Ներքին Տեսանյութ 23 րոպե առաջ - 21:00 05-11-2026

Հրաժեշտ ՀԱՊԿ-ին, Իրանի կոշտ զգուշացումը, Ալիևը և 64 մլրդը, հղիի դաժան մահը, բնակարան՝ բազմազավակներին․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է նոյեմբերի 5-ի ամփոփ լուրերը:

Քննչական կոմիտեն ավարտել է ամուսնու կողմից հղի կնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2026 թվականի մայիսին, Ծափաթաղից Երևան ուղևորվելու ճանապարհին, ոչ սթափ վիճակում գտնվող և վարորդական իրավունք չունեցող ամուսինը վիճաբանել է հղի կնոջ հետ, բռնություն գործադրել նրա նկատմամբ և փորձել ավտոմեքենայի մեջ պահելով առևանգել նրան։ Անտանելի ֆիզիկական ու հոգեկան տառապանքներին չդիմանալով՝ կինը ընթացքի մեջ գտնվող մեքենայի դուռը բացել է, դուրս նետվել և ստացված վնասվածքներից մահացել։ Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ամուսինը պարբերաբար դաժան վերաբերմունք է ցուցաբերել կնոջ նկատմամբ՝ նվաստացնելով նրա արժանապատվությունը։ Ամուսնուն առաջադրվել են ծանր մեղադրանքներ՝ մի քանի հոդվածներով, այդ թվում՝ ինքնասպանության հասցնելու, առևանգման և ֆիզիկական ուժեղ տառապանք պատճառելու համար։

«Մենք չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից»․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշմանն առնչվող մի շարք աղմկոտ հարցեր։ Անդրադառնալով Եվրոպական Միությանն անդամակցելու թեմային՝ վարչապետը վստահեցրել է, որ այս պահին հանրաքվեի առարկա գոյություն չունի, սակայն բոլոր գործողությունները տանում են նրան, որ 2027 կամ 2028 թվականներին Հայաստանը պաշտոնապես կդիմի ԵՄ-ին անդամակցության լիարժեք գործընթաց սկսելու համար։ Միևնույն ժամանակ, անդրադառնալով ՀԱՊԿ-ին անդամավճար չմուծելու պատճառով Հայաստանին կառույցից հեռացնելու վերաբերյալ ռուսական կողմի նախագծին՝ Փաշինյանը հանդես է եկել բավականին կոշտ հայտարարությամբ՝ նշելով, որ մեր հետաքրքրություններն այդ կառույցի հետ կապված արդեն սպառված են։ Այս հայտարարությունները մեկ անգամ ևս ընդգծում են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ սպասվող լուրջ տեղաշարժերը, որտեղ Երևանը փորձում է հավասարակշռել ԵԱՏՄ-ում տնտեսական ներկայությունն ու ԵՄ-ին անդամակցելու հեռանկարները՝ վերջնականապես փակելով ՀԱՊԿ-ի էջը։

Բժիշկներին հաջողվել է փրկել էներգետիկ ըմպելիքի և ծխախոտի համադրությունից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 15-ամյա պատանու կյանքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզում։ 15-ամյա Ա․ Ե․-ն «Էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Արտաշատի շտապօգնության խմբով տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոն։ Ոստիկանության ստուգումների ընթացքում դեռահասի պապիկը հայտնել է, որ թոռնիկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է էներգետիկ ըմպելիք խմելուց և ծխախոտ ծխելուց հետո։ Դեպքի փաստով փաստաթղթեր են նախապատրաստվել և փոխանցվել Քննչական կոմիտե։

Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է 2026 թվականի վերջին երկու ամիսների համար հատկացնել ևս 2 միլիարդ դրամ։ Պատճառն պարզ է․ այս տարվա առաջին 9 ամիսներին քաղաքացիներին արդեն վերադարձվել է շուրջ 78.6 միլիարդ դրամ, իսկ տարեկան կանխատեսվող ծավալը հասնում է 106.5 միլիարդի։ Սա զգալիորեն գերազանցում է բյուջեով նախապես պլանավորված 102.1 միլիարդ դրամը։ Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ լրացուցիչ հատկացումների նպատակը տարեվերջին պարտավորությունները ճշգրիտ կատարելն ու վճարումների ընդհատումներից խուսափելն է։

Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարից հետո հանրային քննարկումները վերածվել են քաղաքական ու տեխնիկական փոխադարձ մեղադրանքների։Արձագանքելով շրջանառվող քննադատություններին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը պարզաբանել է, որ ճանապարհի տվյալ հատվածը եղել է պատշաճ գծանշված և կահավորված անհրաժեշտ նշաններով։ Ինչ վերաբերում է վթարի ենթարկված բեռնատարի տեխզննման պատասխանատվությանը, նախարարն ընդգծել է, որ մեքենան չունի հայկական հաշվառում, հետևաբար դրա տեխնիկական վիճակի վերահսկողությունը դուրս է իրենց լիազորությունների տիրույթից։

Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 միլիոն դրամ․ Կառավարությունը հաստատել է բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման նոր պետական ծրագիրը։ Նախագծի համաձայն՝ այն ընտանիքները, որոնք 2027 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կունենան 6 և ավելի անչափահաս երեխա, կստանան բնակարանային հավաստագիր՝ յուրաքանչյուր երեխայի հաշվարկով 4-ական միլիոն դրամի չափով։ Ավելին՝ գյուղական համայնքներում տուն կառուցելու կամ ձեռք բերելու դեպքում պետությունը խոստանում է հատկացնել ևս 4 միլիոն դրամ։ Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Հայաստանում այսօր կա նման կարգավիճակ ունեցող ավելի քան 600 ընտանիք, որոնց մեծ մասը գրանցված է անապահովության համակարգում։ Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ աջակցությունը պետք է ուղղակիորեն կապվի նորակառույց դպրոցների ու մանկապարտեզների հետ՝ երեխաների պատշաճ կրթությունն ապահովելու և աղքատության շղթան կոտրելու համար։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը