Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:55 05-07-2021

Վստահ եմ, որ ԵՊԲՀ-ի պրոֆեսորները, դասախոսները ինձ լավ հասկանում են․ Արտավազդ Սահակյան

«Ես կարդացի ռեկտորի գրառումը, որը պաթետիկ էր, բայց դրական միտում կար, և մտածում էի հետագայում քննարկել մեր հարցերն առանց հասարակության»,- այս մասին իր վերջին ուղիղ եթերի ժամանակ ասաց Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժնի վարիչ Արտավազդ Սահակյանը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին համացանցը փոթորկվել է հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանի թեմայով։ Առաջին համալսարանական հիվանդանոցի միկրովիրաբուժության ամբիոնը հիմնանորոգվելու, վերազինվելու կարիք ունի, բայց համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու բաժնի վարիչ Արտավազդ Սահակյանը համաձայնության չեն գալիս դրա շուրջ․ Մուրադյանն առաջարկում է շինաշխատանքների համար տարածքը ժամանակավորապես ազատել, Սահակյանը հրաժարվում է դուրս գալ իր բաժանմունքից և հայտարարում է, որ դրանով ցանկանում են իրեն հեռացնել։ Եվ քանի որ Արտավազդ Սահակյանի որդին Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներից է, սրա տակ քաղաքական հաշվեհարդարի դրսևորում են տեսնում։ Ըստ բժիշկ Սահակյանի՝ սա նոր պատմություն չէ. դեռ 2017 թվականին, երբ Արմեն Մուրադյանը նշանակվեց ԵՊԲՀ ռեկտոր, իրեն հորդորել է լքել տարածքը, տեղափոխվել մեկ այլ տարածք, ինչին ինքն ընդդիմացել է։ Սահակյանի խոսքերով՝ այս պահանջը բացարձակապես անհիմն է. անձնապես իր, իր անձնական կապերի և բժիշկների շնորհիվ ամբողջ բաժանմունքը հիմնովին վերանորոգվել է վերջերս և նորոգման կարիք չկա։ Երեկ մեզ հետ զրույցում նա ասաց, որ պատերազմից հետո էլ՝ հունվարի 8-ին, իրեն է այցելել Արմեն Մուրադյանի ներկայացուցիչը` պահանջելով, որ նա ազատի բաժանմունքը։ Տևական հակասություններից հետո, մոտ մեկ շաբաթ առաջ, վիրավոր զինծառայողներից մեկը «Ֆեյսբուքում» աղմուկ բարձրացրեց, որ Արտավազդ Սահակյանին ազատում են աշխատանքից։ Զինվորի ստատուսի տակ գրառում արեց նաև բժիշկը՝ կեսհերքում-կեսհաստատում տարածելով։ Բայց հետո կրքերը շիկացան և սկսվեցին փոխադարձ մեղադրանքները։

Facebook-ի իր էջում հայտարարություն տարածեց նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում․ «Տեղեկացնեմ, որ Աբովյան 58 շենքի ձախակողմյան շենքի վերանորոգման աշխատանքները սկսվելու են և տվյալ տարածքում գործող բաժանմունքը, որը ղեկավարում է Արտավազդ Սահակյանը, ժամանակավորապես տեղափոխվելու է այլ տարածք՝ այս որոշումը կայացված է և փոփոխման ենթակա չէ: Վերանորոգումից հետո բաժանմունքը նույն սկզբունքներով կշարունակի իր գործունեությունը Աբովյան 58 հասցեում»,- նշված էր գրառման մեջ։ Նշենք, որ Սահակյանի բաժանմունքը գտնվում է Բժշկական համալսարանի ենթակայության տակ գործող «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տարածքում, և կենտրոնի տնօրենն էլ է նշում, որ վերանորոգման կարիք կա։ Մենք բժշկական համալսարանից փորձեցինք ճշտել, թե ի վերջո ինչպե՞ս են տեսնում արդեն 1 շաբաթ ձգվող աղմուկի հանգուցալուծումը, կա՞ որևէ փոխհամաձայնություն խնդրի լուծման վերաբերյալ։ Ռեկտորի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը պատասխանեց․

«Աբովյան 58 շենքի այն հատվածը, որտեղ իր գործունեություն է ծավալում հարգարժան Արտավազդ Սահակյանի ղեկավարած ստորաբաժանումը, վթարային է, կա ԱԻՆ-ի եզրակացությունը, և այդ հատվածը հիմնովին ու հրատապ պետք է վերանորոգվի։ Արտավազդ Սահակյանին, բժիշկներին, կլինիկական օրդինատորներին տրամադրվում են բոլոր հարմարություններն իրենց բնականոն գործունեությունը ծավալելու համար։ Կա աշխատանքային խումբ, որը զբաղվում է այս հարցով»։ Խոսնակին հարցրինք, թե Արմեն Մուրադյանը երաշխավորո՞ւմ է, որ վերանորոգումից հետո Արտավազդ Սահակյանը նույն տարածքն է զբաղեցնելու՝ նույն չափով․ «Երբևէ չի քննարկվել այլ տարբերակ, վերանորոգումից հետո Արտավազդ Սահակյանի բաժանմունքը կրկին գործելու է նույն հասցեում»,- պատասխանեց խոսնակը։

Իսկ հարցին, թե Հնարավո՞ր է, որ խնդիրը լուծվի այն տարբերակով, որն Արտավազդ Սահակյանն է առաջարկում, այսինքն՝ հնարավո՞ր է, որ Արմեն Մուրադյանը զիջի․ «Շենքի այդ հատվածը վթարային է և պետք է վերանորոգվի»,- պատասխանեց Դանիելյանը։ Նա նաև նշեց, որ Արտավազդ Սահակյանին ժամանակավոր տարածքի 3 տարբերակ է առաջարկվել, սակայն Սահակյանից դեռևս պատասխան չկա։ Ժամանակավոր տարածք է առաջարկվել 1-ին հիվանդանոցում, Միքայելյանի անվան վիրաբուժական կենտրոնում և «Զինվորի տան» վերանորոգված տարածքում։

Արտավազդ Սահակյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց՝ պարզելու համար, թե ի՞նչ կարծիքի է նա այս առաջարկների մասին։ Իր վերջին տեսաուղերձում, սակայն, Սահակյանը նշում էր, որ եթե տան պայմաններ, ապա ինքը համաձայն է ժամանակավորապես դուրս գալ, սակայն նշեց, որ Միքայելյանի անվան վիրաբուժական կենտրոնում չկան իրենց անհրաժեշտ պայմանները։

«Իրականությունը սա է, որ օր առաջ փորձում են մեզ այստեղից հեռացնել։ Երեկ գլխավոր բժիշկը արդեն փորձ էր անում մեզ արգելել այստեղ վիրահատել, և նրանց յուրաքանչյուր այցը ահաբեկչություն է այս անպաշտպան բուժքույրերի կամ հերթապահ բժիշկների համար։ Ես կապվեցի պրոռեկտորի հետ և խնդրեցի, որ մինչև բաժանմունքի վերջնական ճակատագրի որոշումը թույլ չտա, որպեսի գլխավոր բժիշկը միջամտի մեր աշխատանքին։ Դուք պատկերացրեք, թե ինչ պայմաններում ենք մենք աշխատել և աշխատում ենք։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ սա ազնիվ խաղ չէ, և մենք հիմա էլ պատրաստ ենք դուրս գալ այստեղից ժամանակավոր, միայն թե այս 5-6․․․, այն ժամանակ էլ էին ասում 5-6, բայց տևեց 3 տարի, թող տան մեզ պայմաններ։ Համոզվեցի, որ Միքայելյան հիվանդանոցում բավարար պայմաններ չկան, հենց այստեղ իրենք հնարավորություն ունեն մեզ մինիմալ տարածք տրամադրել, որպեսզի մենք շարունակենք մեր աշխատանքը, և սրանից կօգտվի թե՛ հայ ժողովուրդը, թե՛ մեր հիվանդները, թե՛ մեր զինվորները։ Ես նորից եմ կրկնում, որ սա զուտ աշխատանքային խնդիր է, և պետք չէ, որ որևէ կողմից որևէ մեկը շահարկի կամ փորձի մյուս կողմին վիրավորել կամ շանտաժի ենթարկել։ Այսուհետ, քանզի ես համոզվեցի, որ լրատվամիջոցները կողմնակալ են, եթե խնդիրներ լինեն, ինքս ելույթ կունենամ։ Կրկնում եմ՝ վստահ եմ, որ բժշկական համալսարանի պրոֆեսորները, դասախոսները ինձ լավ հասկանում են, ես եմ պաշտպանում բժշկական համալսարանի շահերն այս առումով։ Առայժմ այսքանը, կարծում եմ՝ ինչ-որ լուծում կգտնենք և կշարունակենք մեր աշխատանքը համատեղ, փոխադարձ հարգանքի և վստահության պայմաններում»,- իր տեսաուղերձում ասաց Սահակյանը։