Ուղիղ եթեր
Ներքին 2 ժամ առաջ - 16:00 29-10-2026

Ընդդիմությունը պետականակենտրոն չէ, դրա համա՞ր եք ծեծում

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Քաղաքացու համար վիրավորական է, երբ ընտրյալները միմյանց ծեծում են դեռահասի նման։

ԱԺ դահլիճում կրկին ծեծկռտուք տեղի ունեցավ հոկտեմբերի 29-ին։ ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղից արձագանքեց նրան։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը զգուշացրեց՝ չխոսել տեղից։ Այնուհետև իշխանական և ընդդիմադիր պատգամավորները իջան իրենց տեղերից, սկսվեց քաշքշոց, ապա նաև ծեծկռտուք։ Քիչ անց ԱԺ նախագահը ընդմիջում հայտարարեց և ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։

Ինչո՞ւ են ծեծում իրար պատգամավորները, և ինչպե՞ս կարելի է այս ամոթալի երևույթից ազատվել։

Ոմանց կարծիքով՝ ծեծկռտուքները հրահանգվում են վերևից՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նա է կարգադրում այսօրինակ ծեծկռտուքներ կազմակերպել։ Այս ամոթալի կռվից մի քանի ժամ անց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ արձագանքել է միջադեպին և կարծիք է հայտնել, թե ընդդիմությունն է սկսել ծեծկռտուքը և ստացել համարժեք պատասխան։ «Եթե որևէ մեկը մտածում է, որ կարող է ձեռքը երկարացնի ու ԱԺ պատգամավորին խփի, այդ ձեռքը մենք կջարդենք»,- ասել է նա։

Այսպիսով՝ Փաշինյանի մեկնաբանությունից կարելի է ենթադրել, որ նա ոչ միայն հասցեական չի դատապարտում ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորների վարքը, այլև արդարացնում է և խրախուսում։ Հետևապես՝ ենթադրելի է, որ Փաշինյանի գիտությամբ է տեղի ունեցել այս ծեծկռտուքը։ Ավելին՝ կանխատեսելի է, որ առաջիկայում ևս նման ծեծկռտուքներ են լինելու նրա գիտությամբ կամ հրահանգով։

Ոմանց կարծիքով՝ ներկայիս ընդդիմությունը կառավարելի է, կեղծ։ Օրեր առաջ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում պետք է ձևավորվի նոր ու պետականակենտրոն ընդդիմություն, ԱԺ ընդդիմության հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել, լրտես որակել։ Այսօր էլ ճեպազրույցի ընթացքում նա գործող ընդդիմությանը «կեղծ ընդդիմություն» որակեց, հանդիմանեց ու վիրավորեց։

Համադրելով այս որակումները՝ ենթադրելի է, որ ՔՊ-ն և ընդդիմությունը ԱԺ-ում ծեծկռտուք են բեմադրում՝ ապացուցելու համար, որ ընդդիմությունն ազնիվ է, պայքարող, անհաշտ, սկզբունքային, ինքնասիրություն և արժանապատվություն ունի։ Մեծամասնությունը նույնպես ապացուցում է, որ ինքնասիրություն ունի, կարող է պայքարել ընդդիմության դեմ, անհաշտ է, անզիջում և այլն։

Բաց է մնում մեկ հարց։ Իսկ ի՞նչ կլինի, երբ պետականակենտրոն ընդդիմությունը գա ԱԺ և ազգային շահերով առաջնորդվի։

Ահա այստեղ ամեն բան կփոխվի։ Քաղաքական մեծամասնությունն առանձնակի սիրով ու հարգանքով կվերաբերվի պետականակենտրոն ընդդիմությանը։ Տարոնչախոյանները իրենց զուսպ կպահեն, լկտի ու ամբարտավան կեցվածքով չեն վիրավորի պետականակենտրոն գործընկերներին։ Վահագնասլեքսանյանները քացով կամ աթոռով չեն հարվածի գործընկերներին։ Պատգամավորները միմյանց հանդեպ բարեկիրթ կվարվեն, ինչպես կոչ էր անում Ռուբեն Ռուբինյանը։

Կասկածից վեր է, որ պետականակենտրոն ընդդիմադիրների խոսույթում Նիկոլ Փաշինյանի հասցեին հեգնական, ծաղրական, վիրավորական ոչինչ չի լինի։ Չէ՞ որ վարչապետն իրեն ասոցիացնում է պետության հետ։ Ուստի՝ պետականակենտրոնը չի կարող վիրավորական բան ասել նրա, և ընդհանրապես՝ իշխանության հասցեին։ Իսկ եթե որևէ մեկը կարոտի, թե ինչպես էին բռունցքներով կռվում ընդդիմադիրների հետ, ապա Փաշինյանը կամ մեկը նրանց թիմից կարող են հիշեցնել, որ այն ժամանակ ընդդիմությունը պետականակենտրոն չէր, դրա համար ծեծում էին։ Այնքան ծեծեցին, մինչև պետականակենտրոն դարձան։

Կարճ ասած՝ ԱԺ-ում ծեծկռտուքների բացառման բանալին գտնված է։ Հենց ընդդիմությունը պետականակենտրոն դառնա՝ ծեծկռտուքները կդադարեն, կբացառվեն, ո՛չ իշխանական պատգամավորի վրա շիշ կնետվի, ո՛չ ընդդիմադիրի վրա ձեռք կբարձրանա։ Ընդդիմադիրները դեմ կքվեարկեն որոշ նախագծերի, որ չասեն, թե կեղծ են։ Իսկ հակառակ տեսակետ հայտնելիս ներողություն կխնդրեն, որ իրենց կարծիքը չի համընկնում Փաշինյանի դիրքորոշման հետ։

Եվ ամենակարևորը՝ պետականակենտրոն ընդդիմությունը բաց ու աներկբա կհայտարարի, որ չի ուզում իշխանություն դառնալ, այլ ուզում է ընդդիմություն մնալ մինչև օրերի վերջը։ Այդ ժամանակ Փաշինյանը, ենթադրաբար, չի վախենա և չի մտածի ընդդիմադիրներին ծեծելու կամ ձեռքեր ջարդելու մասին, իսկ քաղաքացին գետինը չի մտնի, որ իր ընտրյալը ծեծկռտուքներ է սարքում, հայհոյում անբարեկիրթ դեռահասի նման։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված