Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստան ներկրվող էլեկտրամոբիլներին ավելացված արժեքի հարկից ազատելու վերաբերյալ օրենքը երկարաձգելու մասին նախագիծ։ Ըստ նախագծի՝ առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 52-րդ կետում կատարվող լրացմամբ ԱԱՀ-ից ազատման արտոնություն սահմանել նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8704 90 000 1 ծածկագրին դասվող մինչև 5 տոննա զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծման և օտարման մասով, ինչպես նաև նույն կետով սահմանված ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառման ժամկետը երկարաձգել երեք տարով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։
Կառավարությունը իր այս նախագիծը հիմնավորում է վիճակագրական տվյալներով, որոնք, ըստ կառավարության, պահպանելու համար պետք է օրենքի գործողության ժամկետը երկարաձգել. «2019-2021 թվականների ընթացքում ներմուծվել է ավելի քան 5200 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց (2018 թվականին ներմուծվել է ընդամենը 12 էլեկտրամոբիլ): 2018-2020թթ. «am՝ էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում ՄԱԶԾ/ ԳԷՀ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում տեղադրվել են 20-ից ավելի լիցքավորման կայաններ հանրապետության գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաև մշակվել է լիցքավորման կայանների տեղակայման հիմնական քարտեզ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2021/2022թթ. նախատեսվում է միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մասնագիտությունների շարքում ընդգրկել նաև էլեկտրոմոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման տեխնիկ մասնագիտությունը»։