«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում բենզինի վերջին թանկացումը ներմուծումներից կախված, աշխարհաքաղաքական խոցելիություն ունեցող և սահմանափակ մրցակցային կառուցվածքով շուկայի ամբողջական ճգնաժամի արտահայտություն է։ Երբ «Ռեգուլյար» տեսակի բենզինի գինը հասնում է մոտ 600-620 դրամի, իսկ «Պրեմիումի» գինը՝ 620-650 դրամի, հասարակության համար դա դառնում է ոչ թե միայն վարորդների խնդիր, այլ ընդհանուր սոցիալ-տնտեսական անհանգստության ազդանշան, որովհետև վառելիքը Հայաստանի տնտեսության մեջ ներգործում է շղթայական տրամաբանությամբ։
Այն մտնում է տրանսպորտի, գյուղատնտեսության, առևտրի, շինարարության, ծառայությունների, միջհամայնքային փոխադրումների և նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքների վերջնական գնի մեջ։ Այդ պատճառով բենզինի թանկացումը երբեք չի սահմանափակվում լցակայանի ցուցանակով։ Այն արագորեն վերածվում է սպասումների փոփոխության, բիզնեսների ծախսերի վերանայման, սպառողների անհանգստության, գնաճային ճնշման։
Հայաստանում այս գործընթացն առավել սուր է ընկալվում այն պատճառով, որ վառելիքի շուկայի հետ կապված իշխանությունները տևական ժամանակ ներկայացնում են, որ առանձնահատուկ քաղաքականություն են վարում դիվերսիֆիկացման, մատակարարման նոր աղբյուրների ներգրավման և նախկին կախվածություններից ազատվելու ուղղությամբ։ Մինչդեռ գների կտրուկ աճը վկայում է այն մասին, որ իրական դիվերսիֆիկացումը շատ ավելի բարդ, երկարաժամկետ և համակարգային աշխատանք է, քան պարզապես մեկ ուղղությունը մյուսով փոխարինելը կամ կարճաժամկետ ներմուծման վիճակագրությունը քաղաքական ձեռքբերում ներկայացնելը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։