Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP- ԺՀԿ) կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի նախկին ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն մեղադրվում է «նախագահին վիրավորելու» մեջ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ ով ձեռք է մեկնում պետական միջոցներին, անկախ նրանից, թե ով է նա, իր պարտքն է համարում նրան պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ։ Այս հայտարարությանն ի պատասխան Քաֆթանջըօղլուն մեջբերել էր Էրդողանի գրառումը և գրել․
«Դա նաև մեր պարտքն է… Մոտ են այն օրերը, երբ պետական գույքին ձեռք մեկնողները պատասխանատվության կենթարկվեն»։
Այս հայտարարությունից հետո հետաքննություն է սկսվել ու նրան սպառնում է մինչև 4 տարի 8 ամիս ազատազրկում։ Քաֆթանջըօղլուն Ստամբուլի 53-րդ քրեական դատարանում նիստի ընթացքում ասել է, որ թե՛ իր հայտարարությունը, թե՛ Էրդողանի հայտարարությունը նույն միտքն ու իմաստն ունեն։
«Քաղաքական առումով գուցե առաջին անգամ համաձայնեցի նրա հետ, մեջբերեցի նրա խոսքը։ Այդ դեպքում իմ դեմ բողոք ներկայացրած անձը նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվի»,- նշել է նա։ Ըստ նրա՝ իր ասածը զրպարտություն չէ, այլ ճշմարտություն։
Նշենք նաև, որ դատական նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 10-ը։
Ermenihaber