Ներքին 47 րոպե առաջ - 20:30 21-08-2026

Պատի՞ժ, թե՞ դժբախտ պատահար. ինչ է հայտնի Ճամբարակի ողբերգական դեպքից

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Օգոստոսի 19-ի երեկոյան՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ տանող ավտոճանապարհին «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողի։ Նրացից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մյուս զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։

Նախնական տեղեկություններով՝ խոսքը մի քանի վիրավորի մասին էր։

ՊՆ-ն ավելի ուշ հայտնել է, որ տուժած զինծառայողներից երեքը բժշկական միջամտության կարիք չեն ունեցել, ևս երեքի կյանքին վտանգ չի սպառնացել, և նրանք գտնվել են բժիշկների հսկողության տակ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ բեռնատարի վարորդը ձերբակալվել է։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դեպքից առաջ՝ երեկոյան, զորամասի ճաշարանում նորակոչիկների միջև միջադեպ է տեղի ունեցել։ Զինվորները միմյանց քաշքշել, հրել և հարվածել են։ Դրանից հետո շտաբի պետը որոշել է պատժել միջադեպի մասնակիցներին։ Զինվորներին, քնից առաջ դուրս են բերել զորամասից և ուղարկել վազքի։

Ամենաուշագրավն այն է, որ զինվորներին հրահանգվել է վազել հակագազերով։

Այս վարկածի համաձայն՝ հենց հակագազերով վազելն է պատճառ դարձել, որ զինվորները չնկատեն մոտեցող մեքենան։

Պաշտպանության նախարարությունը օգոստոսի 20-ին պաշտոնապես հերքեց զինվորների հակագազերով վազելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը։

Այսպիսով՝ ամենակարևոր հարցը հետևյալն է՝ զինվորներն ինչու են այդ ուշ ժամին ոչ թե զորամասում, այլ ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվել, և արդյոք ճիշտ է այն վարկածը, որ դա կապված է նրանց նկատմամբ կիրառված պատժի հետ։

Նորակոչիկներին վրաերթի ենթարկած վարորդը նույնպես պայմանագրային զինծառայող է․ նա երեք երեխա ունի, իսկ նրա կինը հղի է՝ սպասում է չորրորդ երեխային։

Oragir.News-ի տեղեկություններով՝ բեռնատարը դեպքի պահին եղել է առանց համարանիշի, իսկ վարորդը վարորդական իրավունք չի ունեցել։

Ըստ մամուլի հրապարակումների, նա այդ օրը ծառայողական նպատակով՝ դիրքեր սնունդ տեղափոխելու համար է վարել այդ մեքենան։

Հիշեցնեք՝ ողբերգության զոհը՝ 19-ամյա Սուրեն Վարդանյանը, մոտ մեկ ամիս առաջ էր զորակոչվել բանակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան