Ներքին 4 տարի առաջ - 19:13 16-06-2021

Այս ընտրություններն ու հետագա գործընթացները վճռական նշանակություն են ունենալու ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայության համար․ Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ: Այս ընտրություններն ու հետագա գործընթացները վճռական նշանակություն են ունենալու ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայության համար:

Ընտրություններն արտահերթ են՝ պայմանավորված նրանով, որ ներկա իշխանությունը երկիրը հասցրել է մեծ աղետի: Մենք կորցրել ենք ոչ միայն տարածքներ և հազարավոր երիտասարդ կյանքեր, այլև մեր հեղինակությունն ու ինքնիշխանությունը, մեր անվտանգությունը, մեր քիչ թե շատ ներքին համերաշխությունը և մեր հավատն ապագայի նկատմամբ:

Հետևաբար` այս ընտրությունները պետք է լուծեն մի կարևորագույն հարց՝ ձերբազատվել այս իշխանությունից:

Ընտրությունների ժամանակ ես միշտ կողմնակից եմ եղել, որպեսզի մարդիկ քվեարկեն ըստ իրենց քաղաքական ճաշակի՝ չանտեսելով նաև փոքր, բայց հրապուրիչ ծրագրեր ու գաղափարներ ունեցող ուժերին՝ քաղաքական դաշտում բազմազանություն ապահովելու նպատակով: Բայց այս վճռական պահին, երբ մենք լուծում ենք այս իշխանությունից ազատվելու կարևորագույն խնդիրը, իրավիճակը թելադրում է ձայնը տալ այն ուժերին, որոնք ակնհայտորեն ունեն անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն, պատրաստ են համախմբվել վարչապետի միասնական թեկնածուի շուրջ և լի են վճռականությամբ ու փորձով փոխելու ստեղծված իրավիճակը:

Դրա հետ մեկտեղ այս պայմաններում շատ վտանգավոր եմ համարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա «դաս է տալիս» քաղաքական գործիչներին ու մտավորականությանը «քաղաքական իրատեսության» վերաբերյալ, և անհրաժեշտ եմ համարում շատ հակիրճ ներկայացնել որոշ դիտարկումներ:

1. Հայաստանի բոլոր քաղաքական ղեկավարները միշտ էլ գիտակցել են և փորձել են Արցախի հարցում իրականացնել իրատեսական և փոխզիջումային քաղաքականություն: Բանակցությունների ընթացքում քննարկվել են բազմաթիվ փոխզիջումային տարբերակներ: Դրա վառ օրինակներից են Մադրիդյան սկզբունքները, հետագայում դրանց հիման վրա տարբերակների զարգացումն ու փոխզիջումային եզրերի փնտրտուքը:

2.Մենք ունենք դաշնակիցներ:

Արցախի անկախության հարցը համապատասխանեցված է եղել ինչպես ԽՍՀՄ-ի օրենքներին, այնպես էլ ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային օրենքներին: Այդ հարցն այսօր էլ դուրս չի եկել միջազգային օրակարգից: Հենց այսօր ԱՄՆ նախագահն ու Ռուսաստանի նախագահը քննարկելու են Արցախյան հարցը: ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես շահագրգռված է բանակցությունների վերսկսման հարցում՝ որոշելու Արցախի կարգավիճակի հարցը, ինչը նշված է նաև 90-ական թվականների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում:

Որոշ պետություններ հետամուտ են այս հարցին՝ ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից, մի մասն էլ՝ ելնելով միջազգային օրենքների թելադրանքից: Մենք այս հարցում ունենք դաշնակիցներ, բայց նրանց ներդրումն, ինչպես նաև նոր դաշնակիցների ներգրավումը հարցի կարգավորման գործում, կախված է մեզանից:

3. Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումները քաղաքական պրագմատիզմի մասին պրիմիտիվ են և էապես սահմանափակում են մեր հնարավորությունների դաշտը: Իրատեսական ճանապարհով լուծվող հարցերի դաշտը իրականում շատ ավելի մեծ է, քան թվում է Տեր-Պետրոսյանին:

Նախ և առաջ ձևակերպում են ազգային-պետական նպատակներ ու խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել, որքան էլ դրանք այդ պահին դժվար ու անիրագործելի թվան: Հետո արդեն քայլ առ քայլ պետք է ձգտել իրականացնել դրանք՝ հաշվի առնելով աշխարհի զարգացման միտումները, օգտվելով ստեղծված իրավիճակից, զարգացնելով սեփական հնարավորությունները: Դա է քաղաքական պրագմատիզմը:

Ոչ թե հնարավորություններն են թելադրում, թե ինչ խնդիրներ է պետք դնել և լուծել, այլ խնդիրներն են թելադրում, թե ինչ հնարավորություններ է պետք ստեղծել:

Իր պատկերացումներով Տեր-Պետրոսյանը միշտ թևաթափ է անում մեր ժողովրդին և զրկում նրան մեծ նպատակների ձգտումից՝ դրդելով միայն «իրատեսական» գոյատևման, ինչը, իմ համոզմամբ, այս տարածաշրջանում կործանարար է մեր պետության և ժողովրդի համար: Դրա վառ ապացույցն է այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի սահմանափակ պրագմատիզմի գաղափարներով սնված շերտը, 2018-ին գալով իշխանության, երկիրը հասցրեց այս աղետին»:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»