Թուրքական ռազմարդյունաբերական «Aselsan» ընկերությունը և «Türk Telekom»-ը սկսել են խելացի հեռախոսների (սմարթֆոն) տեղական արտադրությունը։
Նշվում է, որ «TTT Innovation»-ի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում խելացի հեռախոսը կարտադրվի Թուրքիայի Մալաթիա նահանգում։
Նախատեսվում է, որ այն վաճառքի կհանվի 2027-ի առաջին կեսին։ «Aselsan»-ը կզբաղվի սարքավորումների ու արտադրության հարցերով, իսկ «Türk Telekom»-ը՝ ծրագրային ապահովմամբ, բովանդակությամբ, մարքեթինգով և բրենդինգով:
Այն կունենա միջին, բարձր և պրեմիում դասի հեռախոսներ և մրցունակ կլինի տեսախցիկի ու մարտկոցի առումով։ Հեռախոսը սկզբում կվաճառվի «Android» օպերացիոն համակարգով, իսկ հետագայում՝ տեղական օպերացիոն համակարգով և չիպով։
Թե ինչ անուն կունենա թուրքական արտադրության խելացի հեռախոսը, կորոշի երկրի նախագահը։ Շուտով Ռեջեփ Թայիփ Էրդողանին կներկայացվեն անվանման 5 տարբերակները, որոնցից մեկն էլ կընտրվի ու կհանրայնացվի։
Ermenihaber