուղացիներին աջակցելու մասին խոսելիս նախարարը կատակո՞ւմ էր, թե՞ լուրջ էր։
Աշոտ Խաչատրյան