Ներքին 1 ժամ առաջ - 13:00 24-09-2026

Մինչև երբ են ՔՊ-ականները վախենալու Արցախի մասին խոսույթից

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Իշխանության ներկայացուցիչների շրջանում կան վախեր Արցախի հետ կապված։ Ոմանք իրենք իրենց համոզում են, թե եթե Արցախի անունը տան, ապա ՀՀ ինքնիշխանությունը կվտանգվի, և նման սարսափելի բաներ կլինեն։

Սեպտեմբերի 23-ին ՔՊ պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքեցին արցախցիների խնդիրների վերաբերյալ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի քննարկումը, երբ դրա ընթացքում հիշատակվեցին Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների անունները։ Քննարկման մեկնարկին Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ նիստին ներկա են Արցախի խմբակցությունները՝ ներկայացնելով նաև դրանց ղեկավարների անունները։ Այս հայտարարությունից մոտ կես ժամ անց ՔՊ-ի պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքեցին նիստերի դահլիճը։ Որպես հեռանալու պատճառ նրանք նշեցին քննարկման ընթացքում հնչած ձևակերպումները՝ մասնավորապես «Արցախի խորհրդարանի ներկայացուցիչներ», «Արցախի խմբակցությունները ներկայացնող պատգամավորներ» և նման այլ արտահայտություններ։

Ռացիոնա՞լ են այս վախերը, և ե՞րբ կարող են հաղթահարվել դրանք։

Արցախից մոտ 100 հազար հոգի է բռնի տեղահանվել ու եկել Հայաստան։ Նրանց խնդիրները դեռ երկար են մնալու քննարկման առարկա։ Գուցե Արցախի ԱԺ կամ Կառավարության անդամ ներկայանալը չի նպաստում այդ խնդիրների բարձրացմանը կամ լուծմանը։ Սակայն նրանց ներկայությունից այդպես վախենալը հիմնավոր չէ։

Օրինակ՝ Արցախի ԱԺ ներկայացուցիչները չեն ասում, որ իրենք պետք է որոշեն, թե ինչպես պետք է լուծվեն արցախահայների սոցիալական խնդիրները։ Դրանց վերաբերյալ կարծիք հայտնելուց առաջ հղում չեն անում Արցախի Հանրապետության սահմանադրությանը կամ օրենքներին։ Արցախի կառավարության անդամները նույնպես որևէ քաղաքական հավակնություն չեն ներկայացնում, չեն ասում, թե իրենք պետք է որոշեն նպաստի չափը և այլն։ Այսինքն՝ նրանք ոչինչ չեն անում որպես պատգամավոր կամ նախարար։ Հետևապես նրանցից վախենալու հիմքերը սին են։

Ինչ վերաբերում է ՀՀ ինքնիշխանությանն առնչվող ենթադրյալ ռիսկերին, ապա պետք է պարզ ասել, որ ինքնիշխանության հետ կապված ռիսկեր կան, քանի որ ՔՊ-ական իշխանությունները ինքնիշխանության ամրացմանն ուղղված ռեալ քայլեր չեն անում, նախաձեռնություն չեն ցուցաբերում, կրավորական կեցվածք են ընդունում։

Այստեղ է պետք փնտրել վախերը հաղթահարելու բանալին։

Եթե ՀՀ իշխանությունը ռուսական ազդեցությունը չեզոքացնելու ուղղությամբ ռեալ քայլեր անի, խորհրդային բռնազավթումից ազատագրված երբեմնի բախտակից ազգերի օրինակով՝ ռուսական զորքերը դուրս հրավիրի, լյուստրացիայի և դեսովետիզացման մասին օրենքներ ընդունի, կրճատի ռուսերենի ժամերը, ազգայնացնի ռուսներին հանձնված ենթակառուցվածքներն, ապա ՀՀ անկախությունն իրապես կամրանա։ Այս ռեալ քայլերից հետո չբարեկամները, մասնավորապես՝ Ադրբեջանը, չեն կարող Հայաստանը ներկայացնել որպես ռուսական ֆորպոստ, ռուսական գործիք, ազդեցության գոտի, ուստի՝ հարգանքի անարժան պետություն։

Պարզ ասած՝ անկախության ամրացմանն ուղղված ռեալ քայլերից հետո, ենթադրաբար, կհաղթահարվեն նաև ՔՊ-ականների վախերը Արցախի և արցախցիների հետ կապված։ Եվ այդ վախերը հաղթահարելուց հետո նրանք կհասկանան, որ եթե անկախության ամրացմանն ուղղված այդ քայլերն անեին Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, ապա պատերազմ չէր լինի, Արցախն էլ հայկական կմնար։

Արցախցիներն իրենք ևս կարող են նպաստել, որ ՔՊ-ականների վախերը չեզոքացվեն։ Մասնավորապես՝ նրանք կարող են մերժել ամեն տեսակ ռուսամետ ուժերին։ Նրանք իրենց ներկայացուցիչների միջոցով կարող են հայտարարել, որ աջակցում են անկախության և ժողովրդավարության ջատագով կուսակցություններին ու նախաձեռնություններին, կողմ են Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելուն, ՀԱՊԿ-ից դուրս գալուն, ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը խորացնելուն և այլն։ Այսպիսի դիրքորոշումից հետո ՔՊ-ական պատգամավորներն ու կառավարության անդամները բարոյական իրավունք չեն ունենա լքելու արցախցիների խնդիրներին նվիրված քննարկումը։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել