Միտք 5 տարի առաջ - 10:36 12-05-2021

Ստեփանակերտում 10 000 տեղահանված կա. Քաղաքապետ

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ինչպես մայրաքաղաքում ընթացող շինարարական աշխատանքներին, այնպես էլ տեղահանվածներին բնակարաններով ապահովելու խնդրին։

Այս տարի Արցախի մայրաքաղաքում բնակարան կտրամադրվի Ադրբեջանի տիրապետության տակ անցած բնակավայրերից տեղահանվածներից 500-ին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

«Հիմա Ստեփանակերտում բազմաբնակարան շենքեր և նոր թաղամասեր են կառուցվում տեղահանվածների համար։ Մասնավորապես, այս տարի պատրաստ կլինի կառուցվող թաղամասերից մեկը, և շուրջ 300 բնակարան կտրամադրվի տեղահանվածներին։ Բացի այդ, նրանց համար 192 բնակարանով շենք է կառուցվում»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` այս պահին աշխատում են նաև մի մեծ նախագծի վրա` 4-5 շենքից բաղկացած թաղամաս է կառուցվում։ 350-450 բնակարանով թաղամասում նաև մանկապարտեզ կկառուցվի։ Ընդհանուր առմամբ, Արցախի մայրաքաղաքում 1000-1500 բնակարան է կառուցվում։

Ստեփանակերտի քաղաքապետը հայտնեց նաև, որ Շուշիից, Հադրութից, թշնամուն անցած այլ տարածքներից տեղահանվածներից 8000-10 000 մարդ է այս պահին Ստեփանակերտում ապրում. ազատ բնակարաններ չկան մայրաքաղաքում։ Բնակարան է տրամադրվել նաև այն ստեփանակերտցիներին, որոնց բնակարանները վնասվել են։ Սարգսյանը նշեց` հյուրանոցները նույնպես ներգրավված են այդ հարցում։

«Ստեփանակերտն իր տարածքով հնարավորություն ունի բոլորին տեղավորել, սակայն եթե մարդիկ գյուղերից են տեղահանվել, ավելի ճիշտ չի՞ լինի նրանց մոտակա գյուղարանքներում տեղավորել, որպեսզի այդ տարածքները նույնպես զարգանան, գյուղերը չմեռնեն, մարդիկ էլ հողից չկտրվեն»,–ասում է Սարգսյանը։

Նշենք, որ մայրաքաղաքում տների վարձավճարներները զգալիորեն բարձրացել են։ Ի դեպ, պետությունը 40-80 000 դրամ է հատկացնում տեղահանվածներին` որպես բնակվարձի փոխհատուցում, մնացած մասը բնակիչներն իրենք են վճարում։

Պետության հատկացրած գումարով, ըստ Սարգսյանի, Ստեփանակերտում բնակարան գտնել հնարավոր չէ, քանի որ այնտեղ միջինը 100 000 դրամ է բնակվարձը, սակայն նա վստահեցրեց, որ բնակարանների գները չեն բարձրացել, միայն բնակվարձն է թանկացել։

«Տեղահանվածներին փորձում ենք օգնել նաև աշխատանք գտնելու հարցով` մեր դպրոցներում, մանկապարտեզներում, ՊՈԱԿ–ներում ենք նրանց տեղավորում։ Սակայն կա մեկ այլ հարց` որոշները չեն ուզում աշխատել, քանի որ պետությունից աջակցություն են ստանում, կամ էլ աշխատանքային շատ լավ պայմանների են սպասում և մեր առաջարկին չեն համաձայնում»,–ասաց Սարգսյանը` հավելելով, որ այս պահին էլ թափուր աշխատատեղեր կան տարբեր ոլորտներում։

Ստեփանակերտի քաղաքապետի հետ խոսեցինք նաև պատերազմի հետևանքով հենց մայրաքաղաքի կրած վնասների մասին։ Սարգսյանը հայտնեց` վնասված շենքերը 95 տոկոսով վերականգնվել են, բոլոր խանութներն արդեն բացվել են, հացի փռերն աշխատում են, նորերն էլ են բացվել։

«Պատերազմի օրերին Արցախի մայրաքաղաքից մեկնած ստեփանակերտցիների միայն 10 տոկոսն է, որ դեռ չի վերադարձել հայրենիք։ Մեծամասամբ չեն վերադարձել նրանք, որոնց երեխաները Երևանում սովորում են, և ծնողները սպասում են, որ ավարտեն ուսումը։ Ճիշտ է, մի քիչ դժվար է, քանի որ զոհերը շատ են, անհետ կորածներ ունենք, որոնցից մինչև հիմա լուր չունենք, սակայն մարդիկ արդեն հունի մեջ են ընկնում»,–ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է պատերազմի հետևանքով վնասված մանկապարտեզներին ու դպրոցներին` Ստեփանակերտի քաղաքապետը տեղեկացրեց, որ 3 մանկապարտեզ և 2 դպրոց էր վնասվել։ Այս պահին վերականգնված չէ միայն թիվ 10 դպրոցը։

Հարցն այն է, որ դպրոցը բավական վնասվել է, և այժմ դասերն իրականացվում են միայն դպրոցի մի հատվածում։ Երեխաների մեծ մասը հարևան դպրոցներում են դասի գնում։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել