Ուղիղ եթեր
Արտաքին 45 րոպե առաջ - 15:26 16-11-2026

Հայաստանում ընտրությունների վերաբերյալ դրական գնահատական է հնչել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում

Նոյեմբերի 15-16-ին Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում անցկացված Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի ավարտին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների և կառավարությունների կողմից ընդունվել են «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևը և Պնոմպենի հռչակագիրը։

Բանաձևում Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներն աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացին։ Ողջունվել են 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը։

Բանաձևում կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների և տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված կառուցողական երկխոսության շարունակումը, մասնավորապես՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և «ԹՐԻՓՓ» նախագծի շրջանակներում։ Ողջունվել են նաև Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբացմանն ուղղված ջանքերը։

Բանաձևով վերահաստատվել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացին՝ երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի։

Բանաձևում ընդգծվել է առկա հումանիտար հարցերի կարգավորման, այդ թվում՝ պահվող անձանց ազատ արձակման, անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման կարևորությունը՝ որպես կողմերի միջև վստահության ամրապնդման կարևոր գործոն։

Ողջունվել են Հայաստանի կառավարության՝ միջազգային գործընկերների աջակցությամբ Ղարաբաղից տեղահանված հայ փախստականներին Հայաստանի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում ինտեգրելու ուղղությամբ իրականացվող ջանքերը։ Ընդգծվել է այդ ջանքերի շարունակման կարևորությունը։

Բանաձևում ողջունվել է Հայաստանում ժողովրդավարացման գործընթացի և պետական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև օտարերկրյա միջամտությունների, խառնածին սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքը։

Այս համատեքստում ընդգծվել է 2026թ. հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների պատշաճ անցկացումը, որոնք ցույց են տվել առկա մարտահրավերների պայմաններում ազատ, թափանցիկ և վստահելի ընտրական գործընթաց ապահովելու պետական ինստիտուտների դիմակայունությունն ու կարողությունները։

Գագաթնաժողովի շրջանակներում ընդունված Պնոմպենի հռչակագրով Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները ողջունել են 2026թ. հոկտեմբերին Երևանում անցկացված «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) արդյունքները։

Պնոմպենի հռչակագրով Ֆրանկոֆոնիայի դերակատարներին հանձնարարվում է զարգացնել խաղաղության կրթությանն ուղղված ծրագրերը, որոնք նպաստում են հակամարտությունների կանխարգելմանն ու կարգավորմանը, ինչպես նաև բռնության նվազեցմանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևին համահունչ։ «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը ՄԱԿ ԳԱ-ի կողմից միաձայն ընդունվել է 2026թ. հունիսի 4-ին՝ Հայաստանի նախաձեռնությամբ։

Ամենից շատ դիտված

12:30 Հարսանիքի տորթը դեռ չէին հասցրել կտրել. մահացած 15-ամյա տղան հարսի քրոջ որդին էր, վարորդը` 17-ամյա պատանին, վիրավոր է
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
20:57 Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի ռուսական սահմանի անցակետերը
20:42 Լամին Յամալը փոխել է խաղային համարը Անգլիայի դեմ խաղից առաջ