Մեր պետության հիմնախնդիրներից է դարձել մարդու՝ հատկապես քաղաքական իրավունքների սահմանափակումներն ու ոտնահարումները:
Ազգային ժողովում, խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը:
«Երբ հայ մարդն իրեն հայապահպանության ու հայրենասիրության ճոխություն է թույլ տալիս, մարդը հետապնդվում և պատժվում է։ Այսօր կալանքը, խափանման ամենածանր միջոցը, որը երբեմնի պետք է կիրառվեր մեր երկրում օրեցօր աճող ծանր հանցագործությունները կանխարգելելու նպատակով, վեր է աճել պատժիչ մահակի։
Այս արյունախումբ գազանի վերաճած համակարգի զոհը դարձավ մեր թիմակիցը, մեր ընկերը՝ Արսեն Գևորգյանը։ Արսենն այսօր ողջ կլիներ, եթե իրեն քաջություն թույլ չտար իր համայնքի բարօրության համար պայքարելու։ Արսենը մահացավ մի վայրում, որտեղ պետությունը պարտավոր էր երաշխավորել նրա անվտանգությունը և պատասխանատվություն էր կրում Արսենի մահվան համար։
Ունենք պահանջ. արդարություն Արսեն Գևորգյանի համար և արդարություն մեր քաղբանտարկյալ բոլոր ընկերների, գաղափարակիցների կորսված տարիների համար:
Վերահսկողական առարկա դարձնել առաջին հերթին Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները, ուսումնասիրության առարկա դարձնել ընդհանրապես մեր երկրում կալանքի՝ որպես խափանման միջոցի, կիրառման հիմնավորվածությունը և վարել վիճակագրություն այդ բոլոր դեպքերով: Անհապաղ խորհրդարանի կողմից քննարկման և վերահսկողության առարկա դարձնել բոլոր քաղաքական դրդապատճառներով ազատազրկված մարդկանց պահման վիճակը։
Արսեն Գևորգյանի մահը չի դառնալու մոռացված դրվագ։ Այն մեզ համար ցավ է, բայց նաև պարտավորություն է: Պարտավորություն է հիշելու և պայքարելու հանուն արդարության և հանուն մեր հռչակած սկզբունքների և արժեքների»,-նշել է նա։