Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Ուղիղ խոսք 54 րոպե առաջ - 19:10 12-10-2026

Երևանը ժամանակ չունի սպասելու, մինչև կիսագրագետները փորձեն սովորել. Քրիստինա Վարդանյան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանում տիրող շինարարական անվերահսկելի գործընթացը, փոշու աղետալի ծավալներն ու քաղաքային կանաչ տարածքների կորուստը վաղուց հատել են թույլատրելիի սահմանը։

Մայրաքաղաքում ստեղծված հիգիենիկ լուրջ խնդիրների, օդի աղտոտվածության, անկանոն կառուցապատման և տրանսպորտային քաղաքականության ձախողման մասին Oragir.News-ը զրուցել է Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանի հետ։

«Մենք շատ ենք ասում, թե հայերը երեխայակենտրոն ազգ են, որ մենք երեխաների համար ամեն ինչ անում ենք, ամենը՝ «հանուն երեխաների»։ Ես դա չեմ տեսնում, դա հանուն երեխաների չի։ Երբ որ խոսում ենք երեխաների և մեր պարտավորության մասին, պետք է հասկանանք, որ սիրել նշանակում է հոգ տանել։ Սիրել չի նշանակում լավագույն խաղալիքը, սնունդը գնել և այլն։ Դրանք գումարելիներ են, բայց ամենակարևորը առողջությունն ապահովելն է, ինչը ես չեմ տեսնում։ Չեմ տեսնում նաև մեր քաղաքացիների կողմից պատասխանատու կառույցներից պահանջատիրությունը, թե՝ «ի՞նչ եք անում դուք մեր առողջության հետ»,- նշում է Վարդանյանը։

Վերջինիս կարծիքով՝ շինարարության այս ծավալը համահունչ չէ քաղաքապետարանի և տեսչական մարմինների՝ գործընթացները վերահսկելու հնարավորությանը։

Նրա խոսքով՝ որ շինհրապարակ էլ մտնենք, տասնյակ խախտումներ կտեսնենք՝ թե՛ ՀՀ օդի պաշտպանության օրենքի, թե՛ քաղաքաշինական փաստաթղթերով ամրագրված հիգիենիկ ստանդարտների ու չափորոշիչների։ Փաստացի չունենք վերահսկողություն։

«Օդի աղտոտվածության մասով քաղաքապետարանը մի որոշում կայացրեց, որ բոլոր շինարարները պետք է ունենան չափիչ սարքեր։ Բոլորը տեղադրեցին դրանք։ Բայց բազմանգամ քաղաքապետը ելույթներ է ունեցել և ասել, որ շենքերի ֆասադները բոլոր կողմերից պետք է ծածկեն փոշին բռնող ցանցերով, որպեսզի իջեցնեն հավանական աղտոտումը։ Բոլորս էլ տեսնում ենք, որ ոչ մի բան չի արվում։ Խնդիրը մեր հանրապետությունում կայանում է նրանում, ոչ թե որ օրենքները կատարյալ չեն, այլ նրանում, որ օրենքները չեն կատարվում։ Թղթի վրա ամեն ինչ ունենք, բայց ռեալ կյանքում ոչ մի բան չի արվում այնպես, ինչպես հարկն է։ Ունենք ընտրողական, սելեկտիվ մոտեցում՝ էս մեկին ուզում ենք պատժել՝ պատժում ենք, մյուսին՝ չէ։ Եթե պատժեն բոլորին, բոլորն էլ ցանցով կպատեն, մեքենաները կծածկեն, շինհրապարակներում խոնավեցնող սարքեր կտեղադրեն և աղմուկի մակարդակն էլ կլինի այնպիսին, ինչպիսին հարկն է»,- համոզված է ավագանու անդամը՝ շարունակելով․ «Ամբողջ Նորքի լանջը կառուցապատվում է։ Չէ՞ որ սրանք անտառներ էին։ Հեղափոխությունից առաջ ասում էին, որ հետ ենք բերելու ամեն ինչ, բա բուֆերային գոտի էր, ասում էին՝ անօրինական սեփականաշնորհում է տեղի ունեցել։ Բա եթե անօրինական էր, ինչո՞ւ չվերցրեցիք, հետ չբերեցիք ու համայնքին չտվեցիք այդ լանջերը։ Չէ՞ որ սա 500 հեկտարին մոտ կանաչ տարածք էր»։

Քրիստինա Վարդանյանի խոսքով՝ երեխան ծնվում է ու անմիջապես մանկապարտեզի հերթ կանգնում․ «Որովհետև մենք մանկապարտեզներ չենք կառուցել, Երևանը վերածել ենք շենքերի քաղաքի։ Միթե՞ քաղաքացուն մենք միայն այդ քառակուսի մետրերն են պետք։ Այս շենքում ապրող նորածնին մայրիկն որտե՞ղ է իջեցնելու, որ գոնե մեկ-երկու ժամ երեխան մաքուր օդում լինի։ Եվ էդ ո՞ր մաքուր օդն է նա շնչելու։ Շենքը կառուցելիս պետք է հասկանանք, որ այդտեղ պետք է լինի մանկապարտեզ, դպրոց, հիվանդանոց, հանգստի վայրեր ու այգի-պուրակային տարածքներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով