Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 19:03 11-08-2026

14 արվեստագետ, 1 քաղաք ու ժամանակի տարբեր պատմություններ․ ցուցահանդես Գյումրիում

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Արդեն մի քանի օր է Գյումրիում անցկացվում է արվեստի շաբաթը, որի շրջանակում քաղաքում տարբեր մշակութային միջոցառումներ են իրականացվում։

Gyumri Art Week 2026 միջազգային ժամանակակից արվեստի փառատոնի շրջանակում ՀԳՊԱ Գյումրիի մասնաճյուղի ցուցասրահում բացվել է «Քաղաքը և ժամանակը» խորագրով խմբային ցուցահանդեսը, որին մասնակցում են նաև ակադեմիայի ուսանողները։ Ցուցահանդեսի միջոցով քաղաքը ներկայանում է ոչ միայն որպես արվեստի միջավայր, այլև որպես արվեստի թեմա։

Մեկ ցուցասրահում ներկայացված են 14 արվեստագետների աշխատանքներ, որոնցից յուրաքանչյուրն իր դիտանկյունն ունի քաղաքի, ժամանակի և դրանց փոխհարաբերության մասին։

Ցուցահանդեսի մասնակիցներն են` Համբարձում Ղուկասյանը, Հայկ Ադամյանը, Գևորգ Սարգսյանը /ՃԱԼԱ/, Խաչատուր Վարդպարոնյանը, Արագած Սաշոն, Գուրգեն Գինոսյանը, Վահագն Ղուկասյանը, Միլենա Մկրտչյանը, Անի Խաչատրյանը, Հրաչյա Սահակյանը, Անի Հովհաննիսյանը, Մարիամ Միլիտոսյանը, Հասմիկ Հարությունյանը և Քրիստինե Սարգսյանը։

«Քաղաքը և ժամանակը» խորագիրը պատահական չէ ընտրված։ Գյումրին ինքնին ժամանակի տարբեր շերտեր կրող քաղաք է։ Նրա ճարտարապետությունը, փողոցները, հիշողությունները, մարդկանց պատմություններն ու առօրյան հաճախ դառնում են արվեստագետների ստեղծագործությունների թեման։

Այս ցուցահանդեսում այդ պատմությունները մեկ ամբողջություն չեն կազմում։ Յուրաքանչյուր արվեստագետ իր աշխատանքով ներկայացնում է քաղաքի ու ժամանակի սեփական ընկալումը՝ դիտողին թողնելով ստեղծագործությունների հետ անձնական երկխոսության հնարավորություն։

Ցուցասրահում կարելի է հանդիպել տարբեր մոտեցումների ու արտահայտչամիջոցների, սակայն դրանք միավորում է մեկ ընդհանուր հարց՝ ի՞նչ է տեղի ունենում քաղաքի հետ, երբ անցնում է ժամանակը, և ի՞նչ հետք է քաղաքը թողնում մարդու հիշողության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։ Անահիտ Չալիկյան