copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:34 30-08-2021

Ինչո՞ւ է անկառավարելի դարձել հեղուկ գազի պակասուրդի և գնաճի խնդիրը. կարգավորող քայլերն ուշացած են

Հայաստանում հունիսից սկսած` արագ տեմպերով բարձրացել և դեռևս նվազման միտում չունի բնական հեղուկ գազի, նաև՝ բենզինի, դիզելային վառելիքի գինը, որը մեզ մոտ ուղեկցվում է հեղուկ գազի սուր պակասուրդով: Տարբեր բենզալցակայաններում, եթե իհարկե առկա լինում է հեղուկ գազ, գինը տատանվում է 240-300, նույնիսկ 330 դրամի սահմաններում, բենզինի 1լիտրը վաճառվում է 480-520 դրամով: Այս օրերին սովորական պատկեր է գազի բոլոր լցակայանների առջև երկարաձիգ հերթերը:

Վարորդների հավաստմամբ՝ օրեր են լինում, որ հեղուկ գազ գտնելը դառնում է անլուծելի խնդիր և ստիպված օգտվում են բենզինց: Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանում վառելիքի շուկայում գրանցվել է աննախադեպ գնաճ, օրինակ՝2021 թ. հունիսին, 2020 թ. հունիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար՝ 59.2% և 47.1% գնաճ: Ուշագրավն այն է, որ մասնագետների կարծիքով, առաջիկայում այս թվերը չեն փոփոխվի, քանի որ խնդրի հետ անմիջական կապ ունեցող նավթի գինը շարունակում է բարձր մնալ: Ինչպես և սպասելի էր, նման առաջնային անհրաժեշտության ապրանքի գնաճն առաջացրել է մեծ դժգոհություն և հարցեր, թե ինչպե՞ս, ի՞նչ գործոնների՝ միայն արտաքի՞ն, թե՞ նաև ներքին խնդիրների հաշվին է Հայաստանում վառելիքի գինը կտրուկ բարձրացել, այն դեպքում, երբ հարևան երկրներում՝ Վրաստան, Ադրբեջան, համեմատաբար ավելի ցածր են գները:

Այս առիթով դեռևս հուլիսին հայտարարություն է տարածել տնտեսական մրցակցության հարցերով զբաղվող «Մրցակցության պաշտպանության» հանձնաժողովը: Հայտարարության մեջ ՄՊՀ-ն հստակ նշել էր, որ խնդրի կարգավորումը, ըստ էության, իրենց լիազորությունների ծիրից դուրս է, որովհետև իրենք գների վերահսկողություն իրականացնում են, երբ ապրանքային շուկայում կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, կամ առկա է հակամրցակցային համաձայնություն: Հեղուկ գազի շուկան մրցակցային է, չկենտրոնացված, չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ,իսկ գների բարձրացումը միայն տնտեսական մրցակացային գործոններով են պայմանավորված, կապ չունեն ներմուծող տնտեսվարողների գործունեության հետ,մեջբերենք մի հատված. «Գնաճը պայմանավորված է հեղուկ գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով, մասնավորապես՝ համավարակով պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ,ինչպես նաև սեզոնայնությամբ, որը նպաստել է պահանջարկի մեծացմանը: ՄՊՀ աշխատակիցները բանավոր զրույցներ են ունեցել նաև հեղուկ գազ ներկրող ընկերությունների հետ, նրանք փաստում են, որ մասնավորապես բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում…Տեղեկացնում ենք, որ հուլիսի 22-ի դրությամբ Ռուսատանի Դաշնությունում հեղուկ գազի մանրածախ գինը կազմում է 185- 220 դրամ, Վրաստանում՝ 220-250 դրամ, Թուրքիայում՝275 դրամ, Ֆրանսիայում՝ 500 դրամ, Ուկրաինիայում՝ 288 դրամ…:Հիշեցնում ենք, որ ոլորտում գործունեություն են ծավալում ավելի քան 50 տնտեսվարող սուբյեկտ, որտեղ, ըստ նախնական ուսումնասիրությունների, չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ուստի նշված ընկերությունները չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ վերոգրյալ ոլորտի ընդհանուր պայմանների, այդ թվում՝ գների վրա»:

