Երևան +13°
Ներքին 10 ամիս առաջ - 17:35 20-06-2023

Ապրիլյան քառօրյան դադարեցնելու մասին փաստաթուղթ գոյություն չունի, դա նշանակում է, որ այն չի ավարտվել․ Փաշինյան

Մադրիդյան սկզբունքներով հայկական կողմը ստացավ, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում՝ ԼՂ կարգավիճակը հանրաքվեի կամ պլեբիսցիտի միջոցով որոշելու խոստում: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց ասվում էր, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցված ժամկետներում: Փաստացի սա նշանակում է, որ հանրաքվեի ժամկետը պետք է որոշեր Ադրբեջանը: Որովհետեւ եթե Հայաստանն օրինակ, առաջարկում է, որ հանրաքվեն տեղի ունենան 5 տարի անց եւ Ադրբեջանը չի համաձայնում, հանրաքվե տեղի չի ունենում: Եթե Ադրբեջանն առաջարկում է, որ հանրաքվեն տեղի ունենա 500 տարի անց, ու Հայաստանը չի հմաձայնում, էլի հանրաքվեն տեղի չի ունենում: Սա գործնականում նշանակում է, որ հանրաքվեն կարող է եւ չլինել: Ընդ որում, այս պնդումն ունի նաեւ իրավական հիմնավորում, որովհետեւ Մադրիդյան սկզբունքներում գրված է, որ կողմերը պետք է ստեղծեն նաեւ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշման հանրաքվեի մանրամասների ու ժամանակի հստակեցման կոմիտե, որը պետք է աշխատի կոնսենսուսի սկզբունքով: Այստեղ խոսքը ոչ միայն հանրաքվեի ժամկետների, այլեւ պայմանների որոշման մասին, ինչը շատ էական հանգամանք է»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ որեւէ փաստաթղթում չի նշվում նաեւ հանրաքվեի անցացման վայրը: Ադրբեջանը հայտարարում է, որ հանրքավեն պետք է տեղի ունենա ողջ Ադրբեջանի տարածքում: Հայկական կողմը դրան համաձայն չէ, ուրեմն չկա կոնսենսուս, չկա հանրաքվե: Մյուս կողմից Ադրբեջանը պնդում է, որ եթե ԼՂ ադրբեջանցիները դեմ քվեարկեն հանրաքվեի ժամանակ, ապա որոշումը չի ընդունվելու: Ու այս հարցում էլի կոնսենսուս չկա:

«Չկա կոնսենսուս, չկա հանրաքվե»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը խոսեց նաեւ Կազանյան տարբերակի մասին, որտեղ նշվում է, որ առաջին փուլով Ադրբեջանին են հանձնվում 5 շրջանները, իսկ Քելբաջարի ու Լաչինի շրջանները ավելի ուշ, իսկ Ղարաբաղն ստանում է միջանկյալ կարգավիճակ. «2007-ին ԵԱՀԿ Նախարարական կոմիտեի նիստում պաշտոնապես ներկայացված մադրդիյան սկզբունքներում չկա գրված, որ ԼՂ-ն պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ: Ասվում է միայն, որ միջանկյալ ժամանակահատվածում ԼՂ-ն սեփական կյանքի կազմակերպման համար կօգտվի որոշակի իրավունքներից: Նաեւ նշված է, որ վերադարձվում են բոլոր 7 շրջանները: Վերապահում է արված միայն Քելբաջարի համար, որ պետք է վերադարձվի 5 տարի անց, բայց այն չպետք է լինի լիակատար հայկական կողմի վերահսկողության տակ եւ պետք է խրախուսվի այնտեղ բնակվող հայերի դուրս մղումը:

«Հաճելիորեն Կազանյան բանակցությունները առաջ են գնում, տպավորություն կա, որ Ադրբեջանը համաձայն է: Սա նշանակում է, որ եթե կողմերը նման փաստաթուղ են ստորագրում, Ղարաբաղն ստանում է միջանկյակլ կարգավիճակ, որն ապագա հանրքավեի տեղի չունենալու պարագայում, ըստ էության, դառնում է տեւական կարգավիճակ, գումարած Քելբաջարն ու Լաչինը մնում են հայկական կողմին: Սա իսկապես լավ է: Ի վերջո, գալիս է ստորագրման պահը, որ գալիս է 2011 թվականի հունիսի 24-ին, Կազանում: Ու տեղի է ունենում խիստ տրամաբանական մի բան. Ադրբեջանի նախագահը հրաժարվում է ստորագրել փաստաթուղթը՝ ներկայացնելով լրացուցիչ 10 առաջարկություն: Հանդիպման արդյունքներով ընդունվում է ոչինչ չասող մի փաստաթուղթ, եւ գործընթացը հայտնվում է փակուղում:

Դրանից հետո Ադրբեջանը Ռուսաստանի հետ կնքում է 3-4 մլրդ դոլարի ռազմատեխնիկական պայմանագիր, զուգահեռ սկսում է լարել իրավիճակը ՀՀ-ի հետ սահմանին եւ ԼՂ-ի հետ շփման գծում: 2012-ին արձանագրվում է հրադֆադարի խախտման 5972 դեպք, 4 դիվերսիոն հարձակում: 2013-ին արձանագրվում է հրադադարի ռոեժիմի խախտման 12 986 դեպք, 4 դիվերսիոն հարձակում: 2014-ին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվը դառնում է 37 535, դիվերսիոն հարձակումների թիվը՝ 6: Այդ տարի խոցվում ուղղաթիռը ԼՂ շփման գծի մոտակայքում: 2015-ին դիվերսիոն հարձակումների թիվը 14 է, իսկ հրադադարի խախտման դեպքերն այնքան են աճում, որ ըստ էության, վերածվում են մինի պատերազմների:

2016-ի հունվարին համանախագահները ի դեմս ՌԴ ԱԳ նախարարի, ներկայացնում են կարգավորման նորացված առաջարկ, որտեղ «ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը տեղ չի գտնում: Հայաստանին միջնորդրների կողմից ասվում է, որ լավ կլինի հրաժարվել միջանկյալ կարգավիճակ հաղորդելու ակնկալիքից: Հայկական կողմը մերժում է այս անընդունելի առաջարկը եւ դրանից ընդամենը 2,5 ամիս անց սկսվում է 2016-ի քառօրյա պատերազմը, որն ավարտվում է հայկական կողմի համար 700-800 հա տարածքի կորստով եւ բանավոր ձեռք բերված հրադադարով»,-ասաց Փաշինյանը:

Նա ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ պատերազմը դադարեցնելու մասին փաստաթուղթ գոյություն չունի։

«Քառօրյա պատերազմը դադարեցնելու մասին փաստաթուղթ գոյություն չունի, դա նշանակում է, որ այդ պատերազմը չի ավարտվել, որովհետև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ 5 անգամ գրավոր պայմանավորվածություն ենք ձեռք բերել:

Ձեզ գուցե հետաքրքրի