copy image url
Միտք 3 տարի առաջ - 19:55 16-08-2021

Քաղաքական մեծ շախմատիստը

Հայաստանում ընթացող քաղաքական պրոցեսները վերլուծողներից շատերը գրեթե չեն անդրադառնում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության և 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանի դերակատարմանը, մինչդեռ նա վստահաբար արժանի է ուշադրության։ Մի կողմ թողնենք Ս. Սարգսյան պետական և կուսակցական գործչին և կենտրոնանանք նրա մի շատ կարևոր առանձնահատկության վրա, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա քաղաքական կենսագրության վրա՝ շախմատիստի մտածողությունը։ Հիշեցման կարգով նշենք, որ 2016 թվականին Մոսկվայում Ս. Սարգսյանը ընկերական խաղի ժամանակ հաղթեց ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին արագ շախմատով։ Իհարկե, վերջինիս զբաղեցրած պաշտոնն ուղղակիորեն չի ենթադրում լինել բարձրակարգ շախմատիստ, բայց Կիրսան Իլյումժինովը 15 տարեկան հասակում ղեկավարել է Կալմիկիայի շախմատի մեծահասակների հավաքականը, ինչն արդեն խոսում է նրա ունակությունների մասին։

Եվ այսպես, փորձ անենք հասկանալ, թե ինչպես է մտածում հմուտ շախմատիստը, որոնք են նրա մտածողության գլխավոր առավելությունները և ինչպես են դրանք դրսևորվում քաղաքական կյանքում։ Հայտնի է, որ շախմատ խաղալիս առաջնորդվում են ոչ թե կոնկրետ ֆիգուրի դիրքով, այլ մոդելներով և իրավիճակներով։ Որքան արագ է կողմնորոշվում խաղացողը ստեղծած մոդելի /իրավիճակի/ մեջ, այնքան ավելի մեծ շանսեր ունի լավ դիրք զբաղեցնելու։ Իսկ լավ դիրքը շախմատում հաղթանակի կեսն է։ Շախմատիստը գնահատում է ֆիգուրների դասավորությունն իր շահերին նպաստավոր լինելու տեսանկյունից և ցանկացած իրավիճակում փորձում է ձևակերպել և իրացնել իր նպատակները։

Հիշենք այս սկզբունքները, որովհետև Ս. Սարգսյանի քաղաքական կենսագրությունը նրա նախագահության ընթացքում կառուցվել է դրանց վրա։ Այդ տարիներին քաղաքականության և դրանում իր տեղի վերաբերյալ նրա որպես շախմատիստի վերաբերմունքի թերևս ամենացայտուն դրսևորումը կապված է 2016 թվականին Երևանում ՊՊԾ գնդի գրավման հետ։ Այդ օրերին նա ոչ թե հրամայեց սեղմ ժամկետում վնասազերծել զինված խմբին, այլ ձգձգեց խնդրի լուծումը՝ այդ ընթացքում օգտագործելով իրավիճակն իր խնդիրները լուծելու համար։ Հնարավոր է, որ ՊՊԾ գնդի գրավումը նա ներկայացրեց արտաքին ուժերին որպես իր իշխանության իրական սպառնալիք կամ, օրինակ, Արցախի հիմնահարցի լուծման իր պատկերացրած տարբերակի իրականացման դեմ ուղղված գործողություն։ Ամեն դեպքում, ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում իրականացրած անձանց իրավապահ համակարգի կողմից ոչ թե նույնիսկ օրերի, այլ ժամերի ընթացքում չվնասազերծելը վկայում է այն մասին, որ կար քաղաքական որոշում չիրականացնել կտրուկ գործողություններ՝ մինչև ստեղծած իրավիճակից չքաղվեն քաղաքական բոլոր հնարավոր դիվիդենտները։ Փոխարենը 2013 թվականին շատ կարճ ժամանակահատվածում բերման էր ենթարկվել «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով Ազատության հրապարակում բողոքի ակցիա սկսած Շանթ Հարությունյանը։ Վերջինս 2014 թվականին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, իսկ նրա գաղափարակից ընկերները ստացան 1-ից 7 տարվա պատիժ։ Նույնը, սակայն, չիրականացվեց 2018 թվականին «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսով ավելի քան 40 օր հեղափոխություն քարոզող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Սերժ Սարգսյանի նման հակասական վարքը և, ըստ էության, մարդու իրավունքների ու ազատությունների և ՀՀ օրենքների կամայական մեկնաբանությունը թույլ են տալիս եզրակացնել, որ նա երկրի ղեկավարի պաշտոնում ևս չի դադարել մտածել որպես շախմատիստ և ցանկացած իրավիճակ գնահատել է ոչ թե ՀՀ օրենքների և դրանից բխող իր պարտականությունների, այլ առաջին հերթին իր իշխանության շահերի տեսանկյունից։ Այդպես, 2013 թվականին Շանթ Հարությունյանի կալանավորումը նախորդել էր ՌԴ նախագահ Վ. Պուտինի՝ Հայաստանի Հանրապետություն դեկտեմբերին նախատեսված պետական այցին։ Ամենայն հավանականությամբ Ս. Սարգսյանը չէր ցանկանում, որ ՌԴ նախագահի այցի օրերին Երևանում տեղի ունենային հակառուսական հավաքներ, որոնք անխուսափելիորեն ներկայացնելու էին նաև մամուլում։ Հետևաբար, նրա նպատակն էր ցույց տալ ՌԴ ղեկավարին, որ Հայաստանում չկան հակառուսական տրամադրություններ, և որ ինքը լիովին վերահսկում է երկրում քաղաքական գործընթացները։ Նույնը, սակայն, տեղի չունեցավ 2018 թվականի իշխանափոխության ժամանակ, որի առաջին շարքում կանգնած մարդիկ աչքի էին ընկել շեշտված հակառուսական դիրքորոշմամբ։ Հետևաբար, այս դեպքում Ս. Սարգսյանի շահերն այլ էին. եթե 2013 թվականին նա ցանկանում էր ցույց տալ, որ լիովին վերահսկում է երկրում քաղաքական իրավիճակը, ապա 2018-ին նրա անգործությունը պետք էր՝ ցույց տալու համար, որ նա այլևս ոչինչ չի վերահսկում և, հասկանալով դա, հեռանում է։ Բայց դա նշանակում է առնվազն այն, որ 2018 թվականի իշխանափոխությունը ոչ միայն չէր հակասում Ս. Սարգսյանի նպատակներին, այլև համընկնում էր դրանցից մի քանիսի հետ։ Ի դեպ, 2021 թվականի ապրիլի 30-ին տված հարցազրույցում նա այսպես պատասխանեց 2018 թվականի զանգվածային ցույցերին և հեղափոխության քարոզչության ընթացում իր ցուցաբերած անգործության մասին հարցին։

Հարց. - Պարոն նախագահ, Դուք հասկանո՞ւմ էիք, թե այն ժամանակ դեռ չէիք հասկանում՝ ազգային էսպիսի աղետ լինելո՞ւ է, թե՞ ոչ:

Ս. Սարգսյան. – Անշուշտ, ես չէի պատկերացնում, որ կարող էր այսպիսի հետևանք լինել: Իհարկե, ես շատ լավ հասկանում էի, որ այդ շարժումը հակաղարաբաղյան շարժում է, ես շատ լավ հասկանում էի, որ մարդկանց տարիներով փորձել են հավատացնել, որ Հայաստանը չզարգացող երկիր է, որ Հայաստանում կոռուպցիան հասել է չգիտեմ ինչ-ինչ աստիճանի, որ Հայաստանում անարդարությունը անսահման է և այլն, և այլն: Բայց, որ կարող էր այսպիսի աղետ լինել, բնական է, ես չէի կարող կանխատեսել: Ես հասկանում էի, որ, այո, կարող են լինել խնդիրներ, հասկանում էի, որ եթե բանակցային պրոցեսում գլխավոր բանակցողները փոխվեն, Ղարաբաղի խնդրի լուծումը գնալու է այլ ուղղությամբ՝ հավանականությունը մեծ էր: Ես այդպես էի կարծում:

Հարց. - Չգիտեմ, գուցե հեշտ է խոսել երեք տարի անց, բայց հիմա վերհիշելով նույն Ռադիոտունը, օրինակ (ռազմավարական օբյեկտ է Ռադիոյի տունը), երբ մտան և գրավեցին Ռադիոյի տունը, պետք չի նույնիսկ իրավաբան լինել՝ հասկանալու համար, որ բոլոր հիմքերը կային Նիկոլին ձերբակալելու: Եվ հիմա նույն այդ մարդկանց հայացքով նայելով` ինչո՞ւ չձերբակալեցիք Ռադիոյի տունը գրավելուց հետո:

Ս. Սարգսյան. – Այո, ակնհայտ է, որ հանցագործություն կար: Բայց ես խնդրին նայում էի մի քիչ ավելի լայն պատկերի մեջ, այլ տեսանկյունից էի նայում, քանի որ իրենք սակավաթիվ էին, քանի որ չկար որևէ կանխատեսում, որ այդ շարժումը կարող էր աճել, ստանալ այն թափը, այն մասշտաբները, որ հետո ունեցավ: Եվ որոշեցինք, որ դա կարող էր նմանվել այլ երկրների սցենարներին, որտեղ ձերբակալումից կամ ուժ կիրառելուց հետո այդ շարժումները ստանում էին բոլորովին այլ բնույթ: Սա էր միակ պատճառը, որ ձերբակալում տեղի չունեցավ: Կարծում էինք, որ դա գուցե խայծ էր, խայծ էր, որպեսզի նա ձերբակալվի, այնուհետև հերոսացվի, և դրա հիման վրա շարժումը թափ հավաքի:

Իսկ հիմա տեսեք, թե ինչպես է նույն հարցազրույցի մեկ այլ հատվածում Ս. Սարգսյանը պատասխանում այն հարցին, թե ինչու Ն. Փաշինյանը չձերբակալվեց Ռադիոտուն ներխուժելուց հետո, բայց ձերբակալվեց Ս. Սարգսյանի հետ հանդիպումից հետո։

Հարց. - Եթե Ռադիոտնից հետո չձերբակալվեց, ապա ինչո՞ւ այդ հանդիպումից հետո ձերբակալվեց:

Ս. Սարգսյան. - Տարբերությունը շատ մեծ էր: Ռադիոտան ժամանակ նրանք սակավաթիվ էին, իսկ այդ ժամանակ արդեն բավականաչափ մարդ կար փողոցներում, և նրանք արդեն կարմիր գծերը հատել էին: Հենց դրա համար էլ ես չընդդիմացա իրավապահների որոշմանը: Ինքս իմ ներսում արդեն մտածում էի հրաժարականի մասին: Ուստի, մտածեցի, որ իրավապահների որոշումը, եթե ճիշտ է, և եթե դրանից հետո կարող էր հանդարտություն տիրել, ապա թող ձերբակալեն: Միևնույն է, ես ամսի 21-ի երեկոյան, 22-ի առավոտյան արդեն մտածում էի հրաժարականի մասին: Անկախ նրանից՝ կհանդարտվեր, թե չէ, միևնույն է, ես հրաժարական էի տալու, որովհետև կային դրա համար պատճառներ: Ուստի, նորից եմ կրկնում, ես չընդդիմացա` մտածելով, որ եթե հանդարտվի՝ հանգիստ պայմաններում հրաժարական կտամ, չհանդարտվի՝ ուրեմն ով ինձ կփոխարինի, նա էլ նրան կազատի:

Այսինքն՝ Ս. Սարգսյանն ասում է, որ Ռադիոտան գրավման ժամանակ Ն. Փաշինյանը չի ձերբակալվել, որովհետև շարժումը փոքրաթիվ էր, և նա չէր ցանկանում ձերբակալումով նոր թափ հաղորդեր շարժմանը, իսկ արդեն իր հետ հանդիպումից հետո Ն. Փաշինյանը ձերբակալվեց, որովհետև շարժումը մեծաթիվ էր և արդեն վտանգավոր (նրանք արդեն կարմիր գծերը հատել էին)։ Չմոռանանք նաև նրա այն խոստովանությունը, որ իր հետ հանդիպումից հետո նա չի ընդդիմացել իրավապահների որոշմանը, ինչը նշանակում է, որ նա իրեն է վերապահում իրավապահների որոշումներին ընդդիմանալու իրավունք։ Բայց էականը սա չէ, այլ այն, որ նրա գործողությունները, ինչպես նաև դրանց իր կողմից տրվող մեկնաբանությունները չեն տեղավորվում տրամաբանության, հետևողական մտածողության և օրենքի շրջանակներում, սակայն կարող են ունենալ միայն մեկ ընդհանուր բացատրություն. նա արել է միայն այն, ինչ բխել է իր շահերից և նպատակներից։ Նշված հարցազրույցում նույնպես նա, որպես հմուտ շախմատիստ, առաջին հերթին դիրքավորվում է, դիրքավորվում որպես երկրի ապագայի մասին մտածող և Հայաստանի հասարակության ցանկություններին ընդառաջ գնացած պետական և քաղաքական գործիչ։ Եվ դա անում է այն դեպքում, երբ ասում է, որ գիտեր, որ Ն. Փաշինյանի գլխավորած շարժումը հակաղարաբաղյան բնույթ ունի, որ մարդու կյանքը Ն. Փաշինյանի համար արժեք չունի, և որ Ն. Փաշինյանը հատել է կարմիր գծերը։ Հակասությունը երկրի ղեկավարի պարտականությունների հետ առավել քան ակնհայտ է։

Իսկ ինչպե՞ս է դիրքավորվել Ս. Սարգսյանը հետպատերազմյան Հայաստանի քաղաքական խճանկարում։ Որքան էլ նա արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում փորձում էր հանդես գալ Ն. Փաշինյանին կոշտ քննադատողի դերում, սակայն իր գործողություններով, հատկապես ձայնագրությունների գաղտնազերծումով, նպաստեց Ն. Փաշինյանի վարկանիշի բարձրացմանը։ Եվ, իհարկե, Ս. Սարգսյանը չէր պայքարում իր ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսներով, քանի որ իր գլխավորած «Պատիվ ունեմ» շարժման ո՛չ առաջին դեմքերը, ո՛չ ելույթները և ո՛չ էլ գործողությունները չէին կարող ապահովել հաղթանակ խորհրդարանական ընտրություններում։ Հետևաբար, Ս. Սարգսյանի նպատակը Ն. Փաշինյանին իշխանությունից հեռացնելը չէր, ինչի համար ամենաճիշտ քայլը կլիներ միավորվելը Ռ. Քոչարյանի և հակափաշինյանական այլ ուժերի հետ, ինչը, սակայն, տեղի չունեցավ։ Ս. Սարգսյանի համար այս պահին առավել կարևոր էր ոչ թե հաղթանակը, այլ նպաստավոր կերպով դիրքավորվելը երկրի քաղաքական խճանկարում, կամ քաղաքականություն վերադառնալը։ Դրա համար բավական է ներկայացված լինել ԱԺ-ում, ինչն էլ տեղի ունեցավ։ Իսկ ի՞նչ նպատակով է Ս. Սարգսյանն ուզում, որ իր ղեկավարած քաղաքական ուժը ներկայացված լինի խորհրդարանում։ Քաղաքականությունը որպես շախմատային խաղ ընկալող մարդը խաղում է այնքան ժամանակ, քանի դեռ խաղը շարունակվում է։ Եթե շախմատում նպատակը հաղթանակն է, ապա քաղաքականության մեջ՝ իշխանությունը։ Ս. Սարգսյանը դիրքավորվել է քաղաքականության մեջ՝ իշխանությունը վերցնելու նպաստավոր պայմաններ ստեղծելու կամ սպասելու մարտավարությամբ։ Այդ ճանապարհին նրան ավելի շատ խանգարում է Ռ. Քոչարյանը, ոչ թե Ն. Փաշինյանը, որովհետև վերջինիս անհավասարակշիռ հոգեկան վիճակը, տարվող հակապետական և հակաազգային քաղաքականությունը, ցածր վարկանիշը, կադրային ոչ արդյունավետ քաղաքականությունը և այլ ակնհայտ թերացումներն ավելի հավանական են դարձնում իշխանափոխությունը հակափաշինյանական հանրային տրամադրությունների հիման վրա, ինչը քիչ հավանական կլիներ, եթե իշխանության գար Ռ. Քոչարյանը, որից իշխանություն վերցնելը Ս. Սարգսյանի համար կլիներ անհամեմատ ավելի դժվար։

Այսինքն՝ Ս. Սարգսյանը շարունակում է քաղաքականության մեջ հանդես գալ ոչ թե որպես ազգային-պետական գործիչ, այլ որպես հմուտ շախմատիստ, որը հաշվարկում է իշխանության գալու իր ղեկավարած ուժի հավանականությունը և դիրքավորվում է հենց այդ նպատակի իրականացման համար։ Այս տեսանկյունից, անցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրան ձեռնտու էր հենց Ն. Փաշինյանի, ոչ թե Ռ. Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժի հաղթանակը, և Ս. Սարգսյանն իր լուման ունի նրանում, որ Ն. Փաշինյանի ղեկավարած ուժը ստացավ մյուսներից շատ ձայներ։

adv_banner

Ամենից շատ դիտված

09:24 Երևանում ավտոբուսի վարորդները գործադուլ են անում
22:05 «Մուրացանի» հոսպիտալում բժիշկը հանել է օրգաններս․ այս երկրում գերու կարգավիճակ ունեմ․ նախկին զինծառայող
14:39 Գործադուլ անող և աշխատանքից ազատված վարորդների ցուցակը
11:50 Լոմով էղնի, լապատկով էղնի, պիտի կրենք.  Փաշինյանը մերժել է գյումրեցի երգիչ-դերասանի թեկնածությունը
22:36 Ոստիկանները հայտնաբերել են խանութը թալանողներին, կոտրված տերմինալն ու Hyundai-ն. shamshyan.com
08:00 Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջև ու ներողություն խնդրել. Ժողովուրդ
23:47 ՆԳ նախարարի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Պարեկային ծառայությունում. shamshyan.com
07:40 Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. Փաստ
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 38 հազար դոլար, 13 մլն եկամուտ. Գեղամ Նազարյանի, կնոջ և որդու ունեցվածքը
21:36 ԽԾԲ-ից բողոքող Փաշինյանը ԲԴԽ նախագահ է դարձրել իր քավորի մորաքրոջ տղային

Ձեզ գուցե հետաքրքրի