1988 թվականի ավերիչ երկրաշարժից 38 տարի անց Գյումրին դեռևս ամբողջությամբ չի ազատվել տնակներից։ Մինչև 2027 թվականը տնակների խնդիրը լուծելու վերջնաժամկետ է սահմանված, սակայն քաղաքում դեռ կան ընտանիքներ, որոնք սպասում են բնակարանային խնդրի լուծմանը։ Այս ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախատեսում է Գյումրիում կառուցել ևս երկու բազմաբնակարան շենք և մեկ մանկապարտեզ։
Oragir.News-ի տեղեկություններով՝ նոր շենքերը կառուցվելու են «Մուշ-2» թաղամասում։ Նախատեսվում է կառուցել ընդհանուր 68 բնակարան, որոնք կհատկացվեն 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին։

Բնակարանաշինությունից բացի, ծրագրով նախատեսվում է կառուցել 75 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, ստեղծել մշակութային կենտրոն և բարեկարգել հանրային այգին։ Թաղամասում նախատեսվում է տեղադրել նաև «Թումո տուփ», որը պատանիներին հնարավորություն կտա մասնակցելու տեխնոլոգիական և ստեղծարար կրթական ծրագրերի։
«Մուշ-2» թաղամասում հիմնադրամն արդեն կառուցել է չորս բազմաբնակարան շենք, որոնցում բնակարաններ է ստացել ժամանակավոր կացարաններում բնակվող 86 ընտանիք։ Կառուցվել է նաև 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, իսկ բնակելի շենքերում ստեղծվել է չորս արվեստանոց։

Հոկտեմբերի 14-ին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատանքային այցով մարզում գտնվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանի հետ այցելել է «Մուշ-2» թաղամաս։
Քննարկվել են «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու հետագա անելիքները։ Թեև թաղամասում բնակարանաշինական ծրագրեր են իրականացվում, Գյումրիի տնակային բնակֆոնդի ամբողջական վերացման հարցը շարունակում է արդիական մնալ։
Երկրաշարժից տասնամյակներ անց բնակարանների կարիք ունեցող ընտանիքների համար յուրաքանչյուր նորակառույց շենք կարևոր նշանակություն ունի, սակայն մնում է հարցը՝ արդյոք մինչև 2027 թվականը հնարավոր կլինի լուծել տնակներում ապրող բոլոր ընտանիքների բնակարանային խնդիրը։
Անահիտ Չալիկյան