Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 16:54 05-11-2021

Իմ տասնմեկ տարվա աշխատանքային փորձը փոխարինվել էր մի անձով, ով նախկինում զբաղվել է ազգագրությամբ և կահ-կարասիի մասնագետ է, բայց իրեն հռչակել է հիշողության մասնագետ. Հ. Դեմոյան

30 տարի անց նման ճակատագիր ունենալու, նոր պատերազմ սկսվելու վտանգի, «Ցեղասպանության թանգարան» ինստիտուտի վերաբերյալ սկանդալային հայտարարությունների, բացահայտումների, ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ներկայիս իշխանությունների կողմից վարած քաղաքականության վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է պատմական գիտությունների դոկտոր, «Ցեղասպանության թանգարան» ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ։

-ՀՀ նորանկախ պատմության ամենաբախտորոշ, ճակատագրական ողբերգական էջերից մեկն է սա։ Մենք ըստ Ձեզ՝ ինչու՞ 30 տարի հետո հասանք այս իրավիճակին։

-1991 թվականից մենք սկսեցինք մեկնարկ, որտեղ հստակ չդրվեցին կոնկրետ խնդիրներ, թե ինչպիսի պետականություն ենք ուզում մենք։ Փոխարենը մեր ամբողջ ներդրումը, մեր ջանքերն ու եռանդները ներդրեցինք սին, ոչինչ չասող, դատարկ միֆեր և պատումներ նաև հերոսներ ստեղծելու մեջ։ Տեղի ունեցավ այլանդակում, այսինքն՝ այն, ինչ համարվում էր մեր գլխավոր ձեռքբերում-ռեսուրսը՝ Արցախյան պատերազմի հաղթանակը և բանակի ստեղծումը, տեղի ունեցավ դրա այլասերումը։ Ընթացքում մի կողմից դա եղավ գիտակցված ձևով, մյուս կողմից էլ չգիտակցված ձևով, որովհետև քաղաքական վերնախավը այլընտրանք չէր ծնել։ Դրանում է մեր ամբողջ մեծ ողբերգությունը, որ վերնախավային մակարդակով կա սակմանափակ պատկերացում, թե ո՞րն է ուժեղ պետականությունը և ինչպե՞ս են այն ստանում։ Մեկ ուրիշ ողբերգությունն էլ այն էր, որ չարչրկված Հայաստանը ուրիշ բան է սփյուռքում և բոլորովին ուրիշ է առանց սփյուռքի։ Դուրս եկավ, որ սփյուռքը նույնպես գլխավոր ուժերից մեկն է, քանի որ այն արժեք է։ Նաև մենք չտեսանք մեծ հոսք սփյուռքահայերի, չհաշված սիրիահայերի հոսքը, որը հասկանալի է, թե ինչու տեղի ունեցավ։ Մենք ունեցանք հսկա արտագաղթ, որովհետև այդ մարդիկ չհավատացին պետականությանը։ Իսկ վերնախավը այնպես արեց, որ այդ մարդիկ չհավատան և լքեն երկրի սահմանները և ուրիշ տեղ գտնեն իրենց կյանքը դասավորելու հեռանկարները։ Վերջին հաշվով սպասելի էր այս ամենը, քանի որ մենք չունեցանք այն կուռ կառույցները, մեր հիմնական պատասխանատուներն ու որոշում կայացնողները, կամ այսպես ասած՝ առաջնորդները։ Ես ասում եմ նրանք ոչ թե խնդիր չեն դրել, այլ շատ դեպքերում խուսափողական քաղաքականություն են վարել։

-Վերջին շրջանում գրեթե ամենաքննարկվող թեմաներից մեկն այն է, որ գուցե կրկին պատերազմ սկսվի։ Եթե ՀՀ իշխանությունները զիջում են այն ամենը, ինչ ցանկանում է Ադրբեջանը՝ անգամ հայկական գյուղերն ադրբեջանական անվանելով, շատ փորձագետներ էլ ասում են, որ դա բանավոր դեմարկացիա անելու միջոց է։ ինչո՞ւ պետք է լինի պատերազմ։ Ի՞նչ կասեք դրա մասին։

-Այս պատերազմը չի ավարտվել, որ մի հատ էլ նորը սկսվի, սա ընդամենը զինադադար է ու միշտ կա այն էսկալացիան, որը այս դեպքում կարող է լինել հրահրումով, այսինքն՝ անգամ կողմերից մեկը, որը մեծ կորուստներ է կրել և ցանկություն չի ունենա, կարող է հրահրել՝ ինչ-ինչ պատճառների ու շահերի հասնելու համար։ Հիմա մեր վերլուծական համայնքը վերջին հինգ տարիների ընթացքում, տեսեք՝ ես ինչ կտրվածքով եմ ասում, թմրեցնում էր հանրությանը, ասելով, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, փախանակ ասի մենք ինչպե՞ս պատրաստվենք պատերազմի։ Որպես կանոն՝ կար արատավոր սխեմա, որ հինգ հոգի պետք է հայտնվեր էկրաններից այն կողմ՝ հոգնած մամուլի ակումբներում, «Ջերմուկի» շշերի ֆոնի վրա հանրությանը հրամցներ, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի։ բայց այդ ընթացքում Ադրբեջանը շատ արագ պատրաստվեց և օգտվեց առիթից։ Սա էլ է արատավոր համակարգային երևույթ հանդիսանում, և սա էլ պետք է վերանայենք։ Իսկ պատերազմ սկսվելու հավանականությունը մեր օրակարգում միշտ պետք է ունենանք, որովհետ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունը ձեռնտու չի շատ ուժերի, քանի դեռ տարածաշրջանում կա նավթ և նավթի արտահանում։

-Պարոն Դեմոյան, երեք տարիների ընթացքում, ըստ Ձեզ, տեսանելի աշխատանք տարվե՞լ է ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ներկայիս իշխանությունների կողմից, փոխարենը շարունակ խոսվել է, և Արցախյան երկրորդ պատերազմից հետո ավելի ուժգին խոսվում է թուրքերի հետ հարաբերություններ կառուցելու և բարեդրացիական հարաբերություններ հաստատելու մասին։ Դուք նաև այս երեք տարիների ընթացքում բազմաթիվ սկանդալային հայտարարություններ և բացահայտումներ եք արել «Հայոց Ցեղասպանության» ինստիտուտի և առհասարակ Հայոց ցեղասպանության հետ կապված։

-Բոլոր այն զենքերը, որոնք վերցրել են մեղադրանքներից և փաստերի հիման վրա եղած իմ ապացույցներից, լռությունն է, այսինքն՝ լռությունը դարձել է գլխավոր միակ փաստարկը, որով չպետք է արձագանքել այդ բոլոր մեղադրանքներին, և այդ ամենը չափազանց ծանր է։ Եվ եթե հիմա անդրադառնամ իշխանություններին, նրանց բերողներին և նրանց սպասարկողներին, ես ձևակերպումը շատ հստակ եմ տալիս։ Տեսեք, երեք կատեգորիայի մարդկանց ես հիմա ուրվագծեցի։ Մարդիկ, ովքեր այս պահին առերևույթ իշխանություն են, ունեն պաշտոններ, նրանք, ովքեր բերել են իրենց, և մարդիկ, ովքեր սպասարկում են իրենց մինչ օրս կամ սպասարկել են։ Առաջին քայլերից մեկը այն էր, որ պետք է տեղի ունենար Ծիծեռնակաբերդի չեզոքացումը։ Ի՞նչ ենք հասկանում չեզոքացում ասելով։ Դա այն է, որ այն ակտիվ աշխատանքը, որը կար տաս տարիների ընթացքում, պետք է ընդհանրապես անջատեր Ծիծեռնակաբերդը, որտեղ պետք է գար մեկը, ով բացարձակ չպետք է երևար հանրային դաշտում, չպետք է հանդես գար հայտարարություններով, միջոցառումներ չկազմակերպեր ՀՀ-ում, արտերկրում և այլն։ Այսինքն՝ նշանակում է, որ անջատել Ծիծեռնակաբերդը, նշանակում է բերել այնտեղ պայմանական ասած ինչ-որ մի անողնաշարի, ով պարզապես կկատարի ցուցումներ, կկատարի հրահանգներ, որ չպետք է այսպես կամ այնպես արվի, և չակերտավոր բարեբախտաբար նոր բերված այդ անձնավորությունը, ուղղակի խոստովանեց, որ ինքը Ցեղասպանության մասնագետ չէ։ Ունենք փաստ, այո՛, և դրա ձայնագրությունը կա, որ Հունաստանում հայտարարում է, որ դրա մասնագետը չի, այստեղ ամեն հարցին ի պատասխան տրվում է այս ձևակերպումը։ Մենք կարող ենք հստակ ասել, ու հարց տալ․ «բա Փաշինյանի հրամանագրով ձևավորված հոգաբարձուների խորհրդի տասնմեկ անդամները ինչո՞վ են առաջնորդվել, որ ընտրել են մի մարդու՝ որպես «Հայոց Ցեղասպանության» ինստիտուտի տնօրեն, տալով տասնմեկ ձայն»։ Եվ եթե հիշում եք, այդ մրցույթի ժամանակ ես ստացա երկու ձայն։ Շատ աղմկահարույց էր, որ իմ տասնմեկ տարվա փորձը փոխարինվել էր մի անձով, ով նախկինում զբաղվել է ազգագրությամբ ընդամենը, և կահ-կարասիի մասնագետ է, բայց իրեն հռչակել է հիշողության մասնագետ։ Հետաքրքիր է այն, որ կահկարասիի մասնագետը կարող է զբաղվել նաև հիշողության մոռացությամբ։ Եվ այդ ընտրությունը պատահական չէ։ Այն նպաստում է Ծիծեռնակաբերդի անջատմանը և իմ մեկուսացմանը, որը գլխավոր մեսիջներից մեկը պետք է լիներ թուրքական կողմին։ Դա պարզ ու ակնհայտ է։ Երկրորդը․ պատերազմից առաջ, խմբակցության այդ ժամանակվա ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ եթե պատերազմ լինի, Թուրքիան չի մասնակցի պատերազմին։ Դա ասվեց հուլիս ամսին՝ տավուշյան դեպքերից հետո։ Հիմա սա էլ է փաստ, չէ՞, որ սա թուրքին հաճոյանալու և նրան դրական մեսիջ ուղարկելու փորձ էր։ Կամ որտեղի՞ց գիտեր Մակունցը, որ չի մասնակցի։ Ես դոկտորական ատենախոսություն եմ գրել դրա վերաբերյալ, բայց անգամ ես որևէ բան չասացի այդ մասին։ Ամեն կերպ այդ ընթացքում լինում էին իշխանական թևի կողմից հայտարարություններ, որ թուրքերը լավն են, «պուպուշ» են։ Ստացանք ճիշտ հակառակ պատկերը։ Նորից եղավ հայտարարություն։ Այս անգամ Լենա Նազարյանը նոյեմբեր ամսին, այն ժամանակ, երբ պատերազմի արյունը չէր չորացել, հայտարարում է, որ լավ շանս էր ստեղծվել թուրքերի հետ հարաբեությունները կարգավորելու համար, այսինքն՝ նրանք չսպասեցին, որ տարին փակվի, հասկանու՞մ եք, չսպասեցին զոհվածների քառասուն օրը անցնի, արդեն թուրքերին դրական մեսիջներ էին ուղարկում։ Պարզ է, չէ՞, որ եթե չակերտավոր ասած այսպիսի հայտարարությունների մշակույթ կա իրենց մեջ, ապա Ծիծեռնակաբերդի վրա ինչ այլանդակություն ասես, որ չեն անի, որովհետև դա իրենց համար սովորական է։ Նույնիսկ շոկային չեղավ այն, որ ես հրապարակեցի որոշ պաշտոնյաների՝ որոշ ժամանակ առաջ քրեական գործերով անցնելու փաստը։ Հիշենք նաև Արայիկ Հարությունյանի խայտառակ հայտարարությունը ԱԺ-ում։ Հիշու՞մ եք անցյալ տարի մայիսին, երբ հայտարարեց, որ թանգարանի փակ ֆոնդերից կորուստներ են եղել։ Դա ասում էր նախարարը՝ խորհրդարանի գլխավոր ամբիոնից, չունենալով ստուգումների վերջնական տվյալներ, որոնք այդ պահին դեռ ընթանում էին։ Ընդամենը իր ձեռքի տակ կար կեղծ, չհիմնավորված կորուստների ինչ-որ փաստաթուղթ, որը իրեն տրամադրել էր Հարություն Մարությանը, իսկ դեպքից մեկ շաբաթ առաջ պարզվեց, որ նախորդ տնօրենի օրոք մեկ թվի սխալմունքի պատճառով ուղղակի թյուրիմացություն էր եղել, և այդ բոլոր իրերը չէին նկատվել։ Եվ ամբողջ ողբերգությունը հենց դրանում է, հասկանու՞մ եք։ Իսկ այդ կազմի՝ իմ աշխատասենյակ ներխուժելը, հիմք պետք է ստեղծվեր՝ ինձ մեկուսացնելու համար, որի պատճառներից մեկն էլ ֆինանսական ինչ-որ չափի գումարի կորուստն էր։ Խոսքը 820 հազար դոլարի մասին է, որի շուրջ կային և՛ բանավոր անարձագանք հայտարարություններ, և՛ գրավոր պաշտոնական նամակներ՝ համապատասխան ատյաններին, որպեսզի նրանք զբաղվեն այդ ամենով։ Իհարկե, արձագանքներ չկան, ուղղակի անհետացվել են։ Սա ուղղակի դրված է «Հայաստան Հիմնադրամի» հաշվին։ Ես, իհարկե, երեք տարի է բարձրաձայնում եմ այդ մասին և նույնիսկ հրավիրել եմ Հարություն Մարությանին, որպեսզի ինքը գա, և միասին պարզենք, թե դա ո՞ւր է անհետացել, չէ՞ որ դա թանգարանի գումարն է և թանգարանը պետք է օգտվեր այդ գումարներից։ Նա հրաժարվեց և ասաց, որ նույնիսկ ճիշտ են արել, որ այդ գումարները տարել են, բայց թե ո՞վ է տարել, դրա վերաբերյալ ինֆորմացիա չկա։ Գուցե իրեն նույնիսկ բերել են դրա համար, որպսեզի այդ ամենը թաքցնի, այն էլ չստացվեց, ավելի խայտառակ պատմություն ստացվեց թե՛ իր համար, թե՛ իրեն բերողների։

-Եվ վերջում, նոյեմբերի 6-ին մասնակցելու եք Մատենադարանում տեղի ունեցող կարևոր՝ «Ազգային ինքնությունը և ընտրանի» խորագիրը կրող համաժողովին, որի նպատակն է նպաստել ազգային ակադեմիական–մշակութային այնպիսի համայնքի ձևավորմանը, որը կբերի համահայկական միասնական օրակարգ։ Ի՞նչ նշանակություն ունի հետևյալ համաժողովը Ձեզ համար և Ի՞նչ ակնկալիքներ ունեք։

-Այս համաժողովը միավորելու է ակադեմիական մարդկանց և բոլորին համախմբելու է մի գաղափարի շուրջ, որին ես ինքս փորձում եմ իմ մասնակցությամբ նպաստել։ Եվ երկրորդ նպատակն այն է, որ տեսնենք թե արդյո՞ք կան ուժեր, անհատներ ու կազմակերպություններ, ովքեր պատրաստ են դրոշակակրի դեր ստանձնել։ Իսկ մենք տեսնում ենք, որ որևէ մեկը չունի այդ պոտենցյալը, լինի դա քաղաքական կուսակցություն կամ կազմակերպություն, որը կարող է միայնակ դուրս գալ և առճակատման միջոցով, կամ այլ եղանակներով փորձի համախմբող և մոբիլիզացնեղ դեր ստանձնել։ Ես՝ որպես պատմաբան, կարծում եմ, որ դա բնական է, որ պահի տակ շոկային իրավիճակից հետո սկսվելու է համախմբման դանդաղ փուլ ու շոկային այդ իրավիճակում բորորը սկսելու են աջ ու ձախ տալ, ու հասկանալ, թե ինչպիսի ողբերգություն ու ճգնաժամ է մեզ պատել, և այս տեսանկյունից հակառակ ընթացքը շատ բնական է։ Հիմա մենք փորձում ենք դուրս գալ ճգնաժամից։

Քնարիկ Պետրոսյան