copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:11 30-08-2021

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տվյալները կներբեռնեն նաև նախադպրոցական հաստատությունները

ԿՏԱԿ-ը կրթական ոլորտի աշխատանքները ամփոփում և նոր ուսումնական տարի է մուտք գործում՝ նոր գաղափարներով և ծրագրերով։ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգին այս տարի կմիանան նախադպրոցական հաստատությունները:

ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ 2021 թվականի օգոստոսի 25-26-ին Աղվերանում օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակներում կայացավ ՏՀՏ-ն կրթության մեջ խորհրդաժողովը։

Ներկա էին ԿԳՄՍ նախարարության ոլորտային և այլ վարչությունների ներկայացուցիչները, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության, երիտասարդության և սպորտի վարչությունների, ինչպես նաև հանրակրթության վարչության ներկայացուցիչները։

Խորհրդաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը։ Նա ընդհանրական կերպով անդրադարձ է կատարել 20-21 թվականների կատարած աշխատանքներին, ինչպես նաև խոսել է ոլորտում գրանցած ձեռքբերումների և խոչընդոտների մասին։

Տնօրենը նաև նշել է, որ աշխատաժողովի նպատակն է մանրամասնորեն քննարկել հեռավար կրթության բնագավառում իրականացված և շարունակվող ծրագրերը, լսել ոլորտի պատասխանատուներին անհանգստացնող հարցերը։

Խորհրդաժողովի ժամանակ արձանագրվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն 2021-2022 ուսումնական տարվանից սկսած Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում սահմանված կարգով տվյալներ կլրացնեն նաև նախադպրոցական հաստատությունները՝ մանկապարտեզներն ու նախակրթարանները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից։

Օրակարգում ներառված էին «Հայկական կրթական միջավայր»-ին վերաբերող հարցեր։ ԿՏԱԿ-ի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների բովանդակության և վերապատրաստումների բաժնի պետ Մանուշակ Ավետիսյանը ներկայացրել է պորտալի վերջին 2 տարիների վիճակագրական տվյալները։ Նա նշել է, որ այս ուսումանական տարվանից ուսումնարանները նույնպես կօգտագործեն էլեկտրոնային մատյաններ։ Նախնական (արհեստագործական) մասնագիտական հաստատությունները նույնպես կիրառելու են էլեկտրոնային մատյաններն ու սահմանված կարգով պահանջվող տվյալները ներմուծելու են իրենց համար նախատեսված ենթահամակարգ։ Գործընթացն առավել դյուրին դարձնելու համար ԿՏԱԿ-ը նախատեսում է ուսուցողական հոլովակների միջոցով աջակցել տեղերում համակարգին միանալու պատասխանատու անձանց։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաև սահմանամերձ բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների գործուղման համակարգին։ Մարզերի կրթության պատասխանատուներին ներկայացվել է, թե ինչպես է համալրվում kadrer.emis.am համակարգը: Առանձնակի կարևորվել է դպրոցի պատասխանատուների կողմից տվյալները ժամանակին ու պատշաճ ներմուծելու և փոփոխությունները կատարելու հարցը։

Խորհրդաժողովի մասնակիցները ծանոթացել են նաև ԿԿՏՀ կարևորագույն ենթահամակարգերից մեկին՝ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ու արձանագրման համակարգ ունեցող սովորողների ռեգիստրին: Այդ ենթահամակարգի միջոցով թվայնացվում են երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման գործընթացը։

Համակարգը հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների գտնվող երեխային մատուցել տարբեր ծառայությունների տեսակները։ Այս ենթահամակարգը միտված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման, մատուցվող ծառայությունների տեսակի, արդյունքների մասին տեղեկատվության հավաքագրման և վիճակագրության վարման գործընթացներն առավել արդյունավետ դարձնելուն։

Խորհրդաժողովին մասնակիցներին ներկայացվել է նաև էլեկտրոնային դպրոցի նոր մոդելը: Անցած տարի համավարակի պատճառով մեկնարկած «E-school Armenia» նախագիծն այս փուլում ընթանում է ապակենտրոնացման ճանապարհով, և ընտրված 18 մենթոր դպրոցների ուսուցիչները սեպտեմբերից էլեկտրոնային դասեր կվարեն այն սովորողների համար, որոնց ուսումնական հաստատություններում առկա չէ տվյալ առարկայի մասնագետը: Նախնական տվյալներով մենթորական ցանցում ներգրավված 37 վերապատրաստված մենթորներն ապահովելու են առարկայական ուսուցիչների բացը շուրջ 100 դպրոցներում: Այս համակարգի արդյունավետության ապացույցը, ըստ ծրագրի պատասխանատուների, Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղի աշակերտի օրինակն է, որ «Քիմիա» առարկան, սովորելով ամբողջությամբ հեռավար եղանակով, ընդունվել է Բժշկական համալսարանի անվճար համակարգ:

Անդրադառնալով հեռավար ուսուցման կազմակերպման ու կայացման պատմությանը՝ Ա. Պողոսյանը նշել է, որ «E-school Armenia» նախագիծը մեկնարկել է 2020 թվականի մարտ ամսին ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի համագործակցությամբ` համավարակի պայմաններում կրթության շարունակականությունն ապահովելու համար: Նախագծի շրջանակում նկարահանվել է 1-12 դասարանների սովորողների համար նախատեսված 2000 տեսադաս, որոնցից 500-ը ներկայացված են նաև ժեստերի լեզվով: Կենտրոնացված հեռավար դպրոցին մասնակցել է ընդհանուր առմամբ 5000 աշակերտ:

Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել է նաև Իթվինինգ ծրագիրը: