Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են «Պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագրի» (PSMP4) շրջանակում Արդարադատության նախարարության կողմից իրականացվող նախագծերի ընթացիկ արդյունքները և քննարկվել հետագա ռազմավարական առաջնահերթությունները։
Արձանագրվել է զգալի առաջընթաց էլեկտրոնային քրեակատարողական համակարգի (e-Penitentiary) մշակման գործընթացի մեկնարկի, էլեկտրոնային նոտարիատի (e-Notary) նոր համակարգի մշակմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հետագա բարելավման ուղղությամբ:
Կարևորելով թվային բարեփոխումների կայունությունը՝ երկուստեք շեշտադրվել է ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը։
Ապագա համագործակցության շրջանակում նախատեսվում է անդրադառնալ միասնական դատական կառավարման համակարգերին, արխիվային համակարգի բարեփոխմանը, արդարադատության ոլորտի տարբեր ուղղություններում արհեստական բանականության գործիքների ինտեգրմանը և դատական համակարգի լայնամասշտաբ թվային տրանսֆորմացիային: