Ուկրաինական Fire Point ընկերության գլխավոր նախագծող Դենիս Շտիլերմանը հայտարարել է, որ նոր բալիստիկ հրթիռի փորձարկումները մոտենում են ավարտին, և հաջող ավարտի դեպքում այն կարող է կիրառվել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների դեմ արդեն այս աշնանը։
Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ հավելելով, որ Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում Շտիլերմանի խոսքով՝ ներկայումս ընթանում են հրթիռի փորձարկումների վերջին փուլերը։ Նրա խոսքով՝ փորձարկումներն ավարտելուց հետո հրթիռները կարող են կիրառվել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների դեմ, իսկ դրանց ընտրությունը կլինի ուկրաինական զինվորականների որոշմամբ։
Գորդոնի այն հարցին, թե երբ կարող են հարվածներ հասցվել Մոսկվային, Շտիլերմանը պատասխանել է. «Աշնանը»։ Միաժամանակ նա նշել է, որ ավելի հստակ ժամկետներ նշել հնարավոր չէ, քանի որ դրանք կախված են շարժիչի փորձարկումների արդյունքներից։
Շտիլերմանի հայտարարությունները վերաբերում են ապագա ծրագրերին և կանխատեսումներին։ Դրանք չեն հաստատում, որ նման հարվածներ անպայման տեղի կունենան։
Թամարա Քալանթարյան