Ներքին Միտք 57 րոպե առաջ - 21:00 06-10-2026

Ինչու բրիտանացիները ՀՀ-ում լուրջ ներդրումներ չեն անի այսօր

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Մեր պատմության մեջ հայտնի է մի դեպք, երբ վարչապետը պաշտոնանկ է արվել արտաքին ներդրումներ ներգրավել չկարողանալու պատճառով։

Այս խնդիրը հիմա չկա, քանի որ պետության կառավարման ձևը փոխվել է, և վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրչի մեկ հարվածով պաշտոնանկ անող չկա։ Սակայն բոլորն էլ հասկանում են, որ ՀՀ տնտեսության մեջ արտաքին ներդրումների սակավությունը խնդիրներ է առաջացնում, պետությունն ընկնում է նոր պարտքերի տակ, որոնք էլ ստիպում են իշխանություններին գնալ ցավալի զիջումների։

Ինչո՞ւ ՀՀ-ում արտաքին ակտիվ ներդրումներ չեն արվում, ինչո՞ւ միլիարդատերերը, զարգացած երկրները մեր երկրում փող չեն դնում։

Պատճառներից առաջինն օբյեկտիվ է։ ՀՀ-ն փոքր և աղքատ երկիր է, շուկան փոքր է, սպառողները քիչ, միջազգային ճանապարհներ չկան։ Սուբյեկտիվ պատճառը ՀՀ իշխանության ռուսամետ կուրսն է։ Ռուսները ՀՀ տնտեսության մեջ ներդրում անելու փող չունեն։ Նրանց չի էլ հետաքրքրում ՀՀ տնտեսության զարգացումը։ Արևմուտքն էլ, բնականաբար, ներդրում չի անում ռուսական ազդեցության գոտում։

Այս իրավիճակը հասկանում են բոլորը։ Ոմանք լավատեսորեն կարծում են, թե Արևմուտքը հաշվի չի առնի ՔՊ-ի ռուսամետ կուրսը, ՀՀ-ում ռուսական բազայի ներկայությունը, և խոշոր ներդրումներ կանի ՀՀ տնտեսության մեջ։ Այս հույսով տարբեր գործարար համաժողովներ են կազմակերպում, որոնց հրավիրում են Արևմուտքի երկրների գործարարների։ Այդպիսի մի համաժողով էլ գումարվել էր հոկտեմբերի 6-ին։

«Որախությամբ պիտի արձանագրեմ, որ մենք տեսնում ենք, որ ամեն տարվա հետ Հայաստանի նկատմամբ, այդ թվում զբոսաշրջիկների հետաքրքրությունը աճում է։ Զբոսաշրջության հոսքերը լավ նախանշան են երկրի նկատմամբ ավելացող բիզնես հետաքրքրության վերաբերյալ։ Մենք տեսնում ենք, որ արդեն իսկ միտումները նկատվում էին, երբ որ օտարերկրյա ներդրողները ներդրում են անում պարզապես Հայաստանում անշարժ գույքի ոլորտում։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանում արդեն իսկ օտարերկրյա ներդրողների համար լավ բիզնես է համարվում Հայաստանում բնակարաններ գնել և վարձակալության հանձնելը»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին Երևանում ընթացող Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի ժամանակ։

Իհարկե, լավ է, որ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան։ Լավ է նաև, որ բնակարան են գնում ու վարձով տալիս։ Սակայն լուրջ ներդրումներ են համարվում արտադրության և ենթակառուցվածների մեջ ներդրումները։ ՀՀ-ում արտադրական ներդրումներ չկան։ Լուրջ բրենդները ՀՀ-ում ներդրումներ չեն անում։ ՀՀ-ում լուրջ ապրանք չի արտադրվում։ Չկա ՀՀ-ում արտադրված հեռախոս, սառնարան, կենցաղային տեխնիկա, ավոտմեքենա և այլն։ Ոչ ոք այստեղ այդ կարգի արտադրական ներդրում չի անում։ ԹՐԻՓՓ-ի ներդրումներն էլ դեռ թղթի վրա են։ ՀՀ-ում նույնիսկ շատ բարձրահարկ շենք չեն կառուցում, որ գրավիչ դառնա զբոսաշրջիկի համար։ Այստեղ միայն կառուցում են ցածրահարկ շենքեր, որոնք այնքան թանկ են, որ ՀՀ քաղաքացիները չեն ուզում դրանք գնել։ Ստիպված՝ օտարներին են խնդրում, որ գնեն, վարձով տան, այսինքն՝ լավ բիզնես անեն։

Այս ողբալի վիճակը չի վհատեցնում Նիկոլ Փաշինյանին։ Նա հրաժարական չի տալիս իր ապաշնորհության պատճառով։ Նա ևս, հավանաբար, հասկանում է, որ իր ռուսամետ կուրսի հետևանքով ոչ մի լուրջ երկիր այստեղ լուրջ ներդրում չի անի։ Այդ պատճառով նա կոչ չի անում բրիտանցիներին՝ այստեղ լուրջ բրենդների մասնաճյուղեր բացել, էժան աշխատուժով որակյալ ապրանք արտադրել ու վաճառել աշխարհում։ Փոխարենը՝ բրիտանացի գործարարներին ակնարկում է, թե ՀՀ-ում բնակարան գնելն ու վարձով տալը լավ բիզնես է։

Պարզ ասած՝ ենթադրելի է, որ բրիտանացիները Հայաստանում լուրջ ներդրումներ չեն անի այսօր։ Չնայած՝ կա լավատեսություն, որ ՄԹ-ն կարող է մեծ ռիսկի դիմել և ՀՀ-ում ներդրումներ անել, որոնք հավանաբար՝ դրականորեն կանդրադառնան հանրային մտածողության վրա, և քաղաքական սպեկտրից կվերանան ռուսամետ ուժերը։ Ռուսամետ ուժերի լուսանցք մղելուց հետո ՀՀ իշխանությունը, բնականաբար, լուրջ քայլեր կարող է անել անկախության և ժողովրդավարության ամրացման ուղղությամբ, ինչից հետո լուրջ արտաքին ներդրումներ կլինեն և էապես կբարձրանա ժողովրդի բարեկեցությունը։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված