«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը կարող է հայտնվել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի թիրախում։
Կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել այդ հոդվածը՝ անդամավճարների և կազմակերպության աշխատանքներին չմասնակցելու պատճառով։ Ստացվում է՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայությունը դեռևս բավարար չէ, իսկ կազմակերպության պահանջները շարունակում են մնալ օրակարգում։
Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարաբերությունները շարունակում են մնալ անորոշության մեջ։ Երևանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին, սակայն ՀԱՊԿ-ը, կարծես, չի պատրաստվում այդ հանգամանքը դիտարկել որպես անդամակցությունից հրաժարվելու հիմք։
Ավելին՝ այժմ Հայաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին խոսակցությունն է օրակարգ բերվում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը։
«Դա վերաբերում է անդամավճարներին և, այսպես ասած, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ներկայությանը, բայց դրա աշխատանքներին [արդեն երրորդ տարին] չմասնակցելուն»,- ասել է նա։
Այս հայտարարությունը ուշագրավ է հատկապես այն առումով, որ Հայաստանը տարիներ շարունակ դժգոհություն է հայտնել ՀԱՊԿ-ի անգործությունից՝ մասնավորապես Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ կազմակերպության արձագանքի բացակայությունից։
Երևանը բազմիցս բարձրաձայնել է, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները։ Սակայն կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարությունից ստացվում է, որ կառույցն իր հերթին Հայաստանից պահանջներ ունի՝ անդամավճարների և կազմակերպության աշխատանքներին մասնակցության մասով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: