Տան վարձերի ու բնակարանների թանկացման դեմ պայքարող քաղաքացիները՝ հանրային գործիչ Անի Կարապետյանի գլխավորությամբ, այսօր հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ մշակված ծրագիր-պահանջագիրը հանձնելու։
Սակայն գործադիրի պատասխանատուները խուսափեցին քաղաքացիների հետ ուղիղ երկխոսությունից։
«Մենք սպասում էինք դիմումների ընդունման վարչության պետին, սակայն մեզ մոտեցավ մի աշխատակցուհի և հայտնեց, որ վարչության պետը կառավարության նիստի է, զբաղված է և չի կարող ընդունել։ Դրանից հետո մենք հրաժարվեցինք նամակը տալուց, որովհետև իմաստ չգտանք»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Անի Կարապետյանը։
Նրա խոսքով՝ իշխանության վերնախավից հնչող թեզերը ոչ մի աղերս չունեն իրականության հետ։
«Երբ արդեն կառավարության նիստը նայեցինք, վերահաստատեցինք մեր ճիշտ քայլը, որ իմաստ չկար տալու այդ նամակն ու ծրագիրը։ Արդեն որերորդ անգամն է՝ Նիկոլ Փաշինյանը հղում է անում, թե իբր այստեղ բոլոր վարձակալները մարզերում բնակարաններ ունեն, թող հետ գնան այդ բնակարաններում ապրեն։ Նախ՝ նման բան չկա։ Կարող է լինեն մարդիկ, ովքեր ունենան բնակարան, բայց մեծ մասը բնակարան առհասարակ չունի»,- արձանագրում է բանախոսը։
Ավելին, ըստ նրա, մարզերում «էժան տուն» հասկացությունը վաղուց գոյություն չունի, և գնաճը համատարած բնույթ է կրում։
«Հայաստանի Հանրապետության մարզերում նույնպես գոյություն ունի բնակարանների թանկացման խնդիր։ Անգամ մինչև սահմանամերձ Կապանից էլ մենք ունենք ահազանգ՝ Էջմիածին, Արարատ, Արտաշատ, Հոկտեմբերյան․․․բոլոր տեղերում համատարած բնակարանների թե՛ վարձերը և թե՛ արժեքները բարձրացել են։ Տրամաբանորեն, եթե մարզերում աշխատավարձն էլ ավելի ցածր է, և դժվար է այնտեղ աշխատանք գտնելը, բայց շուկայական վարձակալության գները բարձր են, ի՞նչ տարբերություն քաղաքացու համար։ Պրոցեսը գլոբալ նույնն է։ Ու էստեղ իշխանության հղումները անտրամաբանական են»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքացիները վերջին օրերին ոչ միայն բնակարաններից են բողոքում, այլև բենզինի ու պարենի թանկացման մասին են ահազանգում։
«Այստեղ մենք գործ ունենք ոչ թե սովորական սոցիալական խնդրի, այլ ազգային անվտանգության հույժ կարևոր հարցի հետ։ Իշխանությունների բացարձակ անգործության և օրեցօր խորացող սոցիալական դժվարությունների պատճառով Հայաստանի մարզերն ուղղակի դատարկվում են, տեղ է ունենում բնակչության սարսափելի արտահոսք։ Ցավալի է, բայց եթե համեմատականներ տանենք, տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանն իր գավառներում քաղաքացիներին բնակարաններ ու աշխատատեղեր տրամադրում, մինչդեռ մեր հայրենակիցները հենց իրենց երկրի ծայրամասերում զրկված են ապրելու տարրական պայմաններից։ Պետական աջակցության այս բացակայության հետևանքով երկիրն աստիճանաբար դատարկվում է։ Բայց թող լավ հիշեն՝ այս չլուծված տնտեսական խնդիրներն ու քաոսը շուտով այնպիսի իրավիճակ են ստեղծելու, որ հենց ինքը՝ երկրի ղեկավարն է ստիպված լինելու թողնել ամեն ինչ ու վերադառնալ իր հարազատ Ենոկավան գյուղ»,- եզրափակեց Անի Կարապետյանը։
Հասմիկ Մովսիսյան