Կիրակի օրը Աֆղանստան-Պակիստան սահմանին գտնվող Տորխամ անցակետի մոտ բախումներ են տեղի ունեցել, հայտնում է աֆղանական «Khaama Press» լրատվական գործակալությունը։
«Կիրակի՝ նոյեմբերի 1-ին, ըստ տեղական աղբյուրների, Տորխամ անցակետի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել «Թալիբան»-ի և պակիստանյան ուժերի միջև, ինչը խոչընդոտել է Պակիստանից աֆղան միգրանտների վերադարձը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ գործակալության՝ երկու կողմերն էլ կրակ են բացել միմյանց դիրքերի ուղղությամբ Դյուրանդի գծի մոտակայքում․ սա երկու պետությունների միջև սահման է, որը Քաբուլի կողմից չի ճանաչվում։
«Ըստ աղբյուրների՝ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ աֆղանները սահմանի մոտ փորձել են տեղադրել անվտանգության կետ, որը հայտնի է «Ջանգալ» անվամբ»,- պարզաբանում է գործակալությունը։ Այս կետի մերձակայքում նախկինում ևս փոքր բախումներ տեղի ունեցել են։