latest_news
Ներքին 5 часов назад - 17:59 21-08-2026

Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Աննորմալ բան է տեղի ունենում ԱԺ-ում։ ԱԺ նախագահի ՔՊ-ական տեղակալները ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ ամբիոնից ելույթներից հետո գնահատական են տալիս, հեգնում, ինչը նյարդայնացնում է ընդդիմադիր գործընկերներին։ Վերջիններիս կարծիքով՝ վարողները չարաշահում են իրենց լիազորությունները։

Օրեր առաջ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը կարգապահական նկատողություն ստացավ, այնուհետև դուրս հրավիրվեց նիստերի դահլիճից։ Երբ նիստը վարող Վահագն Ալեքսանյանը հերթական անգամ արձագանքեց ընդդիմադիր պատգամավորի ամբիոնից ունեցած ելույթին, Դավիթ Ղազինյանը վրդովվեց վարողի ռեպլիկից, ինչի համար նախազգուշացում ստացավ, հետո արտաքսվեց դահլիճից։

Ինչո՞ւ են ԱԺ նախագահի տեղակալներն այսպես կոնֆլիկտ հրահրում։

Ոմանք կարծում են, թե տեղակալները փորձում են ինքնահաստատվել, մտնել կերպարի մեջ։ Նրանց, հավանաբար, թվում է, թե ընդդիմադիր գործընկերների ելույթներին գնահատական տալով, հեգնելով, նկատողություն անելով ու դահլիճից դուրս հրավիրելով՝ կամրանան իրենց դիրքում, մյուսները կվախենան, կսաստվեն, իսկ իրենք կինքնահաստատվեն պաշտոնում, կաճեն, կբոյովանան։

Մեկ այլ վարկածով՝ նրանց այդպիսի արարքների է դրդում Նիկոլ Փաշինյանը։ Նա է ԱԺ նախագահի տեղակալներից պահանջում, որ նրանք իրենց այդպես պահեն, տեղի-անտեղի կպնեն ընդդիմադիր գործընկերներին, վիրավորեն, նվաստացնեն, կոնֆլիկտ հրահրեն և այլն։ Փաշինյանն անձական օրինակն էլ պակաս էական չէ։ Նա անհարգալից է արտահայտվում ընդդիմության հասցեին։ ԱԺ նախագահի տեղակալներն էլ ընդօրինակում են ու նույնպես վերաբերվում գործընկերներին։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը բարեկրթության կոչ էր անում՝ ակնկալելով, որ պատգամավորները միմյանց հանդեպ հարգալից կլինեն։ Սակայն նրա տեղակալները գործընկերների հետ հարգալից չեն։ Ուստի ենթադրելի է, որ կա՛մ բանի տեղ չեն դնում Ռուբինյանի կոչը, կա՛մ ընդդիմադիրների հանդեպ անհարգալից վերաբերմունքն ավելի կարևոր է, քան բարեկրթության սահմաններում մնալը։

Այս աննորմալ իրավիճակն ունի երկու լուծում։

Առաջին ենթադրյալ լուծումը բնորոշ է ավտորիտար երկրին։ Այս պարագայում անհրաժեշտ է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարել և ԱԺ նախագահի ՔՊ-ական տեղակալներին օժտել պատգամավորի ելույթներին արձագանքելու, քաղաքական գնահատական տալու, հեգնելու, ծաղրելու իրավունքով։ Այս փոփոխությունից հետո ընդդիմադիր գործընկերները չեն վրդովվի ԱԺ նախագահի տեղակալների վիրավորական ռեպլիկներից, թեթև կտանեն։

Երկրորդ լուծումը ժողովրդավարական է։ Այս դեպքում նոր բան անել պետք չէ։ Բավարար է անսալ բարեկրթության մասին Ռուբինյանի կոչին, սակայն ոչ թե նրա հեղինակությունը հարգելով, այլ ժողովրդավարության սկզբունքից ելնելով, հարգելով բազմակարծության նորմը, հարգելով մարդու՝ կարծիք արտահայտելու իրավունքը, հարգելով քաղաքական գործչին ընդհանրապես։ Այս դեպքում վարողն ընդդիմադիր պատգամավորի ելույթից հետո կարող է ասել շնորհակալություն, ու վերջ՝ առանց անհարկի ռեպլիկի, գնահատականի, առավել ևս՝ ռոմանտիկ հեգնանքի։

Եվ իհարկե՝ կա ապաքաղաքական գնահատական այս իրավիճակին։ Լավատեսները կարծում են, թե ԱԺ նախագահի տեղակալներ Վահագն Ալեքսանյանն ու Հայկ Կոնջորյանը սիրում են ընդդիմադիր գործընկերներին։ Այդ սերն է մղում, որ անտարբեր չմնան ընդդիմադիրների ելույթներին։ Ինչպես Ձեր սիրելին է լվանում ու արդուկում Ձեր վերնաշապիկը, որ լավ տեսք ունենաք, այնպես էլ ԱԺ փոխխոսնակներն են քննադատում ընդդիմադիր պատգամավորներին, քանի որ սիրում են նրանց և ուզում, որ ավելի լավը դառնան։ Այս առումով՝ ընդդիմադիրների վրդովմունքը նույնպես սիրո արտահայտություն է։ Նրանք, ենթադրաբար, սիրում են ոչ միայն պետությունը, այլև քաղաքական, պետական գործիչներին, այդ թվում՝ ԱԺ փոխխոսնակներին։ Եվ երբ տեղից դիտողություն են անում, ապա դա անում են, որ փոխնախագահներն ավելի լավ վարեն, օրենքով ու ժողովրդավարության նորմերով առաջնորդվեն, որ մեր հայրենիք-պետությունը չդառնա հակաժողովրդավարական, անմարդկային երկիր, իսկ ԱԺ փոխխոսնակներն ու մյուս բարձր պաշտոնյաներն էլ չդառնան չարիք։


Թաթուլ Մկրտչյան