Օրեր առաջ տեղի է ունեցել «Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ» նախաձեռնության» կամ որ ավելի հայտնի է «աղբի գործով» դատական նիստը։ Դատախազը հանդես եկավ ճառով, միջնորդելով «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանին, Գարիկ Միսկարյանին, Յուրի Ավագյանին, Դավիթ Սիմոնյանին, Հրաչյա Խլղաթյանին եւ Արամայիս Պետրոսյանին մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: Միաժամանակ միջնորդեց ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառել՝ 3 տարի ժամկետով փորձաշրջան սահմանելով։
Գործով փաստաբան Կարեն Մեջլումյանը
Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ դատական վճիռ դեռ չկա, դատական վիճաբանությունների փուլում է։ Հարցին, թե ինչ եք պատրաստվում անել, պատասխանեց. «Ճառ ասել։ Դատավճիռ դեռ չկա»։
Մենք փորձեցինք խոսել Նարեկ Մալյանի հետ, ով այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։
Oragir.news-ը զրուցեց նաև նարեկ Մալյանի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ՝ հարցնելով, որ եթե սպասվող դատական վճիռը ի օգուտ Մալյանի չլինի, ապա այդ դեպքում ինչ կանեն, վերջինս պատասխանեց. «Ես նրանց տղաներ չէի անվանի, նրանք հանցագործներ են, սորոսական հանցագործներ, որոնք մենակ մարդու վրա հարձակվում են վեց հոգով։ Տղաներ անվանում են Ղարաբաղում կռվածներին, ինչպես սիրում էր օգտագործել այդ բառը Վազգեն Սարգսյանը։ Ես հույս ունեմ, որ դատարանը նրանց կդատապարտի իրական ազատազրկման և իրենք պատիժը կկրեն քրեակատարողական հիմնարկում։ Եթե դատը շահենք, մենք չենք շահելու, այլ երկիրը, հասարակությունը, եթե այդ մարդիկ դատապարտվեն ազատազրկման։ Դատախազը պահանջել է մինչև չորս տարվա ազատազրկում՝ պայմանական, և ես պահանջել եմ իրական ազատազրկում, նրանք պետք է հանդես գան պաշտոնական ճառով և դատարանը պետք է գնա խորհրդակցական սենյակ և իրականացնի դատավճիռը։ Եթե դատարանը մեր օգտին որոշում չկայացնի, կբողոքարկենք Վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների Նարեկ Մալյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել դեռ 2019 թ․ մարտի 4-ին։
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների կողմից ենթարկվել է հարձակման: Միջադեպից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում դեպքին անդրադարձել էին նաեւ «Ռեստարտ»-ի անդամները՝ պատմելով, որ ի պատասխան Մալյանի՝ իրենց հասցեին հնչեցրած վիրավորանքների՝ փորձել են նրան գցել աղբամանը, ապա տարածել են նաեւ միջադեպի վերաբերյալ տեսագրությունը։ Նույն օրը դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանությունը): Օրեր անց երիտասարդներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձը): Հարուցված քրեական գործի շրջանակում Նարեկ Մալյանը ճանաչվել էր տուժող: