Լոռու մարզի Փամբակ, Դեբետ և Վահագն բնակավայրերի վարչական տարածքներում նախատեսվող երկրաբանական ուսումնասիրությունների վերաբերյալ հանրային քննարկումներ են նախատեսվում, սակայն բնակիչները գործընթացի մասին բավարար տեղեկացված չեն։ Խնդրի վերաբերյալ իր գրառման մեջ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Օլեգ Դուրգարյանը նշում է, որ խոսքը վերաբերում է նոր հանքային պաշարների որոնման նպատակով ընտրված տարածքին։
«Խոսքը դեռևս հանքի շահագործման ծրագրի մասին չէ։
Այս փուլում իրականացվում են երկրաբանական ուսումնասիրություններ, որոնց նպատակը տարածքում հնարավոր հանքային պաշարների առկայությունը հաստատելն կամ հերքելն է։ Սակայն նման ուսումնասիրությունները կարող են հետագայում հիմք դառնալ արդյունահանման ծրագրերի առաջացման համար»,-
Oragir.News-ի հետ զրույցում նշում է նա։
Նրա խոսքով՝ համայնքների հետ շփման առաջին փուլում սովորաբար պատրաստի հանքարդյունաբերական նախագիծ չի ներկայացվում։ Նախաձեռնող կողմը ներկայացնում է իր նպատակները և նախատեսվող գործողությունները, որից հետո կազմակերպվում են հանրային լսումներ, իսկ համայնքի ավագանին որոշում է՝ տա՞լ համաձայնություն, թե՞ ոչ։ Սակայն այս գործընթացում, ըստ Դուրգարյանի, հիմնական խնդիրներից մեկը բնակիչների պատշաճ իրազեկվածության բացակայությունն է։
«Լսումները նշանակված են, բայց բնակչությունը լայնորեն տեղեկացված չէ։ Իրազեկման մեխանիզմները չեն աշխատում այնպես, ինչպես պետք է։ Հիմա կարևոր է, որ մարդիկ իմանան նախատեսվող քննարկումների մասին և կարողանան մասնակցել, արտահայտել իրենց դիրքորոշումը»,- ասում է նա։ Տարածքը, որտեղ նախատեսվում են ուսումնասիրությունները, առանձնանում է բնական ռեսուրսներով։ Այն անտառային գոտի է, իսկ տարածաշրջանը վերջին տարիներին զարգանում է նաև որպես զբոսաշրջային ուղղություն։
«Տարածքում կան ջրային ռեսուրսներ։ Այդ ձորով հոսում է Փամբակ գետը, որը հետագայում միանում է Դեբետ գետին։ Հետևաբար ցանկացած հնարավոր հետագա գործունեություն պետք է դիտարկվի շատ զգուշությամբ՝ հաշվի առնելով ջրային համակարգերը, անտառային տարածքները և համայնքների զարգացման ուղղությունները»,- ընդգծում է բնապահպանը։
Նրա խոսքով՝ այսօր խոսքը դեռևս ուսումնասիրությունների մասին է, սակայն անհրաժեշտ է արդեն այս փուլում հասկանալ հնարավոր հետևանքները։ «Եթե որևէ տարածքում հետագայում հաստատվեն հանքային պաշարներ, հաջորդ փուլում կարող են հայտնվել ընկերություններ, որոնք ցանկություն կունենան իրականացնել արդյունահանում։ Այդ պատճառով կարևոր է, որ համայնքը հենց սկզբից տեղեկացված լինի և մասնակցի որոշումների կայացման գործընթացին»,- նշում է Դուլգարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան