Երևան +10°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 15:52 25-05-2021

Հայաստանը չունի տնտեսական քաղաքականության ռազմավարություն. տնտեսագետ

«Արտադրված է Հայաստանում» գրությունը Թուրքիայում արգելված է եղել միշտ ու պետական մակարդակով։ Եթե թուրքական շուկայում հայկական որևէ ապրանք էլ հայտնվի, ապա այն ձևակերպված կլինի որպես վրացական։ Ի պատասխան՝ հայերս ամեն տարի սպառել ենք շուրջ 270 մլն դոլարի թուրքական ապրանք։

Դեկտեմբերի 31-ից Հայաստանում գործում էր թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը` 6 ամիս ժամկետով: Ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից՝ Թուրքիայից, Վրաստանից և այլ, ներառյալ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող թուրքական ծագման նշված ապրանքների վրա։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը վերջերս հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է ևս 6 ամսով երկարաձգել թուրքական ծագում ունեցող՝ վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքը, որը վերաբերում է ավելի քան 2.350 անուն ապրանքի, այդ թվում՝ կենդանական և բուսական ծագման, հագուստին և տեխնիկային:

Թուրքիայից ներմուծված ապրանքների վրա արգելք դնելու գործընթացի ու հետևանքների՝ Հայաստանի տնտեսության վրա ազդեցության մասին Օրագիր.news-ը զրուցել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, Թուրքիայից ներմուծվող ապրանքների վրա արգելք դնելու որոշումն ի՞նչ ազդեցություն կունենա հայկական արտադրանքը խթանելու գործընթացի վրա, որքանո՞վ է այն արդյունավետ և ի՞նչ այլընտրանքներ կան տնտեսվարող սուբյեկտների համար:

-Թուրքիայից Հայաստան վերջնական սպառման արտադրանքի ներմուծման արգելքը 6 ամսով է դրվել և, ըստ էության, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չի էլ հստակեցրել, թե նշված ժամկետից հետո ինչ է սպասվում տվյալ ոլորտում: Ցավոք սրտի, մեր տեղական արտադրողները ներկայումս չեն կարող ամբողջությամբ լրացնել այդ բացը, որովհետև հայ արտադրողը նույն գնային սեգմենտում նույն որակի արտադրանք թողարկել ի վիճակի չէ: 2019 թ. տվյալների կտրվածքով (2020 թ. տվյալները դեռևս չկան)՝ Թուրքիայից Հայաստան է ներմուծվել է մոտ 265 մլն դոլարի արտադրանք: Դրանք երեք հիմնական խումբ են կազմում՝ տեքստիլ՝ գործվածքներ ու վերջնական սպառման հագուստ, ցիտրուսային մրգերն ու որոշակի մեքենասարքավորումներ՝ հիմնականում սառնարանային տնտեսությունների և արևային էներգիայի հետ կապված սարքեր: Ցիտրուսային մրգերի հարցով որևէ անելիք չունենք, միայն պետք է փորձենք այլընտրանքային տարբերակներ գտնել ներմուծելու համար, օրինակ՝ Իրանից, արաբական երկրներից, Աֆրիկայից և այլն: Սարքավորումների մասով նույնպես անելիքները շատ չեն, պոտեցիալ չկա, որ արտադրությունները, օրինակ, վերապրոֆիլավորվեն և փորձեն տվյալ դաշտի բացը լրացնել: Մնում է տեքստիլը: Արգելքի մեջ ֆիքսված է վերջնական սպառման ապրանքները, այսինքն՝ գործվածքների ներմուծումը դեռևս կթույլատրվի: Իսկ թե արդյոք այդ գործվածքներից մենք ի վիճակի կլինենք որևէ ապրանք ստեղծել նորմալ որակի և համապատասխան գնային սեգմենտում, այ սա հարց է: Կոնկրետ տեքստիլի ոլորտում վերջին մի քանի տարիների ընթացքում բավականաչափ նոր ընկերություններ են ստեղծվել, որոնք մեծ ներդրումներ են կատարել և բավականին ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառում: Բայց գնային առումով ապրանքն ավելի թանկ է լինում, քան թուրքականը, որն արդեն պատրաստի է ներմուծվում: Սակայն ներկա պահին գին-որակ հարաբերակցությամբ մեր տեղական արտադրանքը զիջում է թուրքականին: Դրանով նույնպես պետք է պայմանավորել թուրքական ապրանքների մեծ հոսքը: Բացի դրանից՝ Թուրքիան կարողանում է մեծ ծավալով ապրանք թողարկել և դրա հաշվին գինը նվազեցնել: Իսկ հայկական փոքր արտադրամասի վրա հագուստը շատ ավելի թանկ է արժենում: Պետք է ասել, որ ներմուծման վրա արգելքի կիրառումից հետո տնտեսվարող շատ օբյեկտներ իսկապես այլընտրանքներ են փնտրում, օրինակ, չինական շուկայում և արաբական երկրներում, մասամբ Ռուսաստանում: Իհարկե ճանապարհն է երկարում, բայց օրինակ չինական ապրանքը շատ ավելի էժան է, ուստի տրանսպորտային ծախսերը շատ չեն ավելանում:

-Պետական աջակցության ի՞նչ ծրագրեր կան:

-Ներկայումս ոլորտում կարգավորումներ անելու կամ տնտեսվարողին աջակցելու համար պետական աջակցության որևէ ծրագիր չկա: Ի դեպ, խոսքը միայն Թուրքիայից ներմուծողներին չի վերաբերում: Աշխարհում ընդունված պրակտիկա կա, որ պետությունը հոգ է տանում իր տնտեսվարող սուբյեկտների մասին, քանի որ այստեղ ոչ միայն հավելյալ արժեք է ստեղծվում, այլև սոցիալական խնդիրներ են լուծվում: Օրինակ՝ Թուրքիան գյուղոլորտում հսկայական սուբսիդավորում է իրականացնում, և դա է նաև պատճառը, որ մեր տարածաշրջանում թուրքական գյուղմթերքը բավական էժան է: Հայաստանում նմանատիպ մոտեցում, ցավոք, չկա: Նույնիսկ նմանատիպ քննարկմանն ականատես չենք եղել: Գոնե պոտենցիալ ունեցող մի երկու ոլորտ պետք է առանձնացնել ու աջակցության ծրագրեր իրականացել: Չի բացառվում, որ ամիսներ անց ճնշումների արդյունքում արգելքը կհանվի: Պետական պաշտոնյաների հայտարարություններում մի հետաքրքիր գիծ կա. երբ արգելքը սկսվեց կիրառվել, դրանից մի 20-30 օր հետո Էկոնոմիկայի նախարարը հրապարակային իր ելույթներից մեկում արդեն իսկ սկսեց խոսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական կապերը սերտացնելու, Ադրբեջանի առջև հայկական շուկան բացելու մասին՝ հիմնավորելով, որ դա մեզ համար էլ ձեռնտու կլինի: Երբ փաստերը համադրում ենք, անհասկանալի է դառնում, թե ի վերջո պետությունն ի՞նչ քաղաքականություն է որդեգրել: Թուրքիայից ներմուծվող ապրանքների վրա արգելք դնելու որոշումը, անկասկած, որոշակի տնտեսական հաշվարկների արդյունք չէ, որոշումն ընդունվել է էմոցիոնալ ֆոնի վրա: Պատերազմի ընթացքում Թուրքիայի դերակատարությունը մեծ էր և դա ակնհայտ էր, առանց Թուրքիայի հսկայական աջակցության Ադրբեջանը այս ժամկետներում նման արդյունք չէր գրանցի: Արգելքի մասին դեռևս պատերազմի ընթացքում սկսեցին խոսել, ինչը ցույց է տալիս, որ զգայական մակարդակում ընդունված որոշում էր: Ի վերջո Թուրքիայի դեմ միայն այդ լծակն ունենք՝ տնտեսական ազդեցություն: Իհարկե, այդ լծակը շատ թույլ է: Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կոպիտ հաշվարկներով մի երկու տասնյակ բայրաքթարների չափ է: Չնայած Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, սակայն որոշակի ծավալի ապրանքաշրջանառություն կա: Թուրքիան մեր արտաքին առևտրաշրջանառության մեջ առաջին տասնյակում է: Հարմար է եղել ներմուծման համար և՛ ճանապարհի, և՛ գնի տեսանկյունից: Իսկ հայ սպառողն առաջնորդվում է առավելապես գին-որակ հարաբերակցության տեսակից: Այսինքն՝ պետությունն անելիք ունի ոչ միայն սուբսիդավորման տեսանկյունից, այլև հանրության շրջանում իրազեկման և որոշակի գաղափարախոսության տարածման առումով ավելի լավ է մենք մի քիչ թանկ գնենք, բայց աջակցենք մեր արտադրողին: Միայն այս ձևով մենք որոշակի հաջողության կհասնենք:

-Ձեր և գործող իշխանության միջև որևէ երկխոսություն կամ համագործակցություն գոյություն ունի՞:

-Հեղափոխությունից հետո ձևավորված կառավարությունը միշտ շեշտել է, որ գիտական ներուժը պետք է օգտագործվի, որ համատեղ ջանքերով պետք է տնտեսություն կառուցենք և «տնտեսական հեղափոխություն» անենք: Մեր ֆակուլտետը մի քանի համաժողով է կազմակերպել ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ, որտեղ երկու կողմն էլ՝ գիտական ներուժ և գործարար, իրենց տեսակետներն են ներկայացրել: Հրավիրել ենք նաև պետական կառույցից ներկայացուցիչների, համաժողովներից մեկին անձամբ վարչապետն է մասնակցել, սակայն տվյալ քննարկումներից դուրս ոչինչ չարվեց, որևէ միտք չշրջանառվեց: Ակնհայտ էր, որ իշխող ուժը չի ուզում գիտական սպասարկում ունենալ, իսկ տնտեսական քաղաքականությունն էլ ինքնահոս գնում է: Այսօր, ցավոք, հստակ ճանապարհ չկա, թե ուր ենք գնում: Թեկուզ սխալ ուղի նախանշված չէ, որ մենք էլ կողքից ասենք, որ սխալ է կամ փոփոխության պետք է ենթարկվի: Պարզապես չկա ռազմավարություն, չկա տեսլական: