Այսօր արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Բոլոր քաղաքական ուժերը հանդես են եկել ամփոփիչ ելույթներով, իսկ Հանրապետության հրապարակում ամփոփիչ նախընտրական հանրահավաք անելու հերթը «Հայաստան» դաշինքինն էր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Ռոբերտ Քոչարյանը, ողջունելով հրապարակում հավաքվածներին, հայտարարեց․«Երբ դատարանի առջև ինձ աջակցելու համար հավաքվում էին մարդիկ, ասում էին հավաքվածները պիցցայակեր են, չեմ կարծում, որ այդքան պիցցա կգտնվի, որ այսքան մարդու կերակրելու համար։Վստահե՛ք մեզ, օգնե՛ք վերակառուցել մեր երկիրը։ Հունիսի 20-ին պայքարում ենք մեր ձայների համար, քանի որ այս սրիկաները ընդունակ են ամեն ինչի, բոլորս միասին դեպի ուժեղ Հայաստան։ Ամեն ինչ լավ է լինելու:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն էլ, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, ասաց. «Դիմում եմ մեր առաջնագծի մարտիկներին, մեր հանձնաժողովի անդամներին և վստահված անձանց՝ տեղերում լինել խիզախ և վճռական, մինչև վերջ կռիվ տալ ժողովրդի քվեի համար, թույլ չտալ ոչ մի ընտրախախտում, պահպանել օրենքի տառը, իսկ նրանք, ովքեր խախտում կանեն՝ հենց տեղում ջարդել նրանց ձեռքերը»:
«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը հարցրազրույցի ընթացքում ասել է, որ Քոչարյանը դասական ժուլիկին և հանցագործին հատուկ տեխնոլոգիաներ է կիրառում։ «Մենք տեսել ենք, թե նա իր պաշտոնավարման ընթացքում, դրանից հետո բազմիցս հանդես է եկել հենց այդ կերպարով։ Նա երբեք չի կարող ապավինել ժողովրդի իշխանության վրա, նա հենվում է քրեական տարրերի վրա, իր պաշտոնավարման շրջանում նշանակված դատավորների, պաշտոնյաների, նախկին կոռուպցիոներների, բանդիտների, մաֆիայի մաս կազմած շրջանակների վրա»,- նշել է Բաբաջանյանը և հավելել, որ խորքային պետությունը, որը գոյություն ունի բավական երկար ժամանակ, պատրաստվել է այսօրվան՝ ժողովրդի իշխանության հաղթահարման համար։ Թիրախում այսօր ժողովրդի իշխանությունն է։ «Մենք պիտի անցնենք պատկառելի ձայներով խորհրդարան, որպեսզի այդ ծրագիրը, որի վերջնական նպատակը Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնելն է, չիրագործվի։ Մենք պիտի խեղդենք այդ նպատակի իրագործումը և նրանք, ովքեր ժիլետներով տարիներ շարունակ խաբել են մեր ժողովրդին, և իրականում մեր ժողովրդի ու պետության շահերի հետ ոչ մի աղերս չեն ունեցել, իրենց նպատակը եղել է իրենց ունեցած-թալանածը պահելը և դրա մասշտաբներն ավելացնելը»,- ամփոփել է կուսակցության ղեկավարը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե չի ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանի որ եթե ճանաչեր, պատերազմ կսկսվեր. «Խոսքը չի վերաբերում պատերազմից առաջ Արցախը ճանաչելուն: 44-օրյա պատերազմում կար առնվազն 2 լեգիտիմ, միջազգային հանրության աչքում արդարացված առիթ՝ ճանաչելու Արցախի Հանրապետությունը: Արցախը պետք է ճանաչվեր 44 օրվա ընթացքում: Առաջին հնարավորությունը հոկտեմբերի 10-ին էր, երբ Ռուսաստանի միջամտությամբ ստորագրվեց հումանիտար զինադադար, և բնական է, որ Հայաստանը պետք է հարգեր իր դաշնակցի միջնոդրական ջանքերը: Բայց այդ զինադադարը տևեց մի քանի ժամ, Ադրբեջանը խախտեց այն և ՀՀ իշխանություններին տվեց հնարավորություն ճանաչելու Արցախի Հանրապետությունը»:
Իսկ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հայ հերոս տղաները իզուր չեն զոհվել: Եթե այդ 19-20 տարեկան հերոս տղերքը չլինեին, թշնամին հիմա Արաքսի ափով Թուրքիա էր հասել: «Պատերազմում Ադրբեջանի զոհերի թիվը 18.000- է հասել: Այս թվերը հրապարակում են ադրբեջանական ընդդիմադիր ուժերը: Լացս գալիս է, որ 18 հազար ադրբեջանցի ենք ոչնչացրել, բայց պարտվել ենք: Ալիևը ստում է, երբ հայտարարում է, որ շուրջ 2.700 զոհ ունեն: Իրականում նրանք ջախջախվել են: Շուշիում Ալիևը ստիպված էր կանգնել, պատերազմը Պուտինը չի կանգնեցրել: Ադրբեջանն այլևս մարդ չուներ՝ կռիվ ուղարկելու համար: Զորք չկար»,- ասաց նա:
«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանն ուղերձ էր հղել, որում ասված է. «Եկեք դուրս նետենք պարտվածին մեր միջից ու ընտրենք գալիք հաղթանակները: Եկեք մերժենք սուտը և ապրենք արժանավայել, իրար հարգելով: Եկեք հանենք մեր կյանքից չընդհատվող խելագարությունը ու մի պահ հանգիստ հասկանանք՝ ո՞նց ենք դուրս գալու այս ավերակներից: Դուք չեք հոգնե՞լ աղմուկ աղաղակից, թքախառը ճղճղոցներից, այս փնթի հարայհրոցից, դուք չեք զզվե՞լ: Եկեք լռեցնենք գժվացնող աղմուկն ու ընտրենք խաղաղ աշխատանքը, ընտրենք լուռ կառուցելը և հանգիստ մեր շահերն առաջ տանելը»:
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարություն էր տարածել, որտեղ բոլորին կոչ էր անում քվեարկել «Պատիվ ունեմ» կամ «Հայաստան» դաշինքներից որևէ մեկի օգտին: «Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, իսկ իմ նախկին ենթականերին հայրաբար հորդորում եմ, եթե կուզեք՝ ուղիղ հրահանգ եմ տալիս՝ հունիսի 20-ին անպայման գնալ ընտրությունների: Կոնկրետ ինձ համար շատ դժվար է ընտրություն կայացնել, քանի որ և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագահների հետ էլ պատիվ եմ ունեցել ծառայելու: Միասին կրկին ոտքի ենք կանգնեցնելու ոստիկանության համակարգը և պետությունը»,- գրել էր Գասպարյանը:
Գրեթե նույն նախաձեռնությամբ էր հանդես եկել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ով իր աջակիցներին դիմել էր կոչով. «Իշխանությունը ցանկացած գնով պահպանելու մոլուցքը ստիպում է գործող իշխանությանը դիմել ամենակեղտոտ և անբարոյական քայլերի՝ վարկաբեկելով իրենց ապազգային գործունեությանն ընդդիմացող մարդկանց։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ձևավորվում, որ պատերազմի ժամանակ վարչապետի դերը կատարող անձը և իր թիմակիցները ՀՀ կառավարությունում դիտորդի կարգավիճակ են ունեցել։ Ցանկացած իրավիճակում մեղավորներ են փնտրում՝ իրենց ներկայացնելով անմեղ հրեշտակներ։ Անժխտելի փաստ է, որ պատասխանատվությունից խուսափող ղեկավարը մեծագույն սպառնալիք է պետության համար»։
Հայ ազգային կոնգրեսի անդամ Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ 2017թ. ընտրությունների արդյունքները կեղծված են եղել: «Դեռ այն ժամանակ բոլոր ուժերը մեզ մեղադրում էին հանրության շրջանակում պարտվողական տրամադրություններ սերմանելու մեջ: Ասում էին՝ ի՞նչ Ղարաբաղի հարց, վտանգ չկա, այդ հարցը լուծված է, մեր բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում և այլն: Մի քաղաքական ուժ չգտնեց, որ միանա մեզ ու կիսի մեր մտավախությունները: Եվ այն աղետը, որի միջով մենք անցանք, դրա արդյունքն է»,- ասաց Զուրաբյանն ու հավելեց, որ հիմնական նպատակն իրենց մեկուսացնելն է եղել: Ըստ Զուրաբյանի՝ հիմա այլ մթնոլորտ է, և մեծ ցավով պետք է արձանագրել, որ ժողովրդի մեծամասնությունը, բավականին թանկ գին վճարելով, հիմա շատ լավ հասկանում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր. «Իհարկե, մենք բացարձակ երջանիկ չենք, որ մեր իրավացիությունը նման ծանր ճանապարհով ապացուցվեց»: Անդրադառնալով Գելլափի հրապարակած տվյալներին՝ ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ սոցհարցումները բացարձակ սուտ են ու կեղծված. «Հենց նրանց միջոցներով են ստեղծվում այդ գելափները: Մի բան հստակ է. այդ երկու ուժերը երկու գնացքների նման գնում են բախման ու առճակատման՝ մեկը մուրճով, մյուսը մանգաղով, իսկ մեր զենքը՝ սառը դատողությունն է»,- ասաց Զուրաբյանը և ավելացրեց, որ նրանք, ովքեր հունիսի 20-ին կքվերակեն Նիկոլի կամ Քոչարյանի օգտին՝ քաղաքացիական պատերազմի օգտին են քվեարկելու:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կրկին անդրադարձել է Փաշինյանի մուրճին: Մասնավորապես, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հունիսի 17-ի հանրահավաքին մուրճը ձեռքին մասնակիցներին, ՄԻՊ գրասենյակը «բացարձակ դատապարտելի երևույթ» է անվանել: Պաշտպանն ընդգծել էր, որ հանրահավաքը հեռարձակվել է զանգվածաբար` ուղիղ եթերներով, դրանցում երևում էին մուրճով մարդիկ։ Բացի այդ, մասնակիցների մուրճերով լուսանկարները երեկ ու այսօր լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում, անգամ հնչել են մուրճերը կվալդով փոխարինելու կոչեր: ՄԻՊ-ի կարծիքով՝ սա ակնհայտորեն կապված է նախընտրական քարոզարշավի հանդիպումների ժամանակ վարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի ցուցադրման ու մուրճի հետ կապված պատկերավոր համեմատությունների, ատելության ու վիրավորանքի, սպառնալիքների հռետորաբանության հետ: