latest_news
Ներքին 5 часов назад - 15:11 21-08-2026

Տիգրանաշենի մասին խոսելիս պետք է հստակ խոսենք նաև Արծվաշենի մասին. պատմաբան

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի համատեքստում Տիգրանաշենի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի իշխանության հայտարարությունները շարունակում են հարցեր առաջացնել։ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 20-ին ճեպազրույցի ժամանակ վերստին անդրադարձել է անկալավների խնդրին և հայտարարել, որ Տիգրանաշենը, որը ադրբեջանական կողմն անվանում է Քյարքի, Հայաստանի Հանրապետության տարածք չէ։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ հիմքերի վրա կարող է կառուցվել Տիգրանաշենի՝ Ադրբեջանի տարածք լինելու վերաբերյալ պնդումը, և սահմանների որոշման գործընթացում ինչ քարտեզներ ու իրավական փաստաթղթեր պետք է հաշվի առնվեն։

Մելքոնյանի խոսքով՝ նախ անհրաժեշտ է հստակեցնել, թե սահմանազատման գործընթացում որ ժամանակաշրջանի սահմաններն են ընդունվում որպես ելակետ։

«Եթե հիմք են ընդունում 1991 թվականի սահմանները, սա մի բան է։ Եթե հիմք ենք ընդունում 1930-ական թվականների սահմանները, երբ դեռ ահռելի քանակությամբ կորուստներ չէինք ունեցել հօգուտ Ադրբեջանի, սա արդեն լրիվ այլ հարց է»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ եթե սահմանազատման հիմքում դրվում են 1991 թվականի սահմանները, ապա այդ տրամաբանությունը պետք է կիրառվի երկու կողմերի նկատմամբ։

«Եթե 1991 թվականի սահմանները հաշվի առնենք, նախ և առաջ Վերքաբերի շրջանի այն հողերը, որոնք գյուղի ջրամբարում մնացել են Ադրբեջանի տիրապետության տակ և Հայաստանի Հանրապետության տարածքում են, պիտի ընդգծվեն տարածքների վերադարձով։ Հստակ խոսք պետք է լինի նաև Արծվաշենի վերաբերյալ, որ այն երբեք Ադրբեջանի կազմում չենք ընդունելու, և հետո նոր խոսել այսպես կոչված տարածքների վերադարձի մասին»,- ասաց նա։

Մելքոնյանի գնահատմամբ՝ ներկայում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումներում փոխադարձության պայմանը չի պահպանվում։

«Հավասար պայմաններ ես չեմ տեսնում։ Ադրբեջանը շատ կտրուկ դիրքորոշում է որդեգրել, և սահմանազատման գործընթացի կանգ առնելը հենց դրա վկայությունն է»,- նշեց պատմաբանը։

Պատմաբանը հիշեցրեց նաև 1990-ականների սկզբին Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների վերաբերյալ քննարկումները։

«1992 թվականի օգոստոսին, երբ ադրբեջանցիները բռնազավթեցին Արծվաշենը, դրանից հետո անկլավների հարցի վերաբերյալ ոչ պաշտոնական բանակցություններ են ընթացել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ինչքան գիտեմ, հաշվի առնելով անկլավների տարածքային պայմանները՝ պետք է ձեռք բերված լիներ բանավոր համաձայնություն՝ այլևս չանդրադառնալ այդ անկլավներին, որովհետև դրանց պահպանումը ռազմական առումով անհնարին էր դարձել»,- նշեց նա։

Մելքոնյանի խոսքով՝ այդ տրամաբանության հիմքում եղել է փոխադարձության սկզբունքը։

«Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական անկլավները և Ադրբեջանի տարածքում գտնվող Արծվաշենը՝ տարածքային չափերով գրեթե նույնական լինելու պարագայում, պետք է փոխադարձության սկզբունքով չվերադարձվեին»,- ասաց նա։

Պատմաբանը, սակայն, կարծում է, որ անկլավների վերադարձի դեպքում կարող են առաջանալ նաև լրացուցիչ խնդիրներ՝ հատկապես ճանապարհների հարցում։

«Եթե այդ անկլավները վերադարձվեն, դա իր հետ բազմաթիվ նոր խնդիրներ կբերի։ Որովհետև անկլավը վերադարձնելուց հետո դու նրան պետք է ճանապարհ տաս, որ նա գնա։ Այդ ճանապարհի պարագայում արդեն, նույնիսկ 1991 թվականի սահմաններով, ստացվում է, որ անկլավներից զատ հարևանի հետ պետք է վիճես նաև ճանապարհի համար»,- ասաց Մելքոնյանը։

Մելքոնյանը միաժամանակ ընդգծեց, որ ինքը չի կարող ասել՝ բանակցությունների ընթացքում ճանապարհների հարցը և դրա հնարավոր հետևանքները որքանով են հաշվի առնվել։

«Ես հիմա չեմ կարող ասել՝ բանակցությունների գործընթացի ժամանակ այդ հանգամանքը հաշվի առնվե՞լ է, թե՞ ոչ։ Բայց եթե անկլավները վերադարձվեն, դրան զուգահեռ ճանապարհ տրամադրելու հարցն էլ է առաջանալու, և ճանապարհ տրամադրելու պարագայում, բնականաբար, մենք կարող ենք տուժել տարածքային առումով»,- ասաց պատմաբանը։

Անդրադառնալով Փաշինյանի՝ Տիգրանաշենը «Քյարքի» անվանելու և որպես Հայաստանի տարածք չներկայացնելու հայտարարությանը՝ Մելքոնյանը նշեց, որ այստեղ ևս կարևոր է կողմերի մոտեցումների համաչափությունը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը բանակցային գործընթացում հաճախ հանդես է գալիս թելադրողի դիրքերից։

«Ադրբեջանը, փաստորեն, հանդես է գալիս թելադրողի դերում։ Ալիևը բազմիցս հրապարակային հանդիպումների ժամանակ, ինչպես նաև տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպումներում ասել է, որ իրենք են պայմաններ թելադրում այս բանակցային գործընթացում»,- նշեց նա։

Պատմաբանը հիշեցրեց նաև Ադրբեջանի ղեկավարի այն հայտարարությունները, որոնց համաձայն՝ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը Բաքուն չի դիտարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս սահմանները որպես վերջնականապես հաստատված։

Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից ևս կարևոր է ոչ միայն տարածքների նկատմամբ պահանջների, այլև դրանց անվանումների հարցում հետևողական լինելը։

«Ես շատ կուզեի, որ մի օր էլ լսեի, որ ոչ միայն Արծվաշենը պետք է վերադարձվի, այլև Արծվաշենի հասցեին գործածվեր «Արծվաշեն» հայկական տերմինը, և ոչ թե, օրինակ, «Բաշքենդ» տարբերակը, որ ադրբեջանցիներն են գործածում»,- նշեց նա։

Մելքոնյանի խոսքով՝ Հայաստանը պետք է բարձրաձայնի նաև այն մասին, որ Արծվաշենը ներկայում գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, մինչդեռ միջազգային ճանաչմամբ այն Հայաստանի Հանրապետության տարածք է։

«Ոչ միայն ադրբեջանական տարբերակը չպետք է գործածենք, այլ պետք է խոսենք այն մասին, որ նման տարածք գոյություն ունի, որը նրանց կողմից օկուպացված է և միջազգայնորեն ճանաչված է որպես Հայաստանի Հանրապետության տարածք»,- ասաց պատմաբանը։

Ամփոփելով՝ Աշոտ Մելքոնյանը շեշտեց, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի համար առանցքային պետք է լինի փոխադարձության սկզբունքը։

«Բանակցային գործընթացում հավասար պայմանները վերադարձնելու խնդիրը կենսական է։ Եվ այս պարագայում, եթե մենք, այսպես կոչված՝ անկլավների վերադարձի մասին խոսենք առանց փոխադարձության, ապա միանշանակ տուժելու ենք»,- եզրափակեց պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

Մերի Հակոբյան