2022 թվականից Հայաստանում կլիցենզավորվեն նախադպրոցական ծառայությունները, այդ թվում՝ զարգացման կենտրոնները: Կրթական համակարգի լիցենզավորումը մեկնարկել է դեռ 2000 թվականին, այսինքն՝ պետության կողմից հաստատված բոլոր կրթական ծրագրերը ՝ հանրակրթական, նախադպրոցական, բարձրագույն բուհական, քոլեջային և ուսումնարանային ենթակա են պարտադիր լիցենզավորման՝ նշում է նախարարության լիցենզավորման գործակալության պետը: Սակայն խնդիր առաջացավ, երբ ստեղծվեցին հաստատություններ, որոնք իրականացնում են ոչ թե նախադպրոցական կրթական ծրագրեր, այլ մատուցում են նախադպրոցական տարիքի երեխաների համար ծառայություններ՝ խնամք, հոգածություն, կրթություն, զարգացման ծրագրեր:
«Կարծես ստեղծվել էր մի իրավիճակ, որ նախադպրոցական տարիքի երեխաների հետ իրականացվում է աշխատանք, մատուցվում են ծառայություններ, բայց դրանք պետության վերահսկողությունից դուրս են: Դրա համար օրենքի ընդունումից հետո, և օրենքի անցումային դրույթներն էլ ասում են, որ այդ հաստատությունները ենթակա են լիցենզավորման»,- ասում է ԿԳՄՍՆ լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Արշակյան:
Արշակյանի խոսքով՝ նախարարությունը ներկա պահին քննարկում է լիցենզավորման չափորոշիչների հարցը. գործընթացը բավական դժվար է ու տևական ժամանակ է պահանջում: