copy image url
Խոսք 4 տարի առաջ - 17:13 07-09-2021

Նույնիսկ եթե մեկ հայ գերի չվերադառնա տուն, նշանակում է՝ պատերազմը դեռ շարունակվում է. քաղաքագետ

Օրագիր.news-ը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցազրույց է ունեցել Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սվարանցի հետ:

-Պարո՛ն Սվարանց, ի՞նչ պետք է անի Հայաստանը, երբ ռուս խաղաղապահները հեռանան Լեռնային Ղարաբաղից:

Հայաստանը պետք է շնորհակալություն հայտնի ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ռուս խաղաղապահները երբ կհեռանան Լեռնային Ղարաբաղից, ապա տարբեր փորձագետների և քաղաքագետների ծավալած քննարկումներում կարծիքները տարբեր են:

Հիմնական հարցն հետևյալն է՝ կհեռանա՞ն արդյոք խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարբաղից:

Իհարկե, վաղ թե ուշ նրանք դա անելու են, երբ իրավիճակի փոփոխություն նկատվի, բայց ես չեմ կարծում, որ չորս տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կվերականգնվի փոխըմբռնումը, և կողմերի միջև երկարատև խաղաղություն կհաստատվի՝ առանց խաղաղապահ ուժերի միջնորդության:

Ճիշտն ասած, ես հույս չեմ փայփայում, որ 4 տարի անց ռուս խաղաղապահները լքելու են Լեռնային Ղարաբաղը:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ անկախ այն փաստից՝ կլքե՞ն արդյոք խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղը, թե՝ ոչ, Հայաստանը պետք է գործի՝ ելնելով իր շահերից:

Պետք է վերականգնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կյանքը, հաղթահարել պատերազմի հետևանքները՝ նյութական, տեխնիկական, տնտեսական մակարդակներում:

Իհարկե, մարդկային կորուստները հնարավոր չէ վերականգնել, բայց պետք է փորձել Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական պայմանները բարելավել, որպեսզի ստեղծված պայմանները նպաստեն նաև ծնելիության աճին:

Ղարաբաղյան առաջին պատերազմի ավարտից հետո թե՛ Հայաստանի, և թե՛ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները փորձել են հնարավորինս շատ սոցիալական ծրագրեր իրականացնել:

Այդ գործում իրենց ներդրումն են ունեցել նաև սփյուռքում ապրող անհատները, օրինակ՝ Լևոն Հայրապետյանն ու իր կազմակերպած Արցախյան «Մեծ հարսանիքը»:

Բայց այս ամենը շատ քիչ է՝ հաշվի առնելով պատերազմի սպառնալիքներն ու ուղիղ թշնամու վտանգը:

Կարծում եմ՝ իշխանությունները պետք է պայմաններ ստեղծեն դեմոգրաֆիկ աճն ապահովելու համար:

Հակառակ դեպքում՝ էլ ու՞մ համար է մղվում այս ողջ պայքարը՝ Խորհրդային Միության տարիներից ի վեր:

Որպեսզի այս ամենն ունենա զարգացման դինամիկա և կայունություն, պետք է փոխել տնտեսական զարգացման մոդելը թե՛ Հայաստանում, և թե՛ Լեռնային Ղարաբաղում:

Պետք է աշխատել պլանային տնտեսության ստեղծման ուղղությամբ, այլ ոչ թե այն վստահել անհատներին:

Հարցի մյուս հատվածը, բնականաբար, վերաբերում է պաշտպանության և անվտանգության խնդիրներին:

Միանշանակ պետք է բարեփոխել բանակը, այն ապահովել ժամանակակից զենք-զինամթերքով: Բանակի բարեփոխումների հարցերը պետք է ակտիվորեն քննարկվեն մասնագետների շրջանակում թե՛ բաց, թե՛ փակ ձևաչափով:

-Ձեր կարծիքով, էլ ո՞ր ուղղությամբ պետք է հստակ աշխատանքներ տանել:

Մենք տեսնում ենք, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանը, բացի Թուրքիայի, Պակիստանի և Իսրայելի աջակցությունից, ուներ նաև թյուրքական աշխարհի աջակցությունը, ինչի վառ ապացույցն է ինչպես տարբեր երկրների դեսպանների, այնպես էլ թյուրքական երկրների լրագրողների այցելությունը Շուշի:

Թուրքիայում ստեղծվել է մասնավոր ռազմական ընկերություն՝ SADAT-ը, որը հովանավորվում է պետության և համապատասխան հատուկ ծառայությունների կողմից և ավանդաբար կոչվում է Էրդողանի «գաղտնի բանակ»:

Հայաստանը նույնպես պետք է մտածի մասնավոր ռազմական ընկերության ստեղծման մասին՝ հաշվի առնելով դեմոգրաֆիան ու ուղիղ հակառակորդի առկայությունը:

Այն պետք է ներառի ինչպես սփյուռքի ներկայացուցիչներին, այնպես էլ այն ազգերի ներկայացուցիչներին, որոնք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի նկատմամբ սոլիդար մոտեցում ունեն՝ հաշվի առնելով սեփական երկրում առկա հակամարտությունները:

Սա նաև պետք է նրա համար, որ հակառակորդը հասկանա, որ նմանատիպ ուժային կառույցի ստեղծման մենաշնորհ միայն ինքը չէ, որ ունի:

Բարեփոխումները պետք է լինեն բազամահայեցակարգային՝ հաշվի առնելով ժամանակակից իրականության բոլոր առանձնահատկություններն ու մարտահրավերները:

Այս համատեքստում արժեքավոր աշխատանք է իրականացնում հետախույզ Վովա Վարտանովն իր ՈՄԱ-ով:

Նմանատիպ կառույցները պետք է շատ լինեն՝ հաշվի առնելով ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը:

Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը Երասխի, Սոթքի և այլ ուղղություններով սադրանքների դիմում և Հայաստանը պետք է պատրաստ լինի նրան, որ իր տարածքը, անկախ իր կամքից, կարող է վերածվել ռազմական գործողությունների թատերաբեմի:

- Որո՞նք ենք մեր անելիքները դիվանագիտական հարթակում:

Դիվանագիտական և քաղաքական դաշտում հայկական կողմը նույնպես շատ անելիքներ ունի, քանի որ, հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, Լեռնային Ղարաբաղն այս ընթացքում դուրս է մնացել իրական քաղաքական բանակցություններից, թեպետ հարկ է նշել, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցելելիս չեն շրջանցել նաև Ստեփանակերտը, և սա նույնպես բանակցության ձևաչափ է:

Այժմ մենք այդ ձևաչափը չունենք, բայց դա չի նշանակում, որ ապագայում չենք կարող ունենալ:

Այս պահին ռուսական կողմն առաջնային է համարում կողմերի միջև խաղաղություն հաստատելը, որից հետո կսկսվեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:

Հայկական կողմը պետք է հանդես գա Մինսկի խմբի ձևաչափով բանակցելու և Ղարաբաղի ինքնորոշման հարցի օգտին, որի անհրաժեշտությունն առավել քան ակնհայտ դարձավ վերջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի դրսևորած ագրեսիայով, օկուպցված տարածքներով և խաղաղ բնակչության նկատմամբ բռնության կիրառմամբ:

Միևնույն ժամանակ հայկական դիվանագիտությունը պետք է հարձակողական լինի, և այս համատեքստում սխալ է այն ձևակերպումը, թե Հայաստանն ամբողջությամբ գտնվում է ռուսական դիվանգիտության վերահսկողության ներքո, այնտեղ նաև կա Մինսկի խումբն ու համանախագահող երկրները:

Հայաստանը կարող է շատ ավելի նախաձեռնող և բաց լինել, հանդես գալ ոչ միայն Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների վերսկսման օգտին, այլ նաև ներկայացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ սեփական դիրքորոշումը:

Այժմ բոլորն են խոսում այդ կարգավիճակի մասին, բայց ոչ մեկ չի հստակեցնում, թե ինչ նկատի ունի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ ասելով:

Եվ եթե անդրադառնանք փոխզիջումներին, ապա հարց է առաջանում, թե ինչ փոխզիջումներ է կատարելու Ադրբեջանը, որը երկու անգամ պատերազմ է սկսել՝ խախտելով ուժի չկիրառման մասին սկզբունքը:

Ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվել Ադրբեջանի դեմ, առայժմ մենք դա չենք տեսնում:

Հարկ է նաև նշել, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո՝ այս 26 տարիների ընթացքում, Հայաստանը խաղաղ ճանապարհով նույնիսկ մեկ այգի չի վերադարձրել Ադրբեջանին:

Ինչու՞ պետք է հայերը հույս ունենան, որ Ալիևը կամ նրա հետնորդներն այլ կերպ կվարվեն, հատկապես, եթե արտաքին աշխարհից որևէ ճնշում չլինի, իսկ այսօր ես այդ ճնշումը չեմ տեսնում:

Թե բանակցությունների արդյունքում ինչ տեղի կունենա, դժվար է ասել, բայց մի բան հստակ է՝ Ադրբեջանը կամավոր չի համաձայնվի ետ վերադարձնել թեկուզ Հադրութը:

Փախստականների խնդիրը, որը հաճախ է Ադրբեջանը բարձրացնում, պետք է նաև հայկական դիվանագիտական օրակարգի մաս կազմի:

Այն հումանիտար աղետ է, երկկողմանի խնդիր, որն առաջինը հենց Ադրբեջանն է սկսել՝ տեղահանելով հայկական բնակչությանը:

Այդ տեղահանվածների մեծ մասն այժմ ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, և այս փաստը պետք է դնել միջազգային հանրության ուշադրության առջև:

Այս ամենը խոսում է այն մասին, որ բանակցային գործընթացները ձգձգվելու են, և կարգավիճակային հարցը քննարկվելու է փուլային ճանապարհով:

Այնուամենայնիվ, անգամ դիվանագիտական դաշտում կարևոր գործոն է ռազմական դիվանագիտությունը, այնպես որ բանակի հզորացումն առաջնահերություն է և ոչ միայն թշնամական մտադրությամբ, այլ նաև սեփական երկրի պաշտպանությունն իրականացնելու նպատակով:

-Արդյո՞ք իրատեսական է տարածաշրջանում խաղաղության հաստատումը:

-Իհարկե, այն ցանկալի է տարածաշրջանի բոլոր երկրների համար: Բայց ցավոք սրտի, չնայած խաղաղությունն ամենաբաղձալին է մարդկության համար, երբեմն այն իրականություն չի դառնում, հակառակ դեպքում, խաղաղությունն այդքան փխրուն չէր լինի, և մենք ականտես չէինք լինի տարբեր տեղային պատերազմների:

Իհարկե, այժմ գերտերությունների մակարդակով պատերազմներ տեղի չեն ունենում, բայց լոկալ, տարածաշրջանային բախումներ ցավոք սրտի երբեմն տեղի են ունենում:

Հաշվի առնելով մեր տարածաշրջանն ու նաև այնտեղ առկա չլուծված կոնֆլիկտները՝ կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միչև պատերազմի վտանգ գոյություն ունի:

Հայտնի ճշմարտություն է, որ երկարատև խաղություն ունենալու համար պետք է պատրաստ լինել պատերազմի:

Եթե դու պատրաստ ես պատերազմի, զինված ես ժամանակակից տեխնիկայով, ապա թշնամին դժվար թե պատերազմ սանձազերծի:

Տարածաշրջանային խաղաղության հաստատման համար կարևոր պայման է նաև գերիների վերադարձը. նույնիսկ եթե մեկ հայ գերի չվերադառնա տուն, նշանակում է՝ պատերազմը դեռ շարունակվում է: