Ներքին 4 ժամ առաջ - 20:22 07-09-2026

Մոլիբդեն՝ քաջարանցի կանանց օրգանիզմում, վախ և քար լռություն՝ համայնքում. էկոլոգիական աղետի մասին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Չեխական կազմակերպության հետ համատեղ իրականացված հետազոտության աղմկահարույց տվյալները ցնցել են հանրությանը. Քաջարանում կանանց օրգանիզմում մոլիբդենի մակարդակը 5.2 անգամ գերազանցում է ԱՄՆ-ի միջին ցուցանիշը։ Սակայն հենց էպիկենտրոնում տիրում է քար լռություն։

Ինչո՞ւ են լռում քաջարանցիները, ովքե՞ր են պատասխանատու այս իրավիճակի համար և որո՞նք են լինելու հաջորդ քայլերը։ Այս թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է բնապահպան, ակտիվիստ Շավարշ Մարգարյանի հետ։

Բնապահպանը հստակեցնում է՝ հետազոտությունն արձանագրել է կոնկրետ փաստեր օրգանիզմում և շրջակա միջավայրում թունավոր նյութերի առկայության մասին, թեև ուղղակի իրավական կապը հանքի հետ դեռ պետք է ապացուցվի։

«Հետազոտությունը չի փաստում պատճառահետևանքային կապը։ Ասում է՝ կան մետաղներ մարդկանց օրգանիզմում․ մենք ենթադրում ենք, որ հանքարդյունաբերության հետևանքն է։ Ինքը օրգանիզմում և փոշու մեջ մետաղների առկայությունն է ցույց տալիս»,-նշում է Շավարշ Մարգարյանը։

Նա նաև հավելում է, որ սա դեռ սկիզբն է, և արված է ընդամենը մի քանի նմուշառում։ Իսկական պատկերը ջրի երես հանելու համար անհրաժեշտ է լայնածավալ գործընթաց, որն առանց հանրային պահանջի հնարավոր չէ։

Ամենացավալի իրողությունն այն է, որ ահազանգին արձագանքում են հիմնականում տարածաշրջանից դուրս գտնվող մտահոգ քաղաքացիները, մինչդեռ տեղում մարդիկ նախընտրում են լռել։

Բնապահպանի խոսքով՝ բնակիչները վաղուց գիտեն խնդրի մասին, բայց լայն դժգոհություն չկա, քանի որ մարդիկ սոցիալական պատանդի կարգավիճակում են։

«Մարդկանց կեսը շատ լավ հասկանում են՝ ինչ է տեղի ունենում, բայց դա միակ ֆինանսական միջոցն է։ Մարդիկ վախենում են խոսել, իրենք վախենում են, որ հաշվեհարդար կտեսնեն։ Մանավանդ որ պետությունն էլ մեջը փայ ունի՝ 20 տոկոս, և ասում են՝ պետության դեմ չենք կարող։ Մարդկանց կաշկանդված են բարձրաձայնել, որովհետև դա աշխատանքի աղբյուր է և կարող են կորցնել աշխատանքը։ Բացի այդ՝ հարազատների հետ հաշվեհարդար տեսնեն և աշխատանք կորցնեն, եթե բողոքի ձայն բարձրացնեն»,- բացատրում է Մարգարյանը։

Բնակչության շահերի պաշտպանության հարցում թերանում է նաև տեղական իշխանությունը։ Շավարշ Մարգարյանի պնդմամբ՝ համայնքապետարանն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գործում են փոխկապակցված, ինչը թույլ չի տալիս իրական վերահսկողություն սահմանել։

«Համայնքապետարանը ևս բավարար չափով չի պաշտպանում մեր շահերը։ Իրենք համագործակցում են, իրենց շահերը համընկնում են։ Համայնքապետարանն էլ է սնվում ԶՊՄԿ-ից, որովհետև իրենց բյուջեն կախված է իրենից։ Այդ իսկ պատճառով ԶՊՄԿ-ի ձեռքերը ազատ են»։

Չնայած տիրող վախի մթնոլորտին ու կառույցների անգործությանը՝ ակտիվիստները չեն պատրաստվում նահանջել։ Նրանց նպատակն է պայքարը վիրտուալ տիրույթից տեղափոխել իրական կյանք և ստիպել պատասխանատուներին քայլեր ձեռնարկել։ «Մենք հիմա փորձում ենք այդ դժգոհությունը ոչ թե օնլայն, այլ օֆլայն տարբերակով տարածել, բոլորին ենք ուզում ընդգրկել։ Նամակներ ենք պատրաստում տալ համայնքապետարան, ուզում եմ և՛ ԶՊՄԿ-ին, և՛ թե համայնքապետարանին նամակներ ուղղել և առաջարկություններ անել, որպեսզի սկսեն իրենց հետազոտությունն անցկացնել։ Անկախ հետազոտություն ենք պահանջում։ Առաջին պահանջը պետք է լինի այն, որ համայնքապետարանը պահանջի ԶՊՄԿ-ի անկախ հետազոտություն իրականացնել»,- իրավիճակը ներկայացրեց մեր զրուցակիցը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան