Էրդողանը, զինվորականությունն ու անվտանգային քաղաքականությունը
copy image url

Էրդողանը, զինվորականությունն ու անվտանգային քաղաքականությունը

Արտաքին 3 տարի առաջ - 22:16 04-10-2021

Վերջին հարցազրույցներից մեկում Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, ով արտաքին քաղաքականության վրա ազդեցություն ունեցող և Էրդողանի մերձավոր շրջապատի կարկառուն ներկայացուցիչներից է, ուշագրավ խոստովանություն էր արել արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի ուղղակի մասնակցության մասին։ Նա նշել էր, որ Սիրիայից ու Լիբիայից հետո թուրքական բանակի 3-րդ միջամտությունն իրականացվել է Լեռնային Ղարաբաղում, և թուրքական զինված ուժերի, հետախուզության ու այլ գերատեսչությունների մասնակցությամբ է ապահովվել Ադրբեջանի հաղթանակը։ Նա կարևորել էր Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի հաղթանակը նաև այլ տեսանկյունից՝ նշելով, որ թուրքական բանակը վերադարձել է իր «հիմնական առաքելությանը», և 2016թ․ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո բանակում իրականացված մաքրազտումների ու վերաձևումների արդյունքում հնարավոր է դարձել թուրքական բանակի կողմից ռազմական միջամտություններն իր հերևանությամբ՝ Սիրիայում, Լիբիայում և Հարավային Կովկասում։ Այս հայտարարությունը, բացի Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի ուղղակի մասնակցության ու ներգրավվածության մասին բարձր մակարդակով խոստովանությանը, կարևոր է նաև վերջին տարիներին Թուրքիայի անվտանգային քաղաքականության միտումները և դրա վրա ներազդող գործոնները հասկանալու տեսանկյունից։

Անշուշտ, 2016թ. ձախողված հեղաշրջման փորձը կարելի է համարել Թուրքիայի նորագույն պատմության հերթական շրջափուլի մեկնակետ, որը արմատական փոփոխությունների առիթ դարձավ այդ երկրի ներքին և արտաքին քաղաքական ուղեգծերի համար՝ Անկարային դարձնելով մերօրյա աշխարհի ամենախնդրահարույց և վտանգավոր դերակատարներից մեկը։ Դա նաև Թուրքիայի կամ ավելի շուտ Էրդողանական «Նոր Թուրքիայի» արտաքին-անվտանգային քաղաքականության սկիզբն ու կոնսոլիդացման մեկնակետն էր, երբ պաշտոնական Անկարան անցավ ռազմական ուժերի կիրառման իր նոր ռազմավարության ակտիվ կիրառմանը տարբեր թատերաբեմերում։ Այս ամենը հնարավոր դարձավ պետության մեջ արմատական վերաձևումների արդյունքում՝ արժեքային-գաղափարախոսականից մինչև ինստիտուցիոնալ-կառուցվածքային։ Ամենաառանցքային գործոններից էր բանակի՝ իշխանական ձևակերպմամբ՝ «մաքրումը» անցանկալի տարրերից։ Հեղաշրջման փորձը լավագույն առիթն էր կամ Էրդողանի խոսքերով՝ «Ալլահի կողմից սկուտեղի վրա պարգև» իր տեսլականից բխող պետական ու ռազմական համակարգի վերաձևման համար։ Զինված ուժերում տոտալ մաքրազտումները, վհուկների որսն ու անցանկալի զինվորականներից ազատվելը ստեղծեց այնպիսի իրավիճակ, երբ զինվորականությունը հայտնվեց Էրդողանի տոտալ վերահսկողության տակ՝ իր հավատարիմ ու գաղափարակից զինվորականների առաջխաղացման միջոցով։ Սա արդեն աննախադեպ էր վերահսկման ու հնազանդեցման միտումների առումով։

Զինվորականության դերակատարությունը՝ որպես անվտանգային որոշումների կայացման վրա ազդող նախկին առանցքային դերակատարի, վերածվեց Էրդողանի արտաքին քաղաքականության տեսլականն սպասարկող հլու-հնազանդ հավաքական սուբյեկտի։ Ի դեպ, 2016թ․ օգոստոսին Սիրիա թուրքական ներխուժումը տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձից մեկ ամիս հետո, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդ հարցում ակնհայտ ընդդիմացող բարձրաստիճան զինվորականներն արդեն հեռացված կամ ձերբակալված էին։ Սիրիա ռազմական ներխուժումից առաջ արմատական զինյալ խմբավորումներին զենքի մատակարարումներն իրականացվում էին Էրդողանի հովանավորությունը վայելող Հատուկ նշանակության ուժերի հրամանատար Զեքայի Աքսաքալըի և Ազգային հետախուզական կազմակերպության միջոցով՝ հաճախ շրջանցելով գլխավոր շտաբի ղեկավարությանը։ Ուշագրավ է, որ Աքսաքալըի սիրիական արկածախնդրությանը և Թուրքիային Սիրիայում պատերազմի մեջ ներքաշելուն ընդդիմացել է Հատուկ նշանակության ուժերի գեներալ Սեմիհ Թերզին, ով գլխավոր շտաբին զեկույցներ էր ներկայացրել Աքսաքալըի և հետախուզության ընդհատակյա գործողությունների մասին, ինչը քեմալական զինվորականության ընկալումներով (մերձավորարևելյան հետադիմական ճահճում հայտնվելը) ռիսկային ու արկածախնդրային էր։ Տարօրինակ «պատահականությամբ»՝ 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձի գիշերը Աքսաքալըի հրամանով գեներալ Թերզին գնդակահարվեց Հատուկ նշանակության ուժերի ենթասպայի կողմից։

Սիրիական ճգնաժամի շրջանակում Թուրքիայի կողմից ռազմական ուժեր մտցնելու հարցը ամենացայտուն օրինակներից կարող է լինել, երբ բանակի հրամանատարությունը առարկություններ, մտահոգություններ է ունեցել նման որոշման հարցում: Անվտանգության հարցերի փորձագետներից մեկը նշում է, որ իշխանություններին զսպել ցանկացող միակ միջոցը բանակն էր, որը Էրդողանի նկատմամբ հսկողություն ու հավասարակշռություն էր ստեղծում: Սակայն, հետագա գործընթացները սիրիական հիմնախնդրում հստակորեն ցույց տվեցին, որ իշխանություններին զսպելու բանակի հնարավորություններն արդեն չափազանց սահմանափակ են և ուռճացված: 2016թ․ ձախողված ռազմական հեղաշրջումից հետո պաշտոնանկ չարված և հեղաշրջումը վերապրած գործող գեներալներն այնքան վախեցած էին Էրդողանի ցասումից ու վրեժից, որ «առանց որևէ ծպտուն հանելու թուրքական բանակը մտցրեցին Սիրիա. մի բան, որին գեներալներն ընդդիմացել էին»:

Գլխավոր շտաբի պետ, ներկայիս պաշտպանության նախարար, Հուլուսի Աքարը, ով համարվում է նախագահ Էրդողանին հավատարիմ, ի վիճակի չէր դիմակայել Սիրիայում Էրդողանի «ռազմախաղին»: Բացի դրանից՝ Սիրիա թուրքական ներխուժումը տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձից հետո, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդ հարցում ակնհայտ ընդդիմացող բարձրաստիճան զինվորականները հեռացված կամ ձերբակալված էին։ Փոխարենը, հատուկ ծառայությունների հետևողական «մշակման» արդյունքում զինված ուժերում բարձր պաշտոնների նշանակվեցին այն զինվորականները, որոնք ամբողջությամբ կիսում են Էրդողանի տեսլականը։ Օրեր առաջ էլ տեղեկատվություն շրջանառվեց, որ մի քանի գեներալներ հրաժարական են ներկայացրել Էրդողանի սիրիական քաղաքականության հարցում անհամաձայնության պատճառով։ Սիրիայում ջիհադական ուժերին Էրդողանի հավատարմությունն ու աջակցությունը դժգոհություն էր առաջացնում զինվորականության շրջանում, որոնք դրանում նաև Թուրքիայի համար անվտանգային ռիսկեր էին տեսնում։ Տարբեր առիթներով պաշտոնաթող որոշ զինվորականներ բարձրաձայնել են դրա մասին, երբ Էրդողանն ուղղակի թուրքական զինված ուժերն օգտագործում է Իդլիբում՝ որպես վահան ջիհադականների համար։

Էրդողանի խոսնակ Քալընը բացահայտ նշում է, որ միայն զինվորականության հակակշռի դերը կոտրելուց հետո հնարավոր եղավ ռազմական ագրեսիվ արկածախնդրությունների իրականացումը։ Զինվորականությունը և բանակը հայտնվեցին Էրդողանի ոչ միայն լիարժեք վերահսկողության, այլև ինչ-որ առումով նաև արժեքային-գաղափարական պարտադրանքի ու ազդեցության ներքո։ Բանակի հրամանատարության սերտաճումը քաղաքական իշխանությունների հետ հնարավորություն տվեց անվտանգային ու արտաքին քաղաքական ոլորտում հանդես գալ անկաշկանդ, ագրեսիվ ու համարձակ դիրքերից։ Իրականում հաշվեհարդար տեսնելով անցանկալի զինվորականների նկատմամբ և վերաձևելով ռազմական համակարգը՝ Էրդողանն ազատվեց իր հավակնոտ ու արկածախնդիր անվտանգային քաղաքականության իրականացման հարցում հնարավոր զսպող գործոններից՝ զինված ուժերը դարձնելով իր հավակնությունների իրականացման առանցքային գործիքը՝ Լիբիայից մինչև Արցախ։

Լևոն Հովսեփյան, թուրքագետ

Ամենից շատ դիտված