Մենք կապ հաստատեցինք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հետ և փորձեցինք ճշտել՝ ինչպես կմեկնաբանեն տարածված խոսակցություններն այն մասին, որ գազի գնաճն առաջացել է նաև խոշոր ներմուծողների անբարեխիղճ մրցակցության, դիտավորյալ արհեստական գնաճ ստեղծելու պատճառով, և արդյոք ներմուծողներ կան, որ կապ ունեն նախկին պաշտոնյայի և ներկայիս իշխանական թևի պաշտոնյայի հետ, թե կարո՞ղ են տրամադրել խոշոր ներմուծողների ցուցակը: Խնդրեցինք նաև արձագանքել որոշ տնտեսագետների կողմից հնչող քննադատություններին առ այն, որ ՄՊՀ-ն և ընդհանրապես պատկան մարմինները տնտեսվարողների գերշահույթներ ստանալու փորձերի դեմ, մենաշնորհի դեմ, գնաճը կանխելու հարցում ոչ մի գործուն քայլ չեն ձեռնարկում, բացի դրանից, կարծում են՝ շուկայում ներմուծողների թիվը ուռճացված է ներկայացվել հանձնաժողովի կողմից, իրականում նրանց քանակն ավելի քիչ է, 50 թվի մեջ ներառված են նաև գազի վաճառքով զբաղվող տնտեսվարողները, հետևաբար այդտեղ որոշակի գաղտնի պայմանավորվածություններ կարող են լինել, իսկ ՄՊՀ-ն փորձում է հայտարարություններով ուղղակի պատասխանատվությունն իր վրայից գցել՝ գնաճը պայմանավորելով միայն համաշխարհային շուկայի, տնտեսական, մրցակցային գործոններով:

Մեզ հետ զրույցում ՄՊՀ-ի աշխատակիցը հավաստիացրեց, որ իրենց տարածած հայտարության մեջ հանգամանալից, թափանցիկ, առանց որևէ կեղծիքի ներկայացրել են իրական խնդիրը, ավելացնելու բան գրեթե չունեն, վերահաստատում են, որ հեղուկ գազի գնաճն իսկապես տնտեսական, մրցակցային պայմաններից է կախված, կենտրոնացված չէ և իրենց հանձնաժողովի վերահսկողությունից, գործառույթներից դուրս է, հետևաբար կանխարգելիչ, կարգավորող քայլեր չեն կարող ձեռնարկել:

Ինչ վերաբերում է ներմուծողների թվին, նրանց մասին կեղծ լուրերին, աշխատակիցն ասաց, որ բոլոր տվյալները համաձայնեցված են ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության հետ, նշված 50 տնտեսվարողները զբաղվում են նաև վառելիքի ներմուծումով, չկա այս դաշտում խոշորների մենաշնորհ, չկան «փայ մտնողներ», իսկ տնտեսվարողների ցուցակ ներկայացնելու իրավասություն չունեն ո´չ իրենց հանձնաժողովը, ոչ էլ ՊԵԿ-ը: Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի կողմից նույն պատասխանը ստացանք:


Այս հարցի շուրջ մենք զրույց ունեցանք անմիջապես հեղուկ գազի վաճառքով զբաղվող անձի, նաև մի քանի վարորդների հետ: Նախ նշենք, որ հեղուկ գազի գինն այս լցակայանում զրույցի պահին 330 դրամ էր: Զրույցի պահին ենք շեշտում, որովհետև տնտեսվարողը տեղեկացրեց, որ վերջին օրերին այն տատանվել է 280-330 դրամի սահմաններում: Մենք հետաքրքվեցինք՝ ինչն է պատճառը, որ հեղուկ գազի շուկայում նման անսպասելի դեֆիցիտ ու գնաճ է առաջացել, նա այսպես մեկնաբանեց. «Իմ տեղեկությամբ, հիմնական խնդիրն այն է, որ Ռուսաստանից քիչ է գալիս և բարձր գներով, նույնն էլ՝ Իրանից, Իրաքից: Դա ընդհանուր կապված է նավթի գնի թանկացման հետ: Ասում են՝ մեզ մոտ նախկինի համեմատ էս քանի ամիսը քչացել են ներկրողները, իսկ ամենախոշորները, առիթից օգտելով, դեֆիցիտ են առաջացնում, որ մի քիչ ավել շահույթ ստանան, դրա համար էլ գներն էսքան ավելացել են: Բացի դրանից` այս քանի օրն Իրանից եկող ճանապարհը փակվելու պատճառով վիճակն ավելի է վատացել, շատ լցակայաններում պարզապես գազ չկա, արագ սպառվում է եղածն էլ: Նախարարությունից ասել են, որ շուտով այլ երկրներից էլ կգա հեղուկ գազ, և գները կիջնեն»:

Մենք հետաքրքրվեցինք նաև՝ որոնք են իր նշած խոշոր ներկրողները, արդյոք տեղյա՞կ է: Մեր զրուցակիցը պատասխանեց՝ տարբեր խոսակցություններ գնում են, բայց հրաժարվեց որևէ կոնկրետ անուն, կազմակերպություն նշել՝ համարելով իր տեղեկություննները բամբասանքի մակարդակի խոսակցություններ:


Օրերս Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անրադառնալով գազի շուկայում ստեղծված իրավիճակին, այն համարեց անհանգստացնող։

«Որոշակի նվազեցում գների կա և կշարունակվի,որոշ գազալցակայաններում արդեն գինը բավականին իջել է՝280 դրամից իջնելով մինչև 240 դրամ: Այժմ մեր աշխատանքները ուղղված են նաև նրան, որպեսզի մենք հայկական ընկերություններին ծանոթացնենք այնպիսի օտարերկրյա մատակարարող ընկերությունների հետ, ովքեր կկարողանան Հայաստանին առաջարկել ավելի մատչելի գներով վառելիք»,- նշեց նախարարը:


Տնտեսագետները, ընդհանուր առմամբ, համոզված են՝ կառավարության քայլերը ուշացած են. այն պարտավոր էր և կարող էր այս երկու ամսում բանակցություններ սկսել հիմնականում Ռուսաստանից, նաև Իրանից, Իրաքից բացի, այլընտրանքային ներկրման հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ, օրինակ՝ նույնիսկ Քաթարից և Ալժիրից հեղուկ գազ ներկրելու համար:

Իսկ ահա տնտեսական վերլուծաբան Կառլեն Խաչատրյանը հակառակ կարծիքն է հայտնում: Ըստ նրա՝ «մեր խոշոր տնտեսվարողները փորձում են գերշահույթ ստանալ, իսկ պատկան մարմինները՝ ի դեմս ՄՊՀ-ի, ոչինչ չեն անում իրավիճակը շտկելու, գնաճը կանխելու համար: Մրցակցային պաշտպանության հանձնաժողովը մինչև վերջ ազնիվ չէ։ Այո´, շուկայում կա ավելի քան 50 տնտեսվարող, սակայն նրանք հիմնականում զբաղվում են վառելիքի վաճառքով, մինչդեռ ներմուծողների քանակը զգալիորեն փոքր է, հետևաբար այդտեղ գաղտնի համաձայնություններ, որոշակի պայմանավորվածություններ կարող են լինել։

Հետևաբար, նրա կարծիքով, ՄՊԱ-ն հայտարարություններով ուղղակի փորձում է իր վրայից պատասխանատվությունը գցել տնտեսական գործոնների վրա կամ գնաճը պայմանավորել միայն տնտեսական գործընթացներով, ինչն այդպես չէ»:

Հաշվի առնելով Մրցակցության պաշտպանության կոմիտեի արձագանքը՝ հիշեցման կարգով նշենք, որ ամիսներ առաջ` Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ, նույն զավեշտալի խնդիրն առաջացավ նաև ձվի շուկայում, նույն արհեստական դիֆիցիտը և խայտառակ գնաճը, երբ խանութների մի ծայրից մյուս ծայրը ձգվող հերթեր էին գոյանում, իսկ սոցիալական կայքերում հազարավոր ծաղրալից մեմեր, հոլովակներ էին տարածվում: Քննադատությունները փաստեցին, որ այդ երևույթը միանշանաակ տնտեսվարողների կողմից միտումնավոր մեծ շահույթ ապահովելու համար չարաշահում է, իսկ նրանց անբարեխղճությունբ այդ դեպքում անբարո քայլ որակվեց պարզապես, քանի որ հազարավոր ընտանիքներում այս գարնանը նշվելու էր 44-օրյա պատերազմի սուրբ նահատակների առաջին Սուրբ Հարության տոնը:

Ահա,այն ժամանակ էլ մենք լսեցինք նմանատիպ պատասխան, մինչդեռ ամիսներ անց ՄՊՀ-ի կայքում արդեն հանդիպում ենք հայտարարության, որտեղ հանձնաժողովի որոշմամբ, «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Աշտարակ Ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք` ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով: Հարց է առաջանում` եթե չլիներ զանգվածային դժգոհություն, կլինե՞ր այս վարչական տույժը։