Օկուպացված Հադրութում ադրբեջանցիները քարտեզ են ներկայացրել՝ Սյունիքի հարավային հատվածը Ադրբեջանի կազմում ընդգրկելով։
Քարտեզի վրա գրված է․ «Մեր սուրբ սահմանների պահպանությամբ»։
Հիշեցնենք նաև, որ դրանից առաջ, օգոստոսի 8-ին, նախաստորագրվել էր խաղաղության համաձայնագիր, որով իշխանությունները հավիտենական խաղաղություն էին խոստանում Հայաստանի և Ադրբեջանին։
Խնդիրն այն է, որ համաձայնագրով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Սակայն ինչպես պետք է մեկնաբանել Ադրբեջանի նման ծավալապաշտական քաղաքականությունը։
Այս մասին
Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ, ով նշեց, որ փաստաթղթեր ստորագրելը դեռևս խաղաղություն չի նշանակում։
«Եթե հիշում եք, ոչ միայն քարտեզ են ներկայացնում, այլև Չինաստանում Ադրբեջանի նախագահը նաև միջանցք տերմինը օգտագործեց, որին Հայաստանի վարչապետը հակադարձեց։ Տեսե՛ք, հարցը այն է, որ որևէ դեպքում, եթե վերջնական խաղաղություն հաստատվի, սահմանները բացվեն, սկսեն բեռներ փոխադրվել և այլլն. մրցակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և մեր տարածաշրջանում չի վերջացել։ Ադրբեջանը շարունակելու է փորձել ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ, փորձել ավելին ստանալ։ Հայաստանը իր հերթին շարունակելու է նույն կերպ փորձել ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ իր հնարավորությունների սահմաններում»,— նշեց Ղևոնդյանը։
Հարցին, թե ինչպես պետք է զարգանան հայ-ադրբեջանական հարաբերությունները այն դեպքում, երբ Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական ծախսերը, իսկ Փաշինյանը հայտարարում է, թե մենք պետք է կրճատենք մեր ռազմական ծախսերը, քաղաքագետը պատասխանեց․ «Իշխանությունները չեն ասել, որ ռազմական ծախսերը պետք է կրճատենք։ Դա կոնկրետ Նիկոլ Փաշինյանի խոսքի խեղաթյուրում է, որը տարածվել է ընդդիմադիր լրատվամիջոցներում։ Փաշինյանն ասել է, որ հնարավոր է ռազմական ծախսերը այս տարի չավելացնենք։ Դրա մասին է խոսքը գնացել։ Ես նշեմ, որ ռազմական ծախսերի մակարդակը շատ բարձր է, և նույնիսկ եթե չավելանան այդ ծախսերը, սա չի նշանակում, որ բարեփոխումները և Հայաստանի բանակի արդիականացման գործընթացը կանգնելու են։ Իսկ դա գալիս է հաստատելու այն, ինչ ես ասում էի․ Հայաստանում ևս հասկանում են, որ փաստաթղթեր ստորագրելով կամ նույնիսկ դրանք իմպլեմենտացնելով հնարավոր չէ մրցակցությունից խուսափել կամ հնարավոր չէ հավերժ եղբայրական հարաբերություններ ստեղծել, պահպանել կամ դրանց միջոցով այլևս չանհանգստանալ անվտանգության մասին»,— նշեց քաղաքագետը։
Ղևոնդյանն իր խոսքը եզրափակելով նշեց, որ Ադրբեջանը նման հոգեբանական հարձակումներ գործելու է Հայաստանի նկատմամբ։
«Չմոռանանք, որ մեր պետությունում էլ դեռևս կան բավական շատ քարտեզներ, որտեղ Արցախը ներառված է Հայաստանի մեջ և Հայաստանի Հանրապետության մաս է։ Իհարկե, դա պաշտոնապես չի արվում Հայաստանում, հավանաբար հաշվի առնելով, որ Հայաստանի հնարավորությունները այս պահին չեն ներում, որպեսզի պաշտոնապես կարողանա նման մանիպուլյատիվ ձևով ազդեցություն գործել Ադրբեջանի նկատմամբ։ Բայց Ադրբեջանի հնարավորությունները ներում են, Ադրբեջանը կարողանում է Հայաստանին նման կերպ մանիպուլացնել և ստիպել, որպեսզի Հայաստանի որևէ փորձագետ լրագրողի հետ քննարկի այս հարցը»,— եզրափակեց Ղևոնդյանը։