Ներքին Տեսանյութ 47 րոպե առաջ - 20:28 29-09-2026

Հր. Քոչար փողոցում բարձրահարկ շենքից բետոնե կտորներ են թափվում. պատկան մարմինները հորդորում են բնակիչներին հարցը ինքնուրույն լուծել

Հրաչյա Քոչարի 13 հասցեում գտնվող 9-հարկանի շենքը վտանգավոր է դարձել անցորդների և շենքի բնակիչների կյանքի համար: Բանն այն է, որ շենքի 8-րդ հարկից 2 օր առաջ հսկայական բետոնե կտոր է պոկվել ու ցած ընկել. բարեբախտաբար, այդ պահին ներքևում մարդ չի եղել, հակառակ դեպքում ողբերգությունն անխուսափելի կլիներ:

Շենքի առաջին հարկի սրճարանի վարձակալը՝ Վանիկ Զալյանցը, Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ այս պահին ևս քարաթափման վտանգ կա, քանի որ 8-րդ հարկից բավականին մեծ քարեր են կախված, որոնք ցանկացած պահի կարող են ընկնել:

Ըստ Վանիկ Զալյանցի՝ խնդիրը բարդանում է շենքի յուրահատուկ կառուցվածքի պատճառով. արվեստագետների համար նախատեսված շենքը թեև 9-հարկանի է, բայց յուրաքանչյուր հարկի բարձրությունը մոտ 5 մետր է:

Միջադեպի մասին տեղեկացրել են պատկան մարմիններին, բայց ապարդյուն. ԱԻՆ-ը խորհուրդ է տվել դիմել քաղաքապետարան, քաղաքապետարանից ասել են, որ այդ հարցով պետք է զբաղվի թաղապետարանը, իսկ թաղապետարանն էլ հորդորել է բնակիչներով հավաքվել և խնդիրը լուծել:

ԱԻՆ-ի աշխատակիցները եկել են, տեղում ծանոթացել իրավիճակին, սահմանազատել տարածքը, արձանագրություն կազմել և ասել, որ այդ հարցի լուծումը իրենց գործառույթներից դուրս է:

Բնակիչները դիմել են քաղաքապետարան, որտեղից ասել են, որ խնդրի լուծմամբ պետք է զբաղվի թաղապետարանը, թաղապետարանից էլ նշել են, որ հարցը լուծելու իրավասություն ունի համայնատիրությունը, սակայն նշված շենքը չունի համայնատիրություն, ուստի հորդորել են բնակիչներով հավաքվել և խնդիրը լուծել ինքնուրույն:

Ստացվում է անհեթեթ մի իրավիճակ, երբ մարդու կյանքը կարող է բառացիորեն վտանգված լինել, սակայն մեր երկրում չկա մի պատկան մարմին, որն իր գործառույթը համարի խնդրի վերացումը:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված