Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 21:11 09-09-2021

«Հայաստան» դաշինքը սեպտեմբերի 21-ի «մասշտաբային և գունագեղ տոնակատարության» մասին հայտարարություն է տարածել

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

Կառավարության վերջին նիստում հայտարարվեց սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կազմակերպվող «մասշտաբային և գունագեղ տոնակատարության» մասին։

Անառարկելիորեն, Սեպտեմբերի 21-ը մեր ազգային, պետական տոնացույցի ամենաարժեքավոր օրերից է։ Ուղիղ երեսուն տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի ժողովուրդը քվեարկեց անկախ պետություն ստեղծելու օգտին: Անցնող տարիները պետականաշինության, մեր հաղթանակներն ամրապնդելու ժամանակներ էին, և մեր հավաքական ճիգն ուղղված էր անցած ճանապարհն արժևորելու, մեր բացթողումները խմբագրելու և համազգային կամքով արժանապատիվ ապագա կառուցելու նպատակին։ Ավաղ, վերջին երեք տարիները և, հատկապես, 44-օրյա պատերազմը ոչ միայն խաթարեցին մեր պետականության ընթացքը, այլև անդառնալի մարդկային, ազգային-պետական կորուստների մատնեցին մեր հասարակությանը՝ երկիրը կանգնեցնելով անորոշ ապագայի առջև։

Այսօր հազարավոր զոհերի, խոցված ինքնիշխանության, անվտանգային լրջագույն մարտահրավերների, գերիների, համազգային չապաքինված ցավի մթնոլորտում «գունեղ տոնակատարության» մասին խոսելը կոռեկտ չէ: Այն անարգանք է մեր զոհերի հիշատակին և արդարացիորեն հարուցել է հերոս տղաների ծնողների, ընտանիքի անդամների և մեր հասարակության վրդովմունքը։

Մենք չենք հրաժարվում մեր անկախությունն արժևորելու խորհրդից, բայց դրա լավագույն դրսևորումը պիտի լիներ մեր պետականության ամրագրումը, պետական և ազգային ինստիտուտների նկատմամբ իշխանության նախաձեռնած հետևողական կազմաքանդման և նսեմացման արշավի դադարեցումը, երկրում համերաշխության մթնոլորտի ձևավորումն ու սպառնալիքների իրական դիմագրավումը։

Համոզված ենք, որ Անկախության 30-ամյակի առիթով պետական հանձնաժողով ձևավորելու պայմաններում կարելի էր երկրում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտին համարժեք համեստությամբ արժևորել տոնը։

«Հայաստան» դաշինքը, միաժամանակ, հայտարարում, որ իր քաղաքական ողջ կարելիությունները ծառայեցնելու է մեր պետականության ամրապնդմանն ու ազգային շահերի սպասարկմանը։

09.09.2021թ.

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին