Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Իրանի ուղղությամբ հարվածները վերսկսելու հնարավորությունը։
Այս մասին հայտնել է Իսրայելի 12-րդ հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկյան աղբյուրի համաձայն՝ Վաշինգտոնում «տպավորված են եղել» Իսրայելի վարչապետի՝ ընտրություններից առաջ Իրանի դեմ հարձակումները վերսկսելու պատրաստակամությամբ։ Իսրայելում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 27-ին։
ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը նախատեսում էր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի ուղղությամբ լայնածավալ հարվածները՝ Թեհրանին մեղադրելով Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Այդ նեղուցով է տեղափոխվում նավթի համաշխարհային առևտրի շուրջ 25 տոկոսը և հեղուկացված բնական գազի՝ մոտ 20 տոկոսը։
Այնուհետև ԱՄՆ վարչակազմը, ըստ էության, ազդարարել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական ուժի կիրառումը դադարեցնելու և պատժամիջոցների միջոցով նրա տնտեսական խեղդման փորձին անցնելու մասին։