Երևան +12°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:22 09-07-2021

Մինչև հերոսին ստեղծելը, պետք է ստեղծել և ամրապնդել հակահերոսի կերպարը. մասնագետ

Հանրային կապերի մասնագետ, սոցիոլոգ Նոնա Մելքոնյանի հետ զրուցել ենք հերոս դառնալու չափանիշների փոփոխականության և հերոս-հակահերոս պայքարի մասին:

-Տիկի՛ն Մելքոնյան, ո՞վ է հերոսը:

«Հերոս» հասկացությունն ավելի շատ արքետիպային բնույթ ունի: Նրա մասին պատկերացնումները բխում են մարդկային զարգացման պատմությունից, արքետիպային հիմք ունեցող կարծրատիպերից:

Հերոսը դիտարկվում է մշակութային պրիզմայով և մեծապես կախված մշակույթից, որում նա ձևավորվում է, քանի որ հերոսական գործողություններն ու սխրանքները պայմանավորված են հասարակության իդեալներով ու արժեքներով: Եվ հենց այստեղ կցանկանայի մի մեջբերում անել՝ իսկ ինչ է մարդկության պատմությունը, եթե ոչ հերոսի գովերգման պատմություն:

Մենք կարող ենք տվյալ հասարակության մասին հստակ պատկերացում կազմել, եթե իմանանք, թե որոնք ենք տվյալ հասարակության հերոսները, քանի որ հերոսն է այդ հասարակության ամենաբարձր արժեքների կրողն ու արտացոլողը

Ուսումնասիրելով հերոսների մասին ընկալումները՝ կարող ենք հասկանալ, թե զարգացման ինչ փուլում է գտնվում տվյալ հասարակությունը և ինչ արժեքների է դավանում:

-Ի՞նչ է պետք հերոս դառնալու համար:

Հերոս դառնալու համար մարդը պետք է որոշակի փորձություններ հաղթահարի, և տարբեր պատմական փուլերի ընթացքում հերոսի առջև տարբեր պահանջներ են դրվում։

Եթե մենք հերոսի ճանապարհը կամ նրա միֆի ձևավորումը դիտարկենք, ապա հերոսն անպայման պետք է որոշակի խոչընդոտների հանդիպի, հակահերոսներին հաղթի, որոնք տարբեր ժամանակներում տարբեր են, և ապա միայն հերոս հռչակվի:

Որոշ դեպքերում խոսքը պատերազմի, ռազմական իրավիճակների մասին է, երբ հերոս դառնալու համար պետք է հաղթել թշնամուն մարտի դաշտում:

Հերոս կարող է լինել նաև այն քաղաքական գործիչը, որը կարողացել է փոխել երկրի ուղին և ընտրել զարգացման ու բարեփոխման ճանապարհը:

-Այդ դեպքում՝ ո՞վքեր են մեր ժամանակների հերոսները:

Բնականաբար ժամանակները փոխվել են, և փոխվել են նաև հերոսին ներկայացվող պահանջները:

Մենք այսօր ունենք հերոսներ ստեղծող հատուկ մի ‹‹հոսքագիծ››, քանի որ ապրում ենք մի ժամանակահատվածում, որտեղ հերոսի կրած ավանադական, բարձր արժեքները սրընթաց փոփոխվում են:

Ընդ որում, արժեքների այսպիսի դինամիկ փոփոխությունն այսօր բոլոր հասարակություններին է բնորոշ, պարզապես փոփոխման արագություններն են տարբեր:

Ստացվում է, որ այսօր հերոսի հանդեպ բոլորովին այլ պահանջներ են դրվում, օրինակ՝ միլիոնավոր դիտումներ Tik-Tok -ում ունենալը, Օսկարի մրցանակ ստանալը, ծանրամարտի բազմակի չեմպիոն դառնալը, նոր դեղորայքի հայտնաբերելը:

Հարց է առաջանում՝ արդյոք այդ փոփոխություն բերողները հերո՞ս են, թե՝ ոչ, իսկ այդ փոփոխությունների ալիքի վրա եկողնե՞րը:

Ըստ էության, այստեղ գիտական մոտեցման երկու ձև կա՝ ‹‹մեծ մարդու›› տեսությունները, ըստ որոնց հերոսները փոփոխություն բերողներն են, և ‹‹իրավիճակային տեսությունները», որոնք բացատրում են, թե ինչպես են հատուկ իրավիճակները ստեղծում առաջնորդներ և հերոսներ:

Այժմ մենք ապրում ենք մի հետաքրքիր հիբրիդային իրավիճակում, որտեղ կարևոր է հասկանալ, թե տվյալ փոփոխությունն իր հետ ինչպիսի նոր արժեքներ է բերում, և ովքեր են այդ արժեքները կրողները: Սրանից էլ պարզ կդառնա՝ հերոս են այդ մարդիկ, թե՝ ոչ:

-Ինչպե՞ս է կատարվում հասարակության կողմից դրական ու բացասական հերոսների գնահատումը:

Առհասարակ հերոսն առանց հակահերոսի չի լինում: Ըստ էության, երբ մենք հերոսական առասպել ենք ստեղծում, այն երկկողմանի՝ անտագոնիստի և պրոտագոնիստի մասին ձևավորված միֆ է: Հերոսն առավել վառ է երևում հակահերոսի ֆոնին:

Ասեմ ավելին՝ եթե մենք խնդրին նայենք քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից, ապա մինչև հերոսի կերպարն ստեղծելը, պետք է նախևառաջ ստեղծել և ամրապնդել հակահերոսի կերպարը, քանի որ նա է հենց այն ելակետը, ի հակադրումն որին՝ ձևավորվում է արդեն հերոսի կերպարը:

Բայց այստեղ էլ մենք խնդիր ունենք. բանն այն է, որ անընդհատ փոփոխվող պայմաններում դրականն ու բացասականը գնահատելը շատ բարդ է դառնում:

Ավելին՝ շատ դեպքերում, նույնիսկ նորմա է դառնում բացասականին ձգտող էպատաժային վարքը:

Ստացվում է, որ երբեմն հակահերոսները հերոսներից ավելի շատ են արտադրվում և նույնիսկ ավելի շատ հետևորդներ ունենում։

-Արդյո՞ք 21-րդ դարի ‹‹ախտը›› ՝ ֆեյքը, տարածվում է նաև հերոսների վրա:

Ֆեյք հերոսներ կամ փսևդո կամ քվազի հերոսները միայն 21-րդ դարին չէ, որ բնորոշ են: Նրանք միշտ են եղել:

Հասարակության մեջ ապրում են տարբեր սերունդների ներկայացուցիչներ, որոնք բոլորովին այլ արժեքներ կրող հերոսների են դավանել, և հանկարծ դուրս է գալիս, որ հերոսը ոչ թե սիստեմի դեմ պայքարողն է կամ գիտական հայտնագործություն անողը, այլ Tik-Tok-ում կամ YouTube- ում դիտումներ հավաքողը:

Անդրադառնալով քվազի հերոսներին՝ ինչպես արդեն նշեցի, նրանք միշտ են եղել, պարզապես հիմա են ‹‹դարդ ու ցավի›› վերածվել:

Եթե նախկինում հարթակները, որոնցով հերոսը հերոս էր ներկայանում, սահմանափակ էին, այսօր դրանք բազմաթիվ են՝ մեծապես օնլայն:

Եվ այդ հարթակներն զբաղված են հերոսներին արտադրելով:

Եթե առաջ հերոսն ինքը պետք է ինչ-որ սխրանքներ գործեր հերոս դառնալու համար, հիմա նրանից հերոս դարձնում են:

Այսպիսի հարթակների ստեղծման սրընթաց արագությունը բերում է նաև այդ հերոսների նույնքան արագ մոռացման:

Գոյություն ունեն նաև ‹‹ժամկետանց›› հերոսներ, որոնց կողքին ապրում են նաև առաջամարտիկ՝ պրոգրեսիվ հերոսները, օրինակ՝ Իլոն Մասկը, որի ծավալած գործունեությունը բոլորին չէ, որ պարզ է, բայց նա ապագան ցույց տվող հերոս է:

-Իսկ ո՞վքերն են հերոսներին գնահատողները:

Մենք ունեք երիտասարություն, որի մի մասը Y, մյուս մասը՝ Z սերունդն է ներկայացնում: Ըստ էության, գործ ունենք համացանցային սերնդի հետ, որը սովոր է առցանց խաղերին, սուպերմեններին և այն հարթակներին, որոնք ստեղծում են այդ հերոսներին:

Նրանց համար ավագ սերնդի հերոսները ձանձրալի են, շոու անող չեն, անհետաքրքիր են:

Բացի դրանից, ելնելով հարթակների փոփոխման արագությունից, փոփոխվում են նաև նրա դավանած արժեքները. այն, ինչը նրա համար այսօր արժեքավոր է, վաղն այլևս արժեք կարող է չունենալ: Հնացավ, մաշվեց:

Սա նաև համացանցի խնդիրն է. երբ քո հարթակն արագ է թարմացվում, արագ են թարմացվում նաև արժեքներն ու նախապատվությունները, հետևաբար՝ նաև՝ հերոսները:

-Ինչպե՞ս է կատարվում հերոսների միջոցով հասարակության կառավարումը:

Ի դեպ, ասեմ, որ ոչ միայն հերոսներով, այլ նաև հակահեոսներով է հնարավոր մարդկանց ու հասարակությանը կառավարել:

Այն կառավարելու ամենալավ տեխնիկան է, որն ըստ էության, նախատեսված է հասարակությանը մոբիլիզացնելու, համախմբելու կամ պառակտելու համար:

Հակահերոսներով համախմբելը շատ ավելի դյուրին է, քանի որ ‹‹ի հակադրումն›› ավելի շատ մարդ է հավաքվում, քան ‹‹հանուն››-ը:

- Մեր իրականության մեջ հնարավո՞ր է արդյոք հերոսների կոլապսը:

Հայաստանն արդեն վաղուց ապրում է անոմիայի ժամանակահատվածում:

Դա մի սոցիալական իրավիճակ է, երբ հին արժեքները չեն գործում, իսկ նորերը դեռ մտածված և յուրացված չեն:

Անոմիկ հասարակություններին բնորշ է քաոտիկ, կամ Ձեր բառապաշարով ասած՝ կոլապսային իրավիճակը, և այն կարող է լինել ոչ միայն հերոսների կերտման, այլ շատ ու շատ այլ հարցերում՝ կրթությունից մինչև պաշտպանություն:

Սրանք էտապներ են, որի միջով անցնում է հասարակությունը:

2018-ից ի վեր, մենք ապրել ենք երեք խոշորագույն ճգնաժամ՝ հեղափոխություն, որն արժեքներ փոխեց, Covid 19-ը, որը փոխեց մարդկանց պատկերացումը լավի ու դրականի մասին, և պատերազմը:

Եթե պատերազմն ավարտվեր հաղթանակով, այն այլ հերոսների կբերեր, բայց այս պարտությունն ու մնացած ճգնաժամերը պարզապես ծածկեցին միմյանց, և իրավիճակն էլ ավելի վատթարացավ:

Հիմա մենք պետք է գնանք արժեքները վերագտնելու, վերաիմաստավորելու և նոր արժեքներ առաջարկելու ուղղությամբ:

Ձեզ գուցե հետաքրքրի