Հայաստանի դատաիրավական համակարգը տարիներ շարունակ եղել և մնում է քաղաքական իշխանությունների ազդեցության գոտում։
Իրավապաշտպան, «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման հիմնադիր Նինա Կարապետյանցը
Oragir.News-ի տաղավարում սուր անդրադարձ է կատարել դատական համակարգի կողմնակալությանը, քաղհասարակության պասիվությանը և երկրում հաստատվող անձնիշխան համակարգին։
Անդրադառնալով ներկայիս և նախկին իշխանությունների կապին՝ իրավապաշտպանը նկատում է, որ ներկաները ոչ թե փոխեցին արատավոր համակարգը, այլ պարզապես սկսեցին օգտվել դրանից։
Կարապետյանցի խոսքով՝ իրական բարեփոխումներ ցանկացող ուժերը հայտնվել են ռեսուրսային անհավասարության մեջ, ինչը թույլ չի տալիս լայն ազդեցություն ունենալ. «Մնացած ուժերն իրենց կարողություններով չափազանց թույլ էին։ Իսկ հանուն արդարության պետք է արձանագրել, որ ռեսուրսները հսկայական նշանակություն ունեն։ Երբ դու չունես սեփական մեդիա-ռեսուրսներ, չունես մեծ կուսակցություն ստեղծելու հնարավորություն (ինչը ուղղակիորեն կապված է ֆինանսների հետ), քո ձայնը կարող է լսելի լինել առանձին հարթակներից, բայց լայն իմաստով՝ այն չի կարող մեծ ազդեցություն ունենալ պրոցեսների վրա»։
Կարապետյանցը ցավով արձանագրում է, որ քաղաքացիական հասարակությունը չի կարողանում իրական պայքար մղել ապօրինությունների դեմ՝ վերածվելով երկրորդական խաղացողի, ինչը երկիրը տանում է դեպի կործանում։
Խոսելով դատական համակարգի ներքին ճնշումների մասին՝ Նինա Կարապետյանցը հղում է անում հենց դատավորների կողմից իրենց փոխանցված մտահոգություններին։ Եթե դատավորը փորձում է արդարադատություն իրականացնել, նրան պատժում են քաշքշուկներով։
«Կալանքի որոշումներ ստանալու հստակ «դաբրո» (թույլտվություն) կա, և չի հանդուրժվում որևէ դատավոր, ով կհամարձակվի անընդհատ մերժել այդ միջնորդությունները։ Սա ասում եմ՝ հենց դատավորների հետ ունեցած մասնավոր զրույցներից ելնելով, և մեզ դա մեկ դատավոր չէ, որ հայտնել է, այլ բազմաթիվ։ Եթե հանկարծ որևէ դատավոր փորձում էր դիմադրել ու պնդել, որ կալանավորման հիմքեր չկան, նրան հետագայում այնպիսի քաշքշուկների մեջ էին գցում, որ մարդիկ պարզապես վախենում էին արդարադատություն իրականացնել»,- նշում մեր զրուցակիցը։
Որպես ամփոփում՝ Նինա Կարապետյանցն արձանագրում է միակ «փոփոխությունը»՝ նախկինում ճնշումները ծածուկ էին, հիմա դարձել են հրապարակային ու անթաքույց, ինչը բնորոշ է ավտորիտար համակարգերին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան