Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների անվտանգության ղեկավարներին ընդունելու ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է միջազգային իրավունքի խախտման խնդիրներից:
Սեպտեմբերի 17-ին ԹՊԿ անդամ պետությունների անվտանգության հարցերով պատասխանատուներին ընդունելիս Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը երեք տասնամյակ առերեսվել է միջազգային իրավունքի խախտումներին: Ադրբեջանի ղեկավարը շեշտել է, որ իրենք ստիպված են եղել սեփական իրավունքները վերականգնել ռազմի դաշտում:
«Ադրբեջանը սրան բախվել է 30 տարվա ընթացքում։ Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում։ Բայց եթե միջազգային մեխանիզմները գործեին, և եթե ՄԱԿ-ի համակարգը նորմալ գործեր, և, ի դեպ, այս մասին նույնպես ես խոսել եմ ՇՀԿ-ի շրջանակներում իմ կարճ ելույթում, քանի որ թեման կապված էր ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների հետ, մենք ստիպված չէինք լինի ուժով նվաճել «մեր տարածքները»։ Այդքան զոհեր չէին լինի»,- նշել է նա: