Ներքին 1 ժամ առաջ - 15:00 07-10-2026

Ինչպես են Փաշինյանն ու ՔՊ-ին միացածներն իմաստազրկում ժողովրդավարությունը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Կադրային սովը չի ընկճում ՔՊ-ին։ Նիկոլ Փաշինյանն՝ առանց կաշկանդվելու՝ համակիրներ է հավաքագրում նախկինների շարքերից, հաշվի չառնելով նրանց դեմ հռչակած խաչակրաց արշավանքն ու նրանց առնչվող կոռուպցիոն կասկածները։

«Ինֆոքոմն» ուսումնասիրել է ՔՊ նախընտրական ցուցակների առաջին համարներին և մի հետաքրքիր օրինաչափություն նկատել․ 19 համայնքներում ՔՊ-ի կամ ՔՊ-ի հետ դաշինքների առաջին համարներից 5-ը ՀՀԿ նախկին անդամներ են։ «Ինֆոքոմ»-ի CtrlZ հաղորդմանը հյուրընկալվելիս Փաշինյանը տարօրինակ պատասխան է տվել նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչների հետ ՏԻՄ-երում համագործակցության մասին հարցին։ «Ինֆոքոմի» լրագրողի անդրադարձին, թե Վարդենիսում ՔՊ թեկնածուն՝ Ահարոն Խաչատրյանը, «դատապարտվել է պետական միջոցները յուրացնելու հոդվածով», Փաշինյանը ժպիտով արձագանքել է. «Ես չգիտեմ, էդ տեղեկատվությունը․․․ 2014-ին դատապարտվե՞լ է, չգիտեմ՝ ե՞րբ է դատապարտվել, դատվածությունը մարվա՞ծ է»։

Ինչո՞ւ են նախկին իշխանությունների հետ ասոցիացված անձինք հայտնվում ՔՊ-ում և առաջադրվում պատասխանատու քաղաքական պաշտոններում, տվյալ դեպքում՝ համայնքապետի թեկնածու։

Առաջին և ամոթալի ենթադրությունն այն է, որ ՔՊ-ն իր կազմում համայնքապետի թեկնածու չունի։ Սա կուսակցական ճգնաժամի ապացույց է։ Ներկուսակցական աշխատանքն այնքան ցածր մակարդակի վրա է, որ 8 տարի իշխանության ղեկին գտնվող կուսակցությունն իր շարքերում չի կարողանում համայնքապետի թեկնածու պատրաստել, աճեցնել։ ՔՊ կադրերը տեղերում մերժված են, շրիշակային ժողովրդականություն ունեն։ Սա նաև ՔՊ-ի ցածր վարկանիշի վկայությունն է։

Երկրորդ պատճառն այն է, որ ՏԻՄ ընտրությունները քաղաքական բովանդակություն չեն ստանում։ Սա նույնպես իշխանության անուշադրության հետևանք է։ Համայնքի ղեկավարը չի դիտվում որպես քաղաքական պաշտոնյա, այլ վարչարար, որը տնօրինում է համայնքի բյուջեն, իր համայնքի մասշտաբով հարց լուծող տղա է։ Համայնքապետի կուսակցական պատկանելությունը անկարևոր են դիտվում ոչ միայն քաղաքացիների, այլև քաղաքական համայնքի մի մասի կողմից։ Այս աննորմալ ընկալումները փոփոխելու փոխարեն ՔՊ-ն հավաքագրում է նախկինների կադրերին։

Երրորդ պատճառը ՔՊ-ի և համայնքապետեի քաղաքական անսկզբունքայնությունն է։ Տարիներ առաջ Փաշինյանը մերժում էր իզմերը։ Բազմաթիվ համայնքապետեր էլ բաց հայտարարում են, թե քաղաքական գործիչ չեն, քաղաքականությամբ չեն զբաղվում, քաղաքական կրեդո և կարմիր գծեր չունեն։ Այս անսկզբունքայնությունն էլ միավորում է նախկին համայնքապետերին և ՔՊ-ին։ Երկուսն էլ ապագաղափարական տարրեր են, երկուսի համար էլ իշխանությունն ինքնանպատակ է։ Այս ընդհանրությունների վրա էլ կառուցվում է տեղերում ժողովրդականություն վայելող նախկին ՀՀԿ-ական համայնքապետերի և ՔՊ-ի արդյունավետ գործակցությունը։

Նախկին համայնքապետերի հետ այս գործակցության արդյունքում ծիծաղելի է դառնում Փաշինյանի հռչակած սրբազան պատերազմը նախկինների, նախկին կոռուպցիոներների դեմ։ Այսինքն՝ եթե նախկինները դառնում են ՔՊ-ի զինակից, ապա կարելի է ուշադրություն չդարձնե՞լ նախկինում կոռուպցիայի դրվագով դատվածության, մեծ թվով անշարժ գույք ու հարստություն ունեցողների վրա։ Սրանից հետո ինչպե՞ս են ասելու, թե անհաշտ պայքարում են նախկին կոռուպցիոներների դեմ։ Հանրությունը նրանց այդ խոսքերին կհավատա՞ այս ՏԻՄ ընտրություններից հետո։

Հիշարժան է, որ 2021-ի ՏԻՄ ընտրություններում, երբ Վարդենիսում հաղթեց Ահարոն Խաչատրյանը, ՔՊ-ն բոյկոտում էր առաջին նիստերը, չէր ճանաչում նրա լեգիտիմությունը։ 2025-ի մարտին Վարդենիսի համայնքապետարանում կոռուպցիոն սկանդալ եղավ, խուզարկեցին նաև Ահարոն Խաչատրյանի տունը։ Ենթադրելի է, որ այդ ընթացքում կամ դրանից հետո Ահարոն Խաչատրյանին ակնարկել են, որ եթե ՔՊ-ի համար չաշխատի, ապա կորակվի թալանչի, կոռուպցիոներ ու կհետապնդվի։

Պարզ ասած՝ ՔՊ-ի հետ գործակցող նախկինների և Փաշինյանի անսկզբունքային մոտեցումներով իմաստազրկվում են կուսակցությունը, ազատականությունը, ժողովրդավարությունը, քաղաքական էթիկան։ Եթե այս մոտեցումները ընդօրինակվեն քաղաքական համայնքի կողմից, ապա կա ռիսկ, որ Հայաստանում ժողովրդավարական քաղաքական համակարգը կփլուզվի։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
18:00 Քավության նոխազ՝ ԱԱԾ տեղակալի տեսքով, և ՊՆ-ի «պատերազմը»՝ կանանց շպարի դեմ
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
21:00 Ինչու բրիտանացիները ՀՀ-ում լուրջ ներդրումներ չեն անի այսօր
20:51 Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ ստանալու ծառայությունները կթանկանան