Ներքին 2 ամիս առաջ - 11:11 07-08-2026

Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ քաղաքական հետապնդումը. «Հայաքվե»

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վեց եպիսկոպոսների նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը։

• Խորհրդարանական վերջին ընտրությունները կեղծած և ժողովրդի իշխանությունը բռնազավթած ոչ լեգիտիմ վարչախումբը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական հարցերին միջամտելով, Կաթողիկոսին պաշտոնանկ անելու օրակարգն առաջ տանելով, ուղիղ ձևով սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահը՝ կազմաքանդելու մեր եկեղեցին և հայ ժողովրդին զրկելու իր ազգային, հոգևոր ինքնության պատվար հանդիսացող երկհազարամյա այս կարևորագույն ինստիտուտից։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին ինքնակառավարման իրավունքը հարգելը և նրա կանոնական ու վարչական գործունեությանը ցանկացած միջամտությունից զերծ մնալն ինչպես Հայաստանի Հանրապետության սահմանադրության պահանջն է, այնպես էլ պետության ստանձնած միջազգային պարտավորությունը:
Պետական իշխանության կողմից քրեական հետապնդման գործիքակազմի կիրառումը՝ Եկեղեցու վրա ճնշում գործադրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի, իրավական պետության և կրոնական ազատության հիմնարար սկզբունքների ոտնահարում է:

Մասնավորապես, բարձրաստիճան հոգևորականների հանդեպ քաղաքական հետապնդումների մեջ դատարաններին ստիպողաբար ներքաշելը իշխանության ճյուղերի տարանջատման ու հավասարակշռման հիմնարար սկզբունքի կոպտագույն խախտում է, ինչը Հայաստանը բռնապետության վերածելու հստակ ցուցիչ է և ծանր հարված մեր պետության միջազգային հեղինակությանը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պետական ինստիտուտներից պահանջում է.
● առաջնորդվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ու օրենքներով, զերծ մնալ գործող վարչախմբի քաղաքական ուղղորդումներից և անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը,
● բացառել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին ինքնակառավարման գործընթացներին պետական միջամտության ցանկացած փորձ,
● ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերով երաշխավորված կրոնի ազատության և կրոնական կազմակերպությունների ինքնավարության լիարժեք պաշտպանությունը։
Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության կառույցներին և Հայաստանի միջազգային գործընկերներին՝ հստակ գնահատական տալ տեղի ունեցող գործընթացներին, բարձրաձայնել և կանխել Հայաստանի սահմանադրական կարգի ու կրոնական ազատության դեմ ուղղված այս վտանգավոր քայլերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